Մեր տեղեկություններով` արդեն մեկ շաբաթ է` աշխատանքի չի գնում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Այս ընկերության բաժնետերերն են Գագիկ Պապոյանը եւ Սիմոն Աղազարյանը: Նրանք 2004-2011թթ. ընթացքում խոշոր չափերի գումարներ են հափշտակել քաղաքացիներից` իրենց կողմից կառուցվող էլիտար շենքերում նույն բնակարանները երկու եւ ավելի անգամ տարբեր անձանց վաճառելով: Արամի 72/80 հասցեում կառուցված 172 բնակարաններով շենքի դեպքում, օրինակ, վաճառքի պայմանագիր է կնքվել 700 բնակչի հետ: Բնակիչների մի մասը վճարել է 20-50 եւ ավելի միլիոն դրամ: Ըստ բնակիչների` այս գործի գլխին կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք` քաղաքացիների մի մասը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմ: Նախագահին հասցեագրված նամակներին, սակայն, այլ ընթացք է տվել Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով կոչված է ուսումնասիրելու, ստուգելու եւ առկա բացթողումների ու թերությունների վերացման ուղղությամբ անմիջականորեն ՀՀ նախագահին զեկուցելու, առաջարկություններ անելու: Ի դեպ, ասում են, որ այս գործին խառն են ՀՀ նախագահականից այլ աշխատակիցներ եւս, եւ, որ առաջիկա օրերին աշխատանքից կազատվի Հովիկ Հովսեփյանը, ով այս պատմության մեջ լուրջ դերակատարում է ունեցել: Նույն աղբյուրների համաձայն` Ս. Սարգսյանը խիստ զայրացած է տեղի ունեցածից եւ հրահանգել է շուտափույթ բացահայտել կատարվածը եւ պատժել բոլոր մեղավորներին: