Երեկ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թիմի եւս մի քանի անդամներ` ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ նախագահի օգնական Գեորգի Մուրադյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նվարդ Վարդանյանը եւ Նարե Դանիելյանը: Ի դեպ, վերջին 2 աղջիկները բուհերից մեկի մագիստրանտներ են, որոնք ձեւակերպվելով որպես ռեֆերենտներ, անհասկանալի է, թե ինչու` ստացել են ավելի քան 200.000 դրամ աշխատավարձ, այսինքն` ավելի շատ, քան ԱԺ վարչության պետերը: Նշյալ բոլոր աշխատակիցներն, ի դեպ, պետք է վաղուց դուրս եկած լինեին` ԱԺ նախագահի հետ միասին, քանի որ նրանք ոչ թե ԱԺ, այլ անձամբ Հ.Աբրահամյանի աշխատակազմն էին: Եվ ըստ օրենքի` իր հետ էլ պետք է հեռանային: Ինչ վերաբերում է Ա.Հովհաննիսյանին, նա աշխատանքից ազատման դիմում է գրել ընդամենը 2 օր առաջ: Ընդ որում, Հ.Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ ողջ աշխատակազմն ավելի շատ սպասել է նրա հեռանալուն. ԱԺ-ում նրան այնպիսի հնարավորություններ են տրված եղել, որ նրա ձեռքի տակով է անցել մոտ 500 հոգի ունեցող ԱԺ աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունը: Հ.Աբրահամյանը, ասում են, հրաժարականից հետո իր աշխատակազմի անդամներին հորդորել է չհեռանալ, քանի որ ընտրություններից հետո վերադառնալու է: Ա. Հովհաննիսյանը ազատվելու դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ նրան են ներկայացրել իրեն առնչվող գործերում առկա իրավական խախտումները: