Այնպես ստացվեց, որ Հայաստանի համար ընդհանուր առմամբ ոչ հաջող տարին ավարտվեց մի իրադարձությամբ, որը դրական է ընկալվում հայերի կողմից։ Խոսքն, իհարկե, վերաբերում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
Իհարկե, այն դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, իհարկե՝ այն ունի որոշակի ներքին դրդապատճառներ, իհարկե՝ այն, ըստ էության, ոչնչով չի մխիթարում աղքատության եզրին կանգնած եւ արտագաղթի ճանապարհը բռնած մեր քաղաքացիներից շատերին, սակայն չենք կասկածում, որ դա լինելու է մեր իշխանավորների նախատոնական ուղերձների եւ շնորհավորանքների առանցքային կետերից մեկը։ Իհարկե, կոնկրետ մեր կառավարությունը այդ հարցում գրեթե դերակատարում չունի, սակայն Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների որոշումը սահուն կերպով լղոզվելու է կառավարության «ձեռքբերումների» ֆոնին։ Ինչեւէ, ներելի է. միջազգային ասպարեզում որեւէ այլ լուրջ հաջողություն չի եղել, որի մասին կարող են խոսել։
Իսկ ներքին կյանքում հաջողություններ եղե՞լ են, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական առումով։ Քիչ թե շատ՝ այո։ Համոզված ենք, որ դրանցից ոչ մեկը դուրս չի մնա մեր իշխանավորների շնորհավորական ելույթների տեքստերից։ Եթե դիտարկենք տնտեսական վիճակի տեսանկյունից, ապա մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը, վատը չեն։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը թեեւ տարվա վերջին ամիսներին որոշակի անկում է ապրել (նոյեմբեր ամսին՝ 2.4%՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ), սակայն առաջին 11 ամիսների կտրվածքով տնտեսությունն ակտիվացել է 4.5-5%-ով։ Աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, բացի շինարարության բնագավառից: Իսկ ամենամեծ աճը արձանագրվել է արդյունաբերության ոլորտում։ Օրինակ՝ 2011թ. նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18.8-ով՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ։ Արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպին, եւ այլն։ Սրանք այն «լուսավոր կետերն են», որոնք մեր պաշտոնյաները հաճույքով մատնանշում էին անցնող տարվա ընթացքում։ Սակայն նույն պաշտոնական ցուցանիշները մեկ այլ տեսանկյունից դիտարկելու դեպքում այլ պատկեր է ուրվագծվում։ Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, սակայն դրա արդյունքը բնակչությունը չի զգում։ Եկամուտներն ու աշխատավարձերը մի փոքր աճել են, սակայն գնաճը երկու անգամ ավելի է եղել՝ մարդկանց դարձնելով ավելի աղքատ։ Տարվա ընթացքում նաեւ պարզվեց, որ խոշոր տնտեսվարողները ոչ միայն գնի մեջ են խաբում սպառողներին, այլեւ որակի եւ ընդհանրապես՝ բովանդակության։ Ասենք՝ կարագի փոխարեն վաճառել են «բուսասերուցքային սփրեդ»՝ մի բան, որի անվանումն անգամ հայաստանցի սպառողների 99%-ին հայտնի չէ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է, սակայն բնեղեն արտահայտությամբ ծավալները գրեթե չեն փոփոխվել։ Այսինքն՝ արդյունաբերության աճն արձանագրվել է հիմնականում հանքահումքային արտադրանքի գների աճի հաշվին։ Արտահանման աճի տեմպը ներմուծումից ավելի բարձր է եղել, սակայն արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է մեծանալ։ Արտահանման կառուցվածքն էլ ուրախանալու տեղ չի թողնում. արտահանվում է հիմնականում հանքահումքային արտադրանք՝ մետաղներ, որոնց աճը նույնպես արձանագրվել է գնաճի հաշվին։ Կառավարությունը խոսում է փոքր ու միջին բիզնեսի աջակցությունից, սակայն փոքր ու միջին բիզնեսի համար Հայաստանում աշխատելը գնալով ավելի անտանելի է դառնում եւ անիմաստ։ Խոսում են բիզնես միջավայրի բարելավման մասին, սակայն հաջորդ տարվա համար ավելացվում են հարկային բեռն ու մի շարք հարկատեսակների դրույքաչափերը։ Վարձու աշխատողներն իրենց հերթին դժգոհում են բիզնեսից եւ գործադուլներ անում՝ պահանջելով իրենց աշխատավարձը։ Տարվա ընթացքում, մինչ իշխանությունը շարունակում էր խոսել իր ձեռքբերումների մասին եւ վրդովվել, որ իրենցից բացի ոչ ոք չի ուզում նկատել հաջողությունները, մարդիկ արտագաղթում էին Հայաստանից։ Հիշեցնենք, որ միայն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանը լքել է ավելի քան 80 հազար մարդ (պաշտոնական տվյալներով)։
Ներքին հաջողությունները համառորեն չի նկատում նաեւ արտաքին աշխարհը։ «Ֆորբսի» կողմից ճանաչվեցինք աշխարհի երկրորդ վատագույն տնտեսությունն ունեցող երկիրը։ Հետո դա անլուրջ համարվեց, սակայն լուրջ ընկալվող կառույցները, օրինակ, «Doing Business»-ը, նույնպես առանձնապես հիացական խոսքեր չնշեցին իրենց զեկույցներում։ Խոսում էինք կոռուպցիայի դեմ պայքարից, սակայն ըստ Transparency International-ի՝ առաջընթաց չկա։ Իշխանություն-ընդդիմություն երկխոսություն է ընթանում, սակայն որոշ միջազգային կառույցներ գրում են, որ Հայաստանում ժողովրդավարության վիճակը վերջին 2 տարվա ընթացքում չի բարելավվել։ Խոսում են մամուլի ազատությունից, բայց տարվա ընթացքում ռեկորդային թվով դատական հայցեր եղան ԶԼՄ-ների դեմ։ Եվ բավարարվեցին։ Հավաստիացնում են, որ ֆինանսապես կայուն ենք եւ արտաքին պարտքի առումով խնդիրներ չունենք, սակայն «Մուդիսը» նվազեցնում է Հայաստանի վարկանիշը։
Ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանով սահմանափակվենք։ Ինչպես ասում են, Նոր տարին պետք է ուրախ եւ լավատեսորեն դիմավորել, որպեսզի գործերը լավ գնան։ Սակայն լավատես լինելու համար առնվազն պետք է պատկերացում ունենալ՝ ի՞նչ ենք ցանկանում անել եւ հանուն ինչի՞։ Եվ ամենակարեւորը՝ ո՞ւր ենք գնում («որտեղից ենք եկել»-ը արդեն ոչ ոքի չի հետաքրքրում)։ Կասկած չունենք, որ խորհրդարանական ընտրությունների շեմին թե՛ իշխանությունը, թե՛ իշխանությունից դուրս գտնվող քաղաքական ուժերը մեկը մյուսից լուսավոր եւ տպավորիչ ապագա են խոստանալու՝ մեկը մյուսից լավ շարադրված ու հաստափոր ծրագրերով։ Սակայն դժվար է հավատալ, որ դրանք անկեղծ են լինելու, եւ ամեն ինչ չի ստորադասվելու քաղաքական, նախընտրական շահերին։
Իսկ որ պատկերացում չունենք, թե ուր ենք ուզում գնալ, երեւում է հենց նրանից, որ մի շատ կարեւոր հարցի պատասխանը առայժմ անհայտ է՝ տնտեսական առումով Հայաստանը ո՞ր ճանապարհն է ընտրելու՝ դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ դեպի Ռուսաստան (կամ, ինչպես ասում են, Եվրասիական միություն)։ Դա նոր հարց չէ, բայց «թարմացվեց» այս տարի Ռուսաստանի կողմից։ Թվում է, թե այդ հարցի պատասխանը Հայաստանը վաղուց տվել է, քանի որ մասնակցում է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին, ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի կնքելու ուղղությամբ, որի արդյունքում ավելի խորը կինտեգրվենք Եվրոպային ու եվրոպական շուկային։ Մեր պաշտոնյաներն էլ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանն իրեն տեսնում է եվրոպական ընտանիքում։
Սակայն տարվա ընթացքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «վերակենդանացրեց» Եվրասիական միության գաղափարը, եւ պարզվեց, որ մեր պատասխանն անորոշ է ու լղոզված։ ՀՀ իշխանությունները շտապեցին հայտարարել, որ դրական են վերաբերվում այդ նախաձեռնությանը՝ շփոթմունքի մատնելով այն մարդկանց, ովքեր իրենց մոտ ապագայում պատկերացնում էին եվրոպական ընտանիքում։ Իհարկե, ոմանք փորձում են համոզել, որ որեւէ խնդիր չկա. կարելի է շարունակել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, մտնել եվրոպական ընտանիք եւ միեւնույն ժամանակ անդամակցել Եվրասիական Միությանը։ Սակայն ոչ պալատական փորձագետներից շատերի կարծիքով՝ դրանք անհամադրելի հարթություններ են։ Նախ՝ զուտ տեխնիկական առումով հնարավոր չէ դա անել։ Եթե մենք գնում ենք դեպի Եվրամիություն, ապա մեր տնտեսության մոդելը՝ օրենսդրությամբ, տարբեր պահանջներով ու չափանիշներով, պետք է համապատասխանեցնենք Եվրամիությանը։ Իսկ Եվրասիական միության եւ Եվրամիության ստանդարտներն ու օրենսդրությունը նույնը չեն։ Այսինքն՝ անհրաժեշտ է կողմնորոշվել, թե տնտեսական առումով ո՞ր ուղղությամբ ենք ցանկանում գնալ, ո՞վ է մեզ համար ավելի կարեւոր առեւտրային գործընկեր՝ Եվրոպա՞ն, թե՞ Ռուսաստանն ու Արեւելքը։ Խնդիրը, սակայն, միայն տեխնիկական չէ։ Այն ավելի խորն է, եւ միայն տնտեսական ասպեկտին չէ, որ առնչվում է։ Բոլորն էլ գիտակցում են, որ Եվրասիական Միությունը ստեղծվում է որպես հակակշիռ եւ մրցակից Արեւմուտքին, առաջին հերթին՝ Եվրամիությանը։ Տնտեսական ինտեգրացումը չի կարող ամբողջությամբ տարանջատվել քաղաքական, սոցիալական ու մշակութային ինտեգրացումից։ Եթե պատկերավոր ասենք, պետությունների մակարդակով՝ անհնար է մեկի հետ միայն աշխատել, մյուսի հետ՝ ընկերություն ու հարազատություն անել, կիսել նույն արժեքներն ու նույն հետաքրքրությունները։ Չի կարելի ունենալ ասիական մոդելի տնտեսություն, եւ եվրոպական արժեքներ կրող հասարակություն։ Եվ հակառակը՝ եթե երկրում չկա նորմալ դատաիրավական համակարգ, օրենքի գերիշխանություն, եթե պաշտպանված չեն մարդու իրավունքները, ապա այդ ամենը արտացոլվում է նաեւ տնտեսության մեջ եւ բիզնեսում։ Կարճ ասած՝ կամ բոլոր առումներով պետք է գնանք Եվրոպա, կամ՝ Ռուսաստան։ Եթե ընտրենք Եվրասիական միությունը՝ ի դեմս Ռուսաստանի, ապա առավելագույնը կմնանք Եվրոպայի համար որպես հարեւան՝ այն տնտեսությամբ եւ այն հասարակական-քաղաքական համակարգով, որն այսօր ունենք։ Եթե վճռական քայլերով գնանք դեպի Եվրամիություն, ապա դժվար չէ գուշակել, թե ինչ խնդիրներ կարող է մեզ համար ստեղծել մեր վիրավորված ռազմավարական դաշնակիցը։
Ընդ որում, այս հարցում «կոմպլեմենտար» քաղաքականություն վարել երկար չի ստացվի. Եվրասիական միության «վերածնունդը» վկայում է, որ աշխարհի մեծ խաղացողները ցանկանում են հստակություն մտցնել՝ ով ում հետ է։ Չի բացառվում, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի առջեւ դրվի վերջնական ընտրություն կատարելու՝ կողմնորոշվելու հարցը։ Իսկ դա բավական բարդ է լինելու։ Որքան էլ մենք մեզ ներքուստ եվրոպացի համարենք եւ որքան էլ պաշտոնապես հայտարարենք, որ գնում ենք դեպի Եվրոպա, չենք կարող անտեսել Ռուսաստանի դերը։ Թե՛ վերը նշված պատճառներով, թե հենց նախընտրական շրջանում «դաբրոների» առումով։ Դրա համար էլ բոլորը (թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմության հիմնական մասը) զգույշ են եւ ռեւերանսներ են անում միաժամանակ երկուսի նկատմամբ։ Առայժմ դա նրանց հաջողվում է (կամ՝ թվում է, որ հաջողվում է)։
Սակայն, քանի դեռ այս հարցում կոնկրետություն չկա, ապա բոլոր տեսակի ծրագրերը, այդ թվում՝ տնտեսական, եւ դրանց արդյունքները անիրատեսական են։ Եթե կրկին դիմենք համեմատության ժանրին՝ ապա մենք բանավիճում ենք՝ ի՞նչ տեսակի նավակ կամ մոտոցիկլետ ընտրենք տեղ հասնելու համար, այն դեպքում, երբ դեռ հստակ չենք որոշել՝ ծովո՞վ ենք գնալու, թե՞ ցամաքով։ Եվ, որ ամենակարեւորն է՝ ո՞ւր ենք գնալու։ Փոխարենը՝ կենտրոնացած ենք լոկալ մակարդակի ներքաղաքական ինտրիգների վրա՝ առանց ուշադրություն դարձնելու, թե ինչ է կատարվում մեր շուրջը։
Նախատոնական տրամադրությունը փչացնելու մտադրություն ամենեւին չունենք, սակայն 2012-ին Հայաստանին իրոք դժվարին ճանապարհ է սպասվում։ Իհարկե, մենք բոլորս փորձելու ենք Ամանորյա տոներին գոնե մի քանի օր չմտածել անցնող տարվա դժվարությունների եւ գալիք տարվա խնդիրների մասին։ Սակայն հետո լրջորեն մտածել, ամեն դեպքում, պետք է։