«ՄԻԱՅՆ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՄ 5 ՄԵՏՐ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՔԱՅԼԵԼ, ԻՆՁ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՊԵՏՔ ՉԻ»

30/12/2011

http://old.hetq.am/am/karabakh/narek-2/
Քնար ԲԱԲԱՅԱՆ
www.hetq.am

Նարեկին հանդիպեցինք Հադրութի շրջանից 45 կմ դեպի հյուսիս գտնվող Ծամծոր գյուղում: Նա արդեն պատրաստվում էր դաշտ գնալ. որդին տրակտորի հետ կապված ինչ-որ խնդիրներ ուներ: Այս ամենում արտառոց  ոչինչ չէր լինի, եթե Նարեկը հաշմանդամի սայլակին չլիներ:

57-ամյա Նարեկ Ավագյանը ծնվել ու մեծացել է Ծամծորում, այստեղ դպրոց է հաճախել, ապա զորակոչվել խորհրդային բանակ: Բանակից հետո նա մեկնել է Մարտակետ, որտեղ էլ սովորել է մեխանիզատորի արհեստը: «Ամբողջ կյանքս ապրել եմ այստեղ ու մնացածների նման կամավոր մասնակցել եմ արցախյան պատերազմին, տանկիստ եմ եղել»,- ասում է Նարեկը:

Պատերազմի տարիներին ստացած այրվածքների ու ցնցակաթվածների հաշիվը Նարեկը վաղուց է կորցրել, նրան ավելի շատ հուզում է ոտքերի բացակայությունը:

«Առաջին անգամ միայն այրվածքներ եմ ստացել, հետո էլ Հադրութի ադրբեջանական դպրոցի մոտակայքում ական է պայթել, ու բեկորներից մեկը աջ ոտքս է վնասել: Սկզբից ուշադրություն չեմ դարձրել, ինձ թվում էր` դատարկ բան է, կանցնի: Վերջում երկու ոտքս էլ կորցրի: 5 անգամ կտրել են ոտքերս»,- հիշում է Նարեկը:

8 տարի է, ինչ Նարեկը  փորձում է հարմարվել իր ներկա վիճակին, խոստովանում է, որ սկզբում շատ դժվար էր. «Եթե չկարողանս ոչ նստես, բռնես, վեր կենաս, ընդհանրապես չկարողանաս շարժվել, ինչպե՞ս կլինի վիճակդ»:

Նա այսօր տեղաշարժվում է միայն սայլակի օգնությամբ, իսկ ավելի հեռու տեղեր գնում է հին նարնջագույն «Մոսկվիչով», որը ձևափոխել ու հարմարեցրել է իրեն: Չնայած իր վիճակին` նա երբեք տանը պարապ չի նստել: Մեծ դժվարությամբ շարունակում է աշխատել, մեքենաներ նորոգել:

«Տանը նստելով ի՞նչ առաջ կգցեմ, չեմ կարող, սիրտս կկանգնի: Մինչև մեռնելս էլ պիտի աշխատեմ, ես դեռ երեխաներիս պիտի օգնեմ: Թե չէ մի աշխատավարձով ո՞վ կարա տուն պահի»,- ասում է Նարեկը:

Նարեկն ապրում է արդեն զառամյալ ծնողների և բանակից նոր զորացրված կրտսեր որդու հետ: Աղջիկն ու մյուս որդին ամուսնացած են, առանձին են ապրում: Կինը պատերազմի տարիներին հոգեկան ցնցում է ստացել: Նարեկի ասելով` 12 տարի խնամելուց հետո իրենց այդպես էլ չի հաջողվել փրկել կնոջը: Այն ամենից հետո, ինչ պատահել է, Նարեկը չի բողոքում. «Միևնույն է` ոչ ոք չի օգնի: Մնում է հույսդ քեզ վրա դնես ու աշխատես, որ ուտես»:

Ավագյանների տան բյուջեն մոտ 90 հազար դրամ ($ 233) է` Նարեկի ծնողների ու նրա թոշակը: «Քանի որ ինձ ռազմական հոսպիտալում չեն վիրահատել, ես ռազմական թոշակ չեմ ստանում: Դիմել եմ մի քանի անգամ համապատասխան կառույցներին, որոշ փաստաթղթեր պահանջեցին, բայց արդյունքում ոչինչ չի փոխվել: Բան ուզեցին, էն ժամանակ էլ իմ ձեռը ոչինչ չկար»,- ասում է նա:

Նարեկը վստահեցնում է, որ առաջին հայացքից իրենց եկամուտն այնքան էլ քիչ չէ, բայց գյուղում խանութ չկա, և նրանք ստիպված են ամիսը մի քանի անգամ իրենց մեքենայով գնալ շրջկենտրոն` Հադրութ` տան համար առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու: Եղանակի յուրաքանչյուր փոփոխություն Նարեկի վրա ազդում է, ոտքերի կտրված հատվածներում նա ուժեղ կծկումներ է ունենում, որոնք կարող են տևել մեկ ժամ կամ մի քանի օր, երբեմն` մեկ շաբաթ:

«Իմ օրգանիզմում հիմա հազիվ 3 լիտր արյուն լինի, որի պատճառով շատ տաքն ու ցուրտն ինձ համար անտանելի են: Տվյալ իրավիճակում ոչ մի դեղ չի օգնում, ես միայն ձեռքերով պինդ սեղմում եմ ոտքերս կամ էլ պինդ փաթաթում բինտով»,- ասում է նա:

Ցավերն այնքան ուժեղ են, որ Նարեկը չի կարողանում քնել: Նա պատմում է, որ այդ ամենը պատերազմի մասին հիշողություններ է արթնացնում, որից փրկություն չկա:

«Ցավից իսկույն գլուխս է բռնվում, հիշում եմ մեր անցած ճանապարհը, թե ինչերից ենք տղաներով փրկվել, քանի անգամ եմ տանկի մեջ վառվել, իսկ հիմա ինչ վիճակում ենք: Մտքերս ցրելու համար դուրս եմ գալիս պատշգամբ` ծխելու, լույսը բացվում է, իսկ ես դեռ իմ մտքերի հետ կռիվ եմ տալիս»,- ասում է նա:

Արդեն քանի տարի է` Նարեկը բժշկի չի դիմում, ասում է, որ դա ընդամենը ժամանակի կորուստ է, նյարդերի ավելորդ քայքայում, միևնույն է` ոտքերը հետ չի բերի:

Նա լսել է, որ իրեն կարող են օգնել միայն արտերկրում, որտեղ ժամանակակից պրոթեզներ են օգտագործում: Բայց դրա մասին չի էլ մտածում, քանի որ սեփական միջոցներով չի կարող արտերկիր մեկնել:

«Առավոտից սպասում էի, որ բարեկամի հարսը գա ու ինձ օգնի մեքենայի մոտ հասնել: Ես սովորել եմ ինքնուրույն աստիճաններով իջնել ու բարձրանալ, բայց սայլակով խորդուբորդ բակում տեղաշարժվելն անհնար է»,- ասում է նա:

Նարեկը վերջին անգամ ստուգում է` արդյոք մեքենան սարքի՞ն է, որպեսզի հանկարծ կես ճանապարհին չմնա. չէ՞ որ մենակ է գնալու որդուն օգնության:

Տես նաեւ տեսանյութը