Դեկտեմբերի 21-ին «Թերլեմեզյան» ցուցասրահում տեղի է ունեցել Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարի բաժնի հինգերորդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանի` Tigs-ի ծաղրանկարների ցուցահանդեսը: Նա ներկայացրել էր հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներին` ծաղրանկարների տեսքով: Սա Տ. Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսն էր: «Նոր տարվա նախաշեմին ուզում էի ուրախ նկարներ ներկայացնել: Կարծում եմ` ծաղրանկարը չարժեր խառնել որեւէ այլ թեմայի հետ»,- ասել է Տիգրանը: Ծաղրանկար նա առաջին անգամ նկարել է երեք տարի առաջ, հերոսը լուսանկարիչ Դամիանն է: Ի դեպ, այդ նկարը ցուցահանդեսին ներկայացված չէր:
Փոխարենը ցուցասրահի պատերին կախված էր 39 աշխատանք` Հասմիկ Կարապետյանի, Գայանե Ասլամազյանի, Ջուսի, Շառլ Ազնավուրի, Էմի Վայնհաուսի, Ռաֆայել Ղազանչյանի, Ֆաինա Հարությունյանի, Հ.Տ. Հայկոյի, Միշոյի, Նազենի Հովհաննիսյանի, Արսեն Գրիգորյանի, Անժելա Սարգսյանի, Հերմինե Ստեփանյանի, «POP հանրագիտարանի» հաղորդավարներ Արփինեի, Մհերի եւ ուրիշների ծաղրանկարները: Հերոսներից շատերի հետ Տիգրանն անձամբ ծանոթ չէ. օգտվել է լուսանկարներից, սակայն ցուցահանդեսի այցելուների արձագանքից եւ բացականչություններից կարելի է եզրակացնել, որ ծաղրանկարների հերոսները չափազանց նման են բնօրինակներին: «Ծաղրանկարի համար կարեւոր են թե՛ բնավորության գծերը, թե՛ մասնագիտական նվաճումները: Շատ սիրում եմ ծաղրանկարչությունը. ընդգծում ես մարդուն բնորոշ գծերը»,- ասել է նկարիչը: Նազենի Հովհաննիսյանի ծաղրանկարն արվել է «Սպանված աղավնի» ֆիլմի համար արված լուսանկարի հիման վրա: «Նազենին սպանված աղավնուն է նայում սարսափած, ես էլ պատկերել եմ նրանց ռեստորանում, աղավնին էլ խորոված է»,- ասել է Տիգրանը: Արտասահմանյան «աստղերից» ցուցահանդեսին ներկայացված էր Էմի Վայնհաուսը: Հենց այս նկարով են ամենից շատ հետաքրքրվել այցելուները. Տիգրանը ծաղրանկարը վաճառելու առաջարկ է ստացել: «Հաջորդ ցուցահանդեսին անպայման լինելու է Լեդի Գագան: Նրան նկարելու եմ հայկական ոճում` տարազով»,- ասել է Տիգրանը: Հեղինակը նկարում է այն անձանց, ում համակրում է, ովքեր ոգեշնչում են իրեն. «Երբ մուսան գալիս է, արագ ու հավեսով ծաղրանկար եմ պատկերում: Չեմ սիրում առանց ոգեշնչվելու, ստիպված նկարել»,- ասել է նա: Տիգրանն առաջիկայում պատրաստվում է ընդլայնել ծաղրանկարների հերոսների ցանկը եւ ներկայանալ միայն շոու-բիզնեսին նվիրված ցուցահանդեսով:
Bravo.am