4 ԱՄԻՍ ԵՐԿԱԹ Է ՀԱՎԱՔՈՒՄ, ՈՐ ԵՂԲՈՐ ՀԱՄԱՐ ՀԱԳՈՒՍՏ ԳՆԻ

30/12/2011

http://hetq.am/arm/articles/4585/
Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
www.hetq.am

Բենիամինն իրենց տան բակի մի անկյունում արդեն 4 ամիս է՝ երկաթի ջարդոն է կուտակում: Ամառվա արձակուրդներին 9-ամյա տղայի հիմնական զբաղմունքը գյուղի ավերված տների քարերի տակից գունավոր մետաղ գտնելն է եղել:

Նա ամեն առավոտ քլունգը ձեռքին շտապել է մետաղ գտնելու: Բենիամինն այդպես էլ չհիշեց իր ամառվա արձակուրդից գեթ մեկ տպավորիչ օր, որ կարողանա գոնե ընկերներին պատմել, սակայն ոգևորված պատմում էր, թե որտեղից է շատ երկաթ գտել և ինչպես է գտած «ավարը» ուսին՝ տուն եկել: Նա ծանր բետոնե քարերը կոտրելով էլ «վայելել» է իր արձակուրդը: Հիմա էլ նույն գործն է անում, բայց՝ դասերից հետո:

Երկաթ հավաքելը Բենիամինի հոբբին չէ: Նա ծանր մետաղի ջարդոնը հանձնում և որոշակի գումար է ստանում: Ասում է՝ 1 տոննա երկաթի համար մոտ 10 հազար դրամ ($ 26) գումար են տալիս: Բենիամինն այս անգամ որոշել է երկաթի ջարդոնից ստացված ամբողջ գումարով անբուժելի հիվանդ եղբոր՝ 7-ամյա Դավիթի համար հագուստ գնել: Թեև Բենիամինն ինքը հագուստի կարիք ունի, բայց ասում է, որ եղբորը տաք հագուստ է պետք: Նա համոզված է, որ մինչև հոկտեմբեր մեկ տոննա երկաթ կհավաքի, իսկ եթե մեկ տոննայից ավել լինի, ապա հավելյալ գումարով ձմռան վառելիք կգնի:

Նրանց 2 տարեկան քույրը՝ Մարիամը, նույնպես «մասնագիտացել» է գունավոր մետաղների ոլորտում: Աղջնակը հերթով ցույց էր տալիս, թե որն է երկաթը, որը՝ թուջը:

Բալասանյանների 7 հոգանոց ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում: 72-ամյա Բենիամին պապն իր տղայի, հարսի և 4 անչափահաս թոռների հետ ապրում է վթարային տան մեջ: Շինությունը դրսից ամուր է երևում, սակայն ներսից ճաքերի արանքից սողունները հանգիստ կարող են ներս ու դուրս անել:

Բալասանյաններն Ադրբեջանից գաղթել են 1990-ականների սկզբին: Նրանք գաղթից առաջ իրենց տունը փոխանակել են Հայաստանում ապրող մի ադրբեջանցու տան հետ: 2 տարի ապրել են արդեն իրենց սեփական տանը, սակայն 1994 թ. Արցախի ազատագրական պայքարի ժամանակ զոհվել է Բենիամին պապի 20-ամյա որդին՝ Էդվարդը: Հենց այդ ժամանակ նրանք վաճառել են իրենց տունը և այժմ ապրում են Կութի գյուղապետի հատկացրած տանը: Բենիամին պապն արդեն սեփական տան մասին չի մտածում, քանի որ չգիտի՝ երբևէ կունենա՞ն, թե՞ չէ: Իսկ տունը, որտեղ ապրում են, դժվար թե որպես սեփականություն տան իրենց: Ամեն դեպքում, դեռ նման խոսակցություն չկա: Պապն ասում է, որ սիրում է իր գյուղի հողն ու ջուրը և այլ տեղ չի կարող ապրել:

«Իմ տղան այս հողի համար է արյուն թափել ու զոհվել, ես ու՞ր թողնեմ իմ տղայի հողը: Ստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ոչինչ, թող սոված քնեմ, թող թոռներս առողջ լինեն, ես ջհանդամը»,- ասում է Բենիամին պապը:

«Գյուղի կյանքը շատ դժվար է, աշխատանք չկա, որ մի տեղ գնամ աշխատեմ, 4 անչափահաս երեխաներիս պահեմ: Մի կերպ ծայրը ծայրին հասցնում ենք, որ կարողանանք ապրենք: Եթե պապայի թոշակը չլիներ, չգիտեմ, թե մենք ոնց կապրեինք: Այս թանկացումներն էլ ավելի վատ վիճակի մեջ են գցում»,- ասում է 4 երեխաների հայրը՝ Ալիկը:

Նա նույնպես մասնակցել է ազատագրական պայքարին: Ասում է, որ մարտի դաշտում կաթված է ստացել և ունի հաշմանդամության 3-րդ կարգ: Ալիկն զբաղվում է հողագործությամբ: Տնամերձ  մի փոքր հողամասում կարտոֆիլ են աճեցնում, որ շուկայից չգնեն: Ունեն 2-3 գլուխ անասուն և ուրիշ ոչինչ:

Բենիամին պապը պատմեց, որ որպես զոհված ազատամարտիկի ծնող ամեն ամիս Վարդենիսի զինկոմիսարիատից 30.800 դրամ ($ 80) գումար է ստանում, 25 հազար դրամ ($ 65) էլ տարիքային թոշակն է: Դրան գումարվում է 40 հազար դրամ ($ 104) նպաստը, որով էլ ապրում է 7 հոգանոց ընտանիքը:

«Նպաստն ու թոշակը ամեն ամիս չի, որ նույն օրն են տալիս, եթե մի 2 օր ուշացնում են, արդեն սոված ենք մնում: Մի քիչ կարտոշկա ենք ցանել, որ ձմեռը գոնե երեխեքը կարտոշկա ունենան ուտելու: Այս տարի կարտոշկի բերքն էլ լավ չի: Չենք կարողացել պարարտանյութ տանք, որ լավ բերք ստանանք: Մեզ որտեղի՞ց 8 հազար ($ 21) դրամ, որ մի մեշոկ պարարտանյութ առնեինք»,- ասում է երեխաների մայրը՝ Ասյա Աղաջանյանը:

Նրա խոսքերով՝ տարեցտարի իրենց վիճակը վատանում է: Երեխաների մեծանալուն զուգահեռ ավելանում են ծախսերը, սակայն եկամուտը նույն  նպաստն ու թոշակն է: «Տարի ա լինում՝ մի քիչ առաջ ենք գնում, ուրախանում ենք, ասում ենք՝ առաջ գնացինք, բայց ի՞նչ առաջ գնալ, որ աշխատանք չըլնի, ո՞նց առաջ պիտի գնանք»,- ավելացնում է Ասյան:

Երեխաներից 2-ը դպրոցահասակ են: Բենիամինը սովորում է 4-րդ դասարանում, իսկ Դավիթը՝ 2-րդ: Այս տարի նոր հագուստ կարողացել են գնել միայն դպրոցահասակների համար: Հագուստ ասվածն էլ՝ յուրաքանչյուրին մեկական տաբատ ու կոշիկ, իսկ դպրոցական վերնաշապիկը նախորդ տարվանն է: Երբ ծնողներն սկսեցին հագուստից խոսել, Դավիթն անմիջապես ընդհատեց նրանց՝ ասելով, թե «լիքը բաներ է տեսել, բայց չեն առել», օրինակ՝ իր հավանած վերնաշապիկը: Նրանց 2 տարեկան քույրը՝ Մարիամը, ծնված օրից հագնում է եղբայրների հագուստները: Այնքան է տղայի հագուստ հագել, որ արտաքնապես էլ տղայի է նման:

«Ստացած նպաստով ու թոշակով չգիտենք՝ տու՞նը պահենք, թե՞ երեխեքին հագցնենք: Որ աշխատատեղ լիներ, էլի որոշ չափով կկարողանայի կարիքները թեթևացնել: Անգյալ չեմ, կաշխատեմ, մենակ թե աշխատատեղ լինի»,-ասում է Ալիկը:

Երեխաներն իրենց գյուղից բացի այլ տեղ չեն գնացել: Իսկ Երևանում եղել է միայն Դավիթը, այն էլ՝ ոչ լավ բանի համար: Նա պարբերական (երևանյան) հիվանդություն ունի:  Տղան 6 ամիսը մեկ անգամ պապիկի հետ գալիս է Երևան, անցնում հերթական բուժզննումը, անվճար դեղորայք ստանում ու վերադառնում գյուղ: Դավիթը որովայնի և կրծքավանդակի հատվածում ուժեղ ցավեր է ունենում, որոնք կարող են տևել 1-3 օր:

Նա ամեն օր դեղեր է ընդունում: Եղբայրները նախանձով էին նայում Դավիթին, երբ նա խոսում էր Երևանի գեղեցկության և այգիների մասին: Բենիամին պապը թոռներից գաղտնի ասաց, որ Դավիթին շատ է սիրում և թոռանը բուժզննման տանելիս իր թոշակից տնտեսած գումարով մեկ-մեկ կարուսել է նստեցնում, բայց ամեն անգամ նրան հիշեցնում է, որ հանկարծ եղբայրներին այդ մասին չասի: Ու Դավիթն այդ մասին առայսօր չի պատմել եղբայրներին: Իր ու պապիկի գաղտնիքն է դա:

 

Տես նաեւ տեսանյութը