Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ

24/12/2011

Հայաստանում անցնող տարին ամփոփելիս դժբախտաբար առաջնորդվում ենք ոչ թե ձեռքբերումները թվարկելով, այլ կորուստներն արձանագրելով: Դա ոչ թե լավը վատ տեսնելու չկամություն է, այլ օբյեկտիվ իրողությունների արձանագրում: Կարելի է, իհարկե, լավատեսություն հաղորդելու համար թվարկել բազմաթիվ «հաջողություններ», ներկայացնել առանց այդ էլ պաշտոնական հեռուստաեթերից չիջնող զանազան ցուցանիշներ: Եվ հակառակը` կարելի է ներկայացնել միայն բացասական զարգացումները, որոնք դժբախտաբար եւս քիչ չեն եղել անցնող տարվա ընթացքում: Սակայն 2011 թվականի ընթացքում ամենաշատը քննարկված եւ, թերեւս, ամենամեծ վտանգը ներկայացնող խնդիրն արտագաղթն է: Եթե կարճ ներկայացնենք անցնող տարվա կորուստները, ապա առանց չափազանցնելու կարող ենք ասել, որ 2011 թվականին Հայաստանը կորցրել է մոտ հարյուր հազար քաղաքացի (պաշտոնական տվյալներով` ավելի քան 80 հազար, փորձագիտական գնահատականներով` 110-120 հազար): Մի երկրում, որի ամենամեծ հարստությունը մարդն է (ինչպես հատկապես սիրում են ասել իշխանությունները), սա աղետալի ցուցանիշ է, որի կողքին որեւէ տնտեսական ձեռքբերում չի կարող հաջողություն համարվել… 2012 թվականը ընտրական տարի է Հայաստանի համար, կայանալու են առաջին համապետական ընտրությունները մարտի 1-ով ավարտված 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: Եվ մեզ բոլորիս մնում է ցանկանալ եւ հուսալ, որ 2012 թվականին չեն արձանագրվի իրադարձություններ, որոնք ավելի մեծ թվով մարդկանց կստիպեն հիասթափվել իշխանությունից, ընդդիմությունից եւ, որ ամենացավալին է, սեփական պետությունից: «168 Ժամի» հաջորդ համարը լույս կտեսնի 2012 թվականի հունվարի 17-ին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: