http://armregions.am/am/2011/12/13/news-1323766259
Քնար ԲԱԲԱՅԱՆ
www.armregions.am
«Երեք տարի ստիպված եմ եղել հարևան գյուղի դպրոցը հաճախել: Ամեն օր մենակ 7 կմ ճանապարհ էի գնում ու գալիս: Այդ ժամանակ էլ որոշեցի սպորտով զբաղվել: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը խորհուրդ տվեց վազել: Փորձեցի, ու ստացվեց: Այդ օրվանից միշտ վազելով էի դպրոց գնում ու գալիս: Արդյունքում 13 պատվոգիր ու մեկ ոսկե մեդալ ունեմ»,-պատմում է 19-ամյա ուսանողուհի Մարիամը:
Աղջիկը հիշում է, որ այդ ժամանակ էլ առաջին անգամ մասնակցեց հայոց լեզվի օլիմպիադային ու զրո միավոր հավաքեց:
«Ամաչում էի անգամ ուսուցիչների դեմքին նայել ու ամեն օր դպրոց գնալիս լացում էի: Մի անգամ էլ ինքս ինձ մտածեցի, որ լացելով չեմ հաղթի, և որ հաղթելու համար պետք է պայքարել` համառ ու մինչև վերջ»,-ասում է նա:
Ստեփանակերտի Համո Սահյան փողոցի առանձնատների ներքնահարկերը շրջաններից եկած ուսանողների մեծ մասը նախընտրում է հարմարավետ վարձու բնակարաններից:
Հիմնական պատճառը համեմատաբար էժան գներն են` Հադրութի շրջանի Հակակու գյուղից երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Աղաջանյանի համար ամենակարևոր հանգամանքը:
Երկու մահճակալ, սեղան, երկու աթոռ, փոքրիկ գրապահարան ու փայտի վառարան: Ուսանողական այդ համեստ կացարանի միակ պատուհանը չափազանց փոքր է ու ցածր, որ հնարավոր լինի` արևի շողերը ներս թափանցեն:
Մարիամն այդ սենյակում ապրում է ընկերուհու հետ: Պայմաններից չի բողոքում, նա ընդհանրապես չի սիրում բողոքել:
«Ընտանիքս հազիվ ծայրը ծայրին է հասցնում: Տանը ոչ ոք չի աշխատում, ստիպված յոլա ենք գնում ընդամենն ընդհանուր 80 հազար դրամ ($ 207) թոշակով: Ճիշտ է, անասուն ունենք, բանջարանոց ու խաղողի այգի ենք մշակում, որը մեզ հազիվ բավարարում է: Երբեմն էլ ավելցուկը վաճառում ենք»,-ասում է նա:
Մարիամը երբեք տնեցիներին ավելորդ անգամ չի անհանգստացնում գումար կամ ուտելիք խնդրելով: Աղջիկն ասում է, որ եթե հնարավորություն լինի, առանց իր ասելու էլ կուղարկեն:
«Մեկուկես տարվա ուսանողական կյանքի ընթացքում երկու անգամ եմ զանգել ու փող խնդրել: Մի անգամ ընդամենը 10 դրամ ($ 0,02) ունեի, ուտելու էլ ոչինչ չկար: Ջղայնացա ու զանգեցի տուն, որ մի բան ուղարկեն»,-ասում է նա:
Մարիամը բացատրում է, որ երբ մենակ էր ապրում, մի կերպ յոլա էր գնում և դիմանում էր, եթե անգամ ուտելու բան չկար, իսկ հիմա ընկերուհու հետ է ապրում, և անհարմար է ասել, որ գումար չկա մոտդ, ու չգիտես էլ` երբ կուղարկեն:
«Եղել է` 3000 դրամով ($ 8) մեկ ամիս ապրել եմ ու աշխատել եմ ավելորդ ծախսեր չանել, միայն թե հացի փող լինի, իսկ գյուղից էլ եղած-չեղածից ուղարկում էին»,-ասում է ուսանողուհին ու խոստովանում, որ ներկա դրությամբ ընդամենը 170 դրամ ($ 0,4) ունի, մայրը եկավ ու 2000 դրամ ($ 5) տվեց:
«Մինչ այդ պապս էր եկել ու ինձ 20 հազար դրամ ($ 52) թողել, որից պետք է 15 հազար դրամ ($ 39) տան վարձ, լույսի փող և պատվիրված փայտի վառարանի դիմաց վճարեի: Այդ ժամանակ էլ եղանակները կտրուկ ցրտեցին, ու ստիպված վերարկու գնեցի: Պապս շատ էր զայրացել»,- ասում է Մարիամը մեղմ ժպտալով ու ավելացնում, որ հաջողեցրել է այդ գումարով և ուսանողական թոշակով բոլոր ծախսերը մի կերպ հոգալ:
Գումարը հիմնականում ծախսվում է դասախոսություններ պատճենելու վրա: Մարիամը վստահեցնում է, որ դասախոսների մեծ մասը նորմալ դասախոսություն չեն տալիս` նախընտրելով դրանք ուսանողներին տալ պատճենահանելու:
Հարցրի` երբեք չի՞ մտածել թողնել ամեն ինչ ու գյուղ վերադառնալ: Առանց երկմտելու Մարիամն ասաց, որ մտքով անգամ չի անցել:
Եթե տնեցիք էլ ընդհանրապես չկարողանան օգնել, նա պատրաստ է աշխատել:
«Հիմա էլ եմ ուզում աշխատել, ուղղակի դասերը շատ են, և գերազանցիկ լինելն ինձ համար աշխատանքի նման մի բան է: Այդպես ես տարեկան 250 հազար դրամ ($ 648) եմ խնայում: Հավատացեք, դա իմ ընտանիքի համար ահռելի գումար է»,-ասում է նա:
Մարիամը խոստովանում է, որ դժվարությունները հաղթահարել ու առաջ գնալ իրեն օգնում է չկամեցող ընկերների ու ծանոթների հեգնանքը:
Շատերն են դեմքին շպրտել, թե ընտանիքում ոչ մեկը բարձրագույն կրթություն չի ստացել, ինչու՞ պիտի նա սովորի:
«Ես դեռ շատ փոքր էի, որ պապս երդվեց ինձ անպայման բարձրագույն կրթություն տալ: Դպրոցում պապիցս երկու անգամ ծեծ ստանալուց հետո եմ միայն հասկացել, որ պետք է սովորել: Այնուհետև իմ սեփական ուժերով, առանց կրկնուսույցի հետ պարապելու, ընդունվել եմ Արցախի պետական համալսարանի պատմաքաղաքագիտական ֆակուլտետի պատմության բաժինը: Հիմա էլ գերազանց սովորելով` ուզում եմ ապացուցել, որ մարդկանց չի կարելի դասակարգել , առավել ևս` հեգնել»,- այլևս անկարող լինելով զսպել արցունքները` հազիվ արտաբերում է Մարիամը:
Ֆինանսական սուղ պայմանների պատճառով Մարիամը երկու ամիսը մեկ է կարողանում հայրենի գյուղ գնալ: «Մեկ անգամ գյուղ գնալ-գալու համար ստիպված եմ 2400 դրամ ($ 6) վճարել: Ու քանի որ մինչև գյուղը տրանսպորտ չի հասնում, ամեն անգամ Հադրութի ավտոբուսով հասնում եմ գյուղի խաչմերուկ, որից հետո 7 կմ ոտքով գնում եմ, մինչև գյուղ հասնեմ»,-ասում է նա:
Հակակու գյուղում միակ առկա սովորող ուսանողուհին Մարիամն է:
Խոսելով ապագայի ու երազանքների մասին` նա ասում է, որ առաջնայինն ուսումն է, ինչի միջոցով հույս ունի ապագայում լավ աշխատանք գտնել: Պետք է այնքան վաստակել, որ ընտանիքին կարողանա ապահովել:
«Ներկա դրությամբ ողջ ընտանիքի հոգսը պապիս ուսերին է, և եթե, աստված մի արասցե, մի բան պատահի, այդ հոգսերն իմ ուսերին կմնան: Վախենում եմ անգամ մտածել այդ մասին»,- տարակուսում է Մարիամը` հավելելով, որ իր հույսն ու հենարանն ինքն է: Երբեմն հուսահատվում է, բայց երբեք իրեն թույլ չի տալիս թուլանալ: Նպատակներ կան, որոնց պետք է անպայման հասնել:
Հարցրի` ինչպես է պատրաստվում Նոր տարին տոնել, նա թեթև ժպտաց ու ասաց` ոչ մի հատուկ բան: «Չեմ հիշում, որ մենք հատուկ ինչ-որ տոն նշենք, նույնիսկ մեր ծննդյան տոները: Իմ միակ ու հիշվող տարեդարձն այս տարի էր: Մայիսի 9-ին` իմ ծննդյան օրը, Հաղթանակի օրվան նվիրված տոնական համերգից հետո թրջված հավաքվեցինք ընկերներով ու մի լավ ուրախացանք»,-կարծես մտովի տեղափոխվելով այդ օրը` անթաքույց ուրախությամբ հիշեց Մարիամը:
Խնդրեցի մի վառ հուշ կամ լավ պատմություն հիշել: Մի քանի վարկյան մտածելուց հետո սկսեց պատմել անցած տարի Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության երեխաների հետ իր հանդիպման մասին:
-Այս երեխաների հայացքն ու պատմությունները գլխիցս դուրս չեն գալիս,- ասաց:
-Ինչու՞: Քեզ ծանո՞թ են նրանց զգացմունքերը:
Երկար լռությունից հետո`
-Բանն այն է, որ ես երեք տարի ապրել եմ հորս ու նրա ծնողների հետ: Մայրս ու քույրս առանձին էին ապրում: Ես հասկանում եմ մանկատան երեխաներին և շատ լավ գիտեմ, թե ինչպես է լինում, երբ կարոտում ես մորդ, բայց տեսնել չես կարող: Պատահել է այնպես, որ ես տնից թաքուն ուտելիք էի գողանում և քույրիկիս տանում: Ամեն մի գողության համար ես խիստ պատժվում էի: Հիմա, փառք Աստծու, այդ օրերն անցյալում են, ու մենք բոլորս միասին ենք ապրում:
Մարիամն այժմ սպասում է թոշակին, որ Նոր տարուն քաղցրավենիք գնի ու գնա գիշերօթիկի երեխաներին տեսակցության: