Դեկտեմբերի 23-ին` ժամը 01:42-ին, Մասիս քաղաքի կենտրոնական հիվանդանոցից Ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իր տնից կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վնասվածքի հետքով, մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Թալաշյանը: Իրավապահները հավանական են համարում, որ երիտասարդը սպանվել է մոր կամ եղբոր կողմից: Այս մասին ասել է Ոստիկանության Մասիս քաղաքի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը, հավելելով, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Հարցին, թե մինչ այդ անախորժություններ եղե՞լ են այդ ընտանիքում, Ղամբարյանը պատասխանել է. «Հայրը Հայաստանում չէ, բայց անախորժություններ ընդհանրապես այդ ընտանիքի ներսում եղել են»: Իսկ հարցին, թե այդ դեպքում մա՞յրն է դանակահարել Էրիկին, թե՞ եղբայրը, նա արձագանքել է. «Այս պահին չենք կարող ասել: Առայժմ քննություն է կատարվում, մանրամասների մասին հավելյալ կտեղեկացնենք»: Երեկ երեկոյան արդեն իրավապահները հաղորդել են, որ Էրիկ Թալաշյանի սպանության գլխավոր կասկածյալը նրա հարազատ եղբայրն է: