Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նախագահի նստավայրում, Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Մ. Ահմադինեջադի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, դրանից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: «Շատ ուրախ եմ, որ պարոն Նախագահի հետ մեր առանձնազրույցի ընթացքում մենք եկանք շատ կարեւոր եզրակացությունների: Դա շատ կօգնի մեր հարաբերություններն է՛լ ավելի խորացնել: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունների հիմքը հայ-իրանական անկեղծ բարեկամությունն է, եւ հենց այս այցն էլ այդ բարեկամության վրա հիմնված մեր հարաբերությունների զարգացման նպատակ է հետապնդում: Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել այն փաստը, որ մեր քաղաքական երկխոսությունը լավ ընթացք ունի բոլոր մակարդակներում, ունի շատ լավ տնտեսական հենք, եւ չնայած ողջ աշխարհի տնտեսության հետ կապված միջազգային խնդիրներին, մեր տնտեսական հարաբերությունները զարգանում են»,- Մ. Ահմադինեջադի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին` Մ. Ահմադինեջադն ասել է. «Պարոն Նախագահի հետ շատ լավ բանակցություններ ունեցանք: Ես ասացի, որ ոչ մեկն աշխարհում չկա, որպեսզի կարողանա Հայաստանի եւ Իրանի միջեւ քարտեզը փոփոխի: Մենք հարեւան եւ բարեկամ ենք եւ պետք է միմյանց հետ կողք կողքի ապրենք ու մեր աշխատանքներն առաջ տանենք: Մենք հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չունենք:
Տարբեր նախագծերի հետ կապված շատ լավ քննարկումներ, բանակցություններ ունեցանք` Արաքսի ՀԷԿ-ի, էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի կապակցությամբ: Ինչպես նաեւ ուսումնասիրեցինք, թե ինչ կարելի է անել առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ հող նախապատրաստելու համար եւ համադրելու այն բոլոր մաքսային եւ այլ լրացուցիչ աշխատանքները, որպեսզի աճեն առեւտրաշրջանառության ծավալները: Անդրադարձանք նաեւ տարածաշրջանային մի քանի այլ խնդիրների: Բարեբախտաբար, մեր տեսակետները` տարածաշրջանի խնդիրների հետ կապված, շատ մոտ են եւ նման: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ծրագրերի իրագործման նպատակով երկու երկրների համապատասխան պաշտոնատար անձանց միջեւ հնարավորինս արագ հանդիպումներ կազմակերպվեն»: Երեկ երկրների նախագահների կողմից ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. «Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Մահմուդ Ահմադինեջադը, գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունները: Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը` նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Նախագահները կարեւորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաեւ` երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի եւ Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատեւ խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումն ու ամրապնդումը` կարեւորելով տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացումն ու առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը` երկու պետությունների նախագահներն ընդգծեցին խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը»: