«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած այս տարվա հեռուստամարաթոնից հանգանակված գումարները կհատկացվեն «Արցախի վերածնունդ» ծրագրին: Ծրագիրը, որը բաղկացած է երեք փուլից, նպատակ ունի նպաստել Արցախի երեք շրջանների՝ Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի զարգացմանը:
Այս տարի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարներով աշխատանքներ կիրականացվեն Արցախյան պատերազմից առավել տուժած Մարտակերտի շրջանում, որի վերականգնման համար, ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, անհրաժեշտ է շուրջ 17 մլն դոլար: Այն իր մեջ ներառում է ոչ միայն ավտոճանապարհների, ջրատարների, բնակարանների ու դպրոցների շինարարություն, այլեւ՝ շրջանում տնտեսության տարբերի ճյուղերի զարգացմանն ուղղված վարկերի տրամադրում: Հայտնի է, որ շրջանում կան բազում խնդիրներ, որոնցից առաջնահերթ է համարվում խմելու ջրի հարցը: Մարտակերտում, բնակիչների խոսքերով, միշտ էլ առկա էր այդ խնդիրը, բայց առայսօր այն լուծում չի ստացել: Այստեղ խմելու ջուրը մարդիկ ստանում են շաբաթական մեկ, կամ, լավագույն դեպքում, երկու անգամ, որը հերիքում է միայն խմելուն, իսկ կենսական այլ հարցեր լուծվում են անձրեւաջրի օգտագործմամբ: Այդ է պատճառը, որ բնակիչներից շատերը թերահավատորեն են մոտենում խմելու ջրի խնդրի լուծմանը:
Նախարար Արմո Ծատուրյանն Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ խմելու ջրի խնդիրն առկա է նաեւ հանրապետության տարբեր համայնքներում: Անդրադառնալով Մարտակերտ քաղաքի խնդրին, նա տեղեկացրեց, որ «Արցախի վերածնունդ» ծրագրով նախատեսված է Սխտորաշեն-Մաղավուզ-Մարտակերտ ջրատարի կառուցումը, որը կլուծի ոչ միայն շրջկենտրոնի, այլեւ շրջանի մի քանի գյուղերի խմելու ջրի հարցը (շուրջ 10 բնակավայր): Ըստ նախարարի, այս ուղղությամբ կկատարվեն շուրջ 2 մլն դոլարի աշխատանքներ:
Արցախյան պատերազմից տուժել են հանրապետության մոտ 100 դպրոցներ: Դպրոցների վերականգնումը կատարվել է ինչպես պետության, այնպես էլ տարբեր բարերարների միջոցների հաշվին, իսկ վերաբնակեցվող գյուղերում կառուցվել են նորերը: Մարտակերտի շրջանում նախատեսվում է կառուցել թվով 7 համալիր, որտեղ տեղակայված կլինեն դպրոցը, գրադարանը, վարչական շենքերը: Ի դեպ, այս տիպի ծրագիր Արցախում իրականացվում է առաջին անգամ: Մարտակերտի շրջանային հիվանդանոցը նույնպես վերանորոգման կարիք ունի: Ճիշտ է, այստեղ բարերարների միջոցներով վերանորոգվել են որոշ բաժանմունքներ, որոնք ապահովվել են նաեւ համապատասխան գույքով, բայց, ընդհանուր առմամբ, այն վատթար վիճակում է: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարի հավաստմամբ, Համահայկական հիմնադրամի ծրագրով ոչ միայն կվերանորոգվի շրջանային հիվանդանոցը, այլեւ նախատեսվում է 5 ենթաշրջաններում նորագույն սարքավորումներով ամբուլատորիաներ կառուցել: Հեռուստամարաթոնից հանգանակված գումարների մի մասը կուղղվեն շրջանի գյուղերն իրար կապող ավտոճանապարհների կառուցմանը: Նախարար Ա. Ծատուրյանի հավաստմամբ, ծրագրի համաձայն, վարկեր կտրամադրվեն նաեւ շրջանում տնտեսության զարգացման համար: Առաջին անգամ բիզնես-ծրագրերի համար 5-6 տարի ժամկետով առանց տոկոսի վարկեր կհատկացվեն: «2006-ից կիրականացվի նաեւ վերաբնակեցման ծրագիր, որը հնարավորություն կտա ապահովել մարտակերտցի փախստականների վերադարձը Հայրենիք»,- ասաց նախարարը: