Դասեր մի տվեք

24/12/2011

«Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների տեսակետները` այն մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն է, եւ նրանք էլ պետք է հարգեն մեր տեսակետները»,- երեկ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` անդրադառնալով նախօրեին ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո թուրքական կողմից հնչած կոշտ գնահատականներին: Այդ մասին Սարկոզին ասել է Պրահայում, որտեղ մասնակցել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը: «Ֆրանսիան դասեր չի տալիս որեւէ մեկին, սակայն չի էլ ցանկանում, որ այդպիսիք տան իրեն,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը` շեշտելով,- Բոլոր պարագաներում մենք պետք է հանգիստ մնանք: Ֆրանսիան թույլտվություն չի խնդրում, Ֆրանսիան ունի իր համոզմունքները, մարդու իրավունքները եւ հարգանքը հիշատակի առջեւ»: Ի դեպ, ինչպես եւ կանխատեսել էինք, Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը (դեռեւս ոչ ոք չի կարող ասել` արդյո՞ք այն կհաստատվի նաեւ Սենատի կողմից, թե՞ ոչ) անասելի բերկրանք է առաջացրել Հայաստանում: Երկու օր շարունակ ողջ հեռուստաեթերը ողողված է այդ մասին պատմող բոցաշունչ հաղորդումներով, մեկնաբանություններով, շնորհակալության խոսքերով: Օրինագծի ընդունումից ժամեր անց երախտիքի խոսքերով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երեկ Նիկոլա Սարկոզիին նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը` երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման կապակցությամբ: Նույնաբովանդակ մի նամակ էլ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակկուայեին է հղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Հետաքրքիր է, սակայն, եթե հանկարծ Ֆրանսիայի Սենատում նույն օրինագիծը չընդունվի, արդյոք Ֆրանսիայից նույն պաշտոնյաներին կրկին նամակներ կհղվե՞ն Հայաստանից, ասենք` «ամոթ ձեզ» արտահայտությամբ: