Երկրորդ տարին

23/11/2005 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Այսօր Վրաստանը մեծ շուքով նշելու է «Վարդերի հեղափոխության» երկրորդ տարելիցը: Միխայիլ Սահակաշվիլու հրավերով Վրաստան են ժամանել Ուկրաինայի, Էստոնիայի, Ռումինիայի, Մոլդովայի նախագահները: Հրավերը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թեեւ Սահակաշվիլին հեռախոսով նրան անձամբ հրավիրել էր: Պուտինի մերժման հետ կապված պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արվել: Ակնհայտ է, որ պատճառը նույնն է. Պուտինը հրաժարվում է Թբիլիսի այցելել, քանի դեռ կարգավորված չեն ռուս-վրացական հարաբերությունները: Չնայած Սահակաշվիլին առանձնապես դրանից մտահոգված չէր. առանց Պուտինի էլ շատ գործեր կային: Մասնավորապես, թբիլիսյան հյուրանոցներից մեկում նախօրեին մամուլի ասուլիս տեղի ունեցավ, որին մասնակցում էին տարբեր երկրների նախագահներ, քաղաքագետներ, փորձագետներ: Խոսվում էր «Վարդերի հեղափոխության» մասին: Տրված գնահատականները միանշանակ փաստում էին, որ հեղափոխությունը Վրաստանի համար անկասկած մեծ առաջընթաց էր: Հետհեղափոխական իրականությունը, սակայն, մի փոքր այլ է: Վերջին երկու տարիների ընթացքում Վրաստանի բնակչությունը վերջնականապես ուշքի եկավ համատարած էյֆորիայից: Հրաշք տեղի չունեցավ. գների կտրուկ աճը խժռեց թոշակների եւ բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացումը: Մեծ մասի համար կենսամակարդակը, լավագույն դեպքում, մնաց նույնը: Իշխանությունների խոստումը՝ վերականգնել վերահսկողությունը կորցրած տարածքների նկատմամբ, այդպես էլ միայն խոստում է մնում: Միջազգային հարաբերությունների ոլորտում նույնպես լուրջ ձեռքբերումներ չկան: Եթե նոր իշխանություններին հաջողվել է ԱՄՆ-ի բարեհաճությանն արժանանալ, որը չէր թաքցնում դժգոհությունը Էդվարդ Շեւարդնաձեի կառավարման վերջին շրջանից, ապա մյուս ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները ճշգրտման կարիք ունեն: Օրինակ, թեեւ Ադրբեջանի հետ պահպանվում են ջերմ հարաբերությունները, սակայն, եթե համեմատենք Շեւարդնաձեի ու Հեյդար Ալիեւի հետ, համեմատությունը հօգուտ նախկինների է: Մոտավորապես նույնն է Թուրքիայի դեպքում: Բայց ամենակարեւորը Եվրամիությունն է: Ինչպես «168 Ժամ»-ին հայտնեց ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Իվլիան Խաինդրավան, Եվրոպային ինտեգրվելու ջատագով Սալոմե Զուրաբիշվիլուն ԱԳ նախարարի պաշտոնից ազատելը կարելի է դիտել իբրեւ Վրաստանի արտաքին քաղաքականության վերջնական «ամերիկանացում»: Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին «168 Ժամ»-ին հետաքրքիր մանրամասն հաղորդեց. «Վերջին ժամանակներս այդ ինստիտուտի զանազան հանձնարարականներն ու կարգադրությունները վերաբերում են միանգամից երեք երկրներին՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան: Բնականաբար, դա մեր օգտին չէ, եթե հիշենք այն խորհուրդները, որ նրանք տալիս էին մեր հարեւաններին՝ ժողովրդավարություն եւ իրավական պետություն կառուցելու գործում օրինակ վերցնել Թբիլիսիից»: Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունների մասին խոսելն արդեն ավելորդ է. Վրաստան այցելելու հրավերները Պուտինի պարբերաբար մերժելը դրա վառ ապացույցն է:

Այս բոլոր խնդիրները հանգեցրել են այն բանին, որ հեղափոխության երկրորդ տարելիցին Վրաստանում հայտնվել են լուրջ, իշխանություններին դիմակայելու ընդունակ ընդդիմության նախանշաններ: Խոսքը «Ժողովրդավարական ճակատի» մասին է, որի մեջ միավորվել են «Հանրապետական» եւ «Պահպանողական» կուսակցությունները, եւ որին պատրաստ են միանալու այլ ուժեր, մասնավորապես՝ Սալոմե Զուրաբիշվիլու գլխավորած շարժումը: Վերջինս լրագրողներին հայտարարել է. «Ես մտադիր չեմ նոր կուսակցություն ստեղծել, քանի որ տվյալ պահին դա ընդամենն ավելի կմասնատի ժողովրդին: Մենք փորձելու ենք կուտակված խնդիրները լուծել՝ համագործակցելով արդեն գոյություն ունեցող կուսակցությունների հետ»: Եվ քաղաքական փորձագետների կարծիքով՝ հենց դրա մեջ է ընդդիմության թուլությունը: «Վրաստանում ծնվում է երկրորդ քաղաքական կենտրոն, եւ դա լավ է. չէ՞ որ հեղափոխությունից հետո երկիրը կորցրեց միանգամից երեք կենտրոն. հեռացան Շեւարդնաձեի, ապա Աբաշիձեի կողմնակիցները, իսկ Զուրաբ Ժվանիայի մահով վերացավ եւ նրա հզոր կենտրոնը: Խոսել այն մասին, որ Վրաստանում արդեն գոյություն ունի երկրորդ քաղաքական կենտրոն, դեռ վաղ է: Ընդդիմությունը հասկանում է, որ դա վատ է, եւ քննադատում է դա: Բայց նա չի խոսում այն մասին, թե ինչպես շտկել իրադրությունը»,- «168 Ժամ»-ին ասաց Պաատա Զաքարեիշվիլին: Եվ վերջինիս հետ այդ հարցում չես վիճի: Նույն բանն է ասում նաեւ Սահակաշվիլին. իբր գիտենք, ամեն ինչ չէ, որ լավ է, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, իսկ եթե ընդդիմությունն այդքան խելոք է, թող ասի՝ ինչ անենք, որ ավելի լավ լինի:

Իսկ առայժմ այսպես է՝ կեցցե՛ «Վարդերի հեղափոխությունը»: Հեղափոխության երկրորդ տարելիցը: