Մեր թերթի նախորդ համարի «Ազատամարտիկը՝ բոմժի կարգավիճակում» հրապարակմանն է արձագանքել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունը: Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանի հավաստմամբ` նախարարությունը, շուրջ երեք տարի է, զբաղվում է ազատամարտիկ Ալբերտ Ավետիսյանի եւ առողջապահական, եւ բնակտարածքի հետ կապված խնդիրներով: Մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ խնդրելով ազատամարտիկին գոնե տեղավորել որեւէ հանրակացարանում, սակայն միշտ մերժվել են` այն պատճառաբանությամբ, որ հանրակացարանները կամ գերատեսչական են, կամ սեփականաշնորհված՝ ազատ տեղ չկա: «Մենք Ալբերտ Ավետիսյանին բազմիցս առաջարկել ենք՝ տեղավորել ծերանոցում, սակայն միշտ հրաժարվել է»,- այլընտրանք չունենալով` Սոցապնախարարությունը միջնորդել է, եւ նրան ժամանակավոր կացարան են հատկացրել Քանաքեռի Պրոթեզավորման կենտրոնում, որտեղից Ալբերտին վտարելը պայմանավորված է ոչ թե շենքի սեփականաշնորհման հետ կապված խնդիրներով, այլ՝ ժամանակավոր բնակիչն անհանգստություն է պատճառել կենտրոնի աշխատակիցներին: Բողոքները մասնավորապես վերաբերել են բնակչի «անբարո վարքին»՝ «կանայք է տարել-բերել»: Իհարկե, Պրոթեզարանի աշխատակիցների բողոքը չի կարելի անհիմն համարել, ինչպես չի կարելի անտեսել եւ այն, որ 50-ամյա տղամարդը սեռական կյանքով ապրելու իրավունք ունի: «Ուրիշ տարբերակ չկա՝ Ալբերտը պետք է համաձայնի ծերանոց գնալ,- ասում է Ա. Գեւորգյանը՝ շեշտելով, որ իրենք նույնիսկ բացառության կարգով են դա առաջարկում,- տարեցների տուն-ինտերնատում 65-ն անց միայնակներին մենք իրավունք ունենք միայն տեղավորել, Ալբերտին մենք կարող ենք տեղավորել միայն Գյումրիի հաշմանդամների տուն-ինտերնատում (այս հաստատությունը նախատեսված է 18 տարին լրացած անապահով միայնակ հաշմանդամների համար, Ալբերտը երկրորդ կարգի հաշմանդամ է.- Ն.Ա.): Սակայն, նկատի ունենալով այն փաստը, որ նրա դուստրն այժմ Երեւանի «Զատիկ» մանկատանն է, եւ չուզենալով շատ հեռացնել նրանց իրարից, պատրաստ ենք նրան տեղավորել Երեւանի ծերանոցներից մեկում»: Նախարարության կողմից նման բացառությունը նույնիսկ հուզիչ կարելի է համարել: Բնականաբար, խնդիրը միայն մեկ նախարարության լուծելիքը չէ, եւ դեպքն էլ եզակի ու բացառիկ չէ: Ինչպես նախարարության աշխատակիցն է ասում՝ «Հաշվեք` քանի անտուններ կան այսօր Երեւանում»: Հնարավոր է հաշվել նաեւ՝ քանի՞ ազատամարտիկներ են իսկապես «բոմժի» կարգավիճակում: Հնարավո՞ր է հաշվել` քանիսն են սոցիալական տարբեր դրդապատճառներից առողջական ու հոգեկան խեղումների ենթակա, քանիսն են նույն պատճառներով ինքնասպանության դիմում: «Դեռ 2 տարի առաջ, երբ Ալբերտը տարբեր խնդիրներով դիմում էր մեր նախարարությանը, ավելի նորմալ եւ հավասարակշռված հոգեվիճակում էր,- հիշում են նախարարության աշխատակիցները,- հիմա նրա վիճակը գնալով վատթարանում է»:
«Մասնավոր մի դեպքը չի կարելի տարածել ընդհանուրի վրա»,- երեւի չեմ հանդիպել մի պետական պաշտոնյայի, որից լսած չլինեմ այս արտահայտությունը: Կարծես բոլոր խնդիրները դրանով լուծվում են: Մնում է նման «մասնավոր դեպքերի համար» նաեւ հատուկ որոշում «իջեցնել»՝ ինչո՞ւ չէ, այսպիսի ենթատեքստով՝ «18 տարին լրացած բոլոր անապահովներին, հաշմանդամներին եւ միայնակներին տեղավորել տուն-ինտերնատներում, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ամորձատել, որպեսզի եւ ավելորդ պահանջներ չներկայացնեն, եւ անհանգստություն չպատճառեն ընդհանուրիս»: Հիմա եկեք հաշվենք՝ քանի «մասնավոր դեպք» կարող է ընկնել նման «որոշման տակ»…