21-րդ դարի երկրորդ դեկադան դիմավորում ենք նույն կերպ, ինչ նախորդ տասնամյակները, հարյուրամյակները: (Չհիմնավորված պատասխանատվություն վերցնեմ եւ ասեմ` ինչպես նախորդ հազարամյակները): Այսինքն` անմիաբան: Խոսքը, հասկանալի է, քաղաքական հայացքների, գաղափարների միատարրության մասին չէ: Այլ այն անհանդուրժողականության, որ տարեցտարի ավելի է սրվում եւ կարծես արդեն քրոնիկ է դարձել: Դժվար է ասել, որ Հայաստանում կան երկու տասնյակից ավելի կուսակցություններ, հետեւաբար` երկու տասնյակից ավելի տարբեր գաղափարներ: Եվ, որ այդ պատճառով էլ հասարակությունը պառակտված է: Այդպես չէ. Հայաստանում աշխատում է ընդամենը երկու գաղափար` ա) ինչպես երկար մնալ իշխանության մեջ եւ անվերջ վերարտադրվել, բ) ինչպես ընդդիմադիր լինելով` զուգահեռաբար համագործակցել իշխանությունների հետ: Սակայն այնպես, որ դա ոչ ոք չնկատի:
Այնպես որ, քաղաքական դաշտում նյարդերը լարված են մինչեւ հնարավոր սահմանը. հատկապես, որ հաջորդ տարին նախընտրական է: Թվում է` կա մեկ կարեւոր ընդհանրություն, որը պետք է թույլ չտար այսքան թշնամանալ միմյանց հանդեպ: Ի վերջո, բոլորս ապրում ենք աշխարհագրական նույն վայրում, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Եվ ցանկացած մարտահրավեր, ձախողում ուղղված է յուրաքանչյուրիս դեմ` հավասարաչափ:
Սակայն այն, թե ինչպես ենք ընդունում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ նույն ուղղությամբ չեն նայում, տարիների հետ դրսեւորման նոր ձեւեր է առնում` մեկը մյուսից` ցածր ու անպատիվ: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներն ընդգծված անձնական հակակրանք են տածում բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն ընդունում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին` որպես հայ ժողովրդի միակ մտածող եւ սխալվելու անընդունակ սուպերհերոսի: Կամ փորձում են չհասկանալ ընդդիմադիր այս ուժի գործողությունների տրամաբանությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերը սպասարկող լրատվամիջոցները, ԲՀԿ «էլիտար» եւ շարքային կուսակցականները պատրաստ են իրենց բառամթերքի ամենաթունոտ նմուշներն օգտագործել նրանց հանդեպ, ովքեր համառորեն շարունակում են չնկատել Գագիկ Ծառուկյանի անդիմադրելի հմայքն ու ինտելեկտը: Կոալիցիայի փոքրիկ արբանյակի` ՕԵԿ-ի անդամները հնարավորության դեպքում կպոկեին բոլոր նրանց մազերը, ովքեր, այդուհանդերձ, պնդում են` կուսակցությունը սկսվում ու ավարտվում է մի քանի Օեկ-ական պատգամավորներով, իսկ բազմահազարանոց կուսակցության մասին լուրերը պարզապես սուտ են:
Թերեւս, միայն Հանրապետական կուսակցությունն է, որ անտարբեր է բոլորի եւ ամեն ինչի հանդեպ, ինչը դուրս է Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու տրամաբանությունից: Այստեղ հաճելի լճացում է: Կարելի է ասել` նիրվանա:
Քաղաքական բոլոր ուժերը` միասին վերցրած, հեգնում են հոգնած ու հիասթափված մարդկանց, ովքեր եւ ոչ մի գնով չեն ցանկանում միանալ որեւէ կուսակցության: Իբր` սրանք Քաղաքացի չեն. իսկական քաղաքացին ձեւավորվում է փողոցում կամ այն պահին, երբ ծոցագրպանն է դնում կուսակցական տոմսը:
Ամանորի շեմին կա չգրված կանոն` խոսել հատկապես լավ իրադարձությունների մասին: «Լավ իրադարձություն» ասելով` աչքի առաջ են կանգնում մեր շախմատիստները, ֆուտբոլի ազգային հավաքականը: Եվ այդ խիստ համառոտ ցանկը օրերս համալրեց հայերիս համար կարեւորագույն մի իրադարձություն. Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Օրինագիծը Սենատի վավերացմանը կհանձնվի 2012 թ. մինչեւ փետրվար ամիսը: Մեր առաջին արձագանքը` երախտագիտության արցունքներից թաց աչքերով շնորհակալությունն էր` ուղղված աշխարհի բոլոր ֆրանսիացիներին անխտիր: Ինչը եւ մեծ պատասխանատվությամբ իրականացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Սակայն արցունքները սրբելուն հաջորդեցին այլ բովանդակության հարցեր: Հասկանալի է, մարդիկ հետաքրքրասեր են եւ ցանկանում են իմանալ` իսկ ինչո՞ւ Ֆրանսիան գնաց այդ քայլին: Ի՞նչ ակնկալիքներ, շահեր ուներ: Այդ հարցը տալիս ենք, որովհետեւ վստահ ենք` դա ոչ մի դեպքում մեր արտաքին քաղաքականության հաղթանակը չէ: Ֆրանսիայի հայկական համայնքն էլ շատ մեծ չես համարի (տարբեր գնահատականներով` 500.000-600.000 մարդ): Սա նշանակում է, որ ընտրությունների ժամանակ այդ ձայները դժվար թե կարողանան որոշիչ դեր ունենալ: Այո, մեր հայրենակից Շառլ Ազնավուրը Սարկոզիի հետ «դու»-ով է, սակայն ֆրանսահայ լոբբիի դերին վերագրել Ֆրանսիայի խորհրդարանի սույն որոշումը` չափազանցություն է:
Այս օրինագծի ենթատեքստում երկար փնտրելով եւ չգտնելով Հայաստանը` որպես գործոն, սկսում ենք լարվել: Սակայն, միեւնույն է, չենք կարող չսփոփվել: Նախ` աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները, հիմնավորելու համար Ցեղասպանության ճանաչումը ժխտող օրինագծի անհրաժեշտությունը, ցուցադրեցին դարավոր վաղեմության կադրերը, ուր մեր հայրենակիցներին անխնա կոտորում էին: Եվ ցեղասպանության ճանաչման թեմայով սարկազմը, որը հաճախ ենք մեզ թույլ տալիս, ստիպում է ամաչել: 21-րդ դարում եւս, ցեղասպանությունից զատ, մեր ժողովրդին ոչինչ չի միավորում: Թեեւ սա էլ գեղեցիկ նախադասությունների շարքից է. անգամ ցեղասպանությունը մեզ չի միավորում: Ծիծեռնակաբերդ ենք գնում կուսակցություն առ կուսակցություն, այնպես, որ դեպի Անմար կրակ տանող երկար այդ ճանապարհին հանկարծ միմյանց հանդիպելու տհաճությունը չունենանք… Մնացյալը` ինչ մոտիվ ուներ Ֆրանսիան, դառնում է երկրորդական: Այս պետությունն արտաբերեց մեզ համար կարեւորագույն բառեր, որոնք, եթե լուրջ երկիր լինենք, կընկալենք որպես ուղերձ` ուղղված ոչ միայն Թուրքիային, այլեւ մեզ. մենք եւս մեր պատմությունը վերանայելու անհրաժեշտություն ունենք:
Ավարտվեց Քրիստոսի ծնունդից հետո 2011-րդ տարին: Թե ինչպիսին կլինի հաջորդը, կախված է ոչ թե Սեւ վիշապից, այլ մեզնից:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: