Նրանց կյանքը փոխվեց սրտացավ քաղաքացիների շնորհիվ

24/12/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ` 2011թ., «168 Ժամն» իր ընթերցողներին ներկայացրեց մեր երկրում ապրող սոցիալապես անապահով, լքված ու դաժան պատմություններ ունեցող ընտանիքներին:

Նման բազմաթիվ ընտանիքներ այս տարի նույնպես մեծ աջակցություն ստացան ինչպես սոցիալական, այնպես էլ առողջական խնդիրների հետ կապված: Ողջ տարվա ընթացքում անդրադարձած մեր հրապարակումների արձագանքներից հետո անապահով ընտանիքներից շատերը մեզ մշտապես խնդրել են թերթի միջոցով շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց որեւէ կերպ աջակցել են: «Մամա ջան, ախր երեխան մեղավոր չի իմ սխալի համար, ինչ ասես` կանեմ, մենակ թե երեխուս չտանես մանկատուն» հրապարակումն այնքան անսպասելի արձագանք ունեցավ, որ հրապարակման հերոսուհին` Արմինեն, այլեւս մոռացել է որդուն մանկատուն հանձնելու մասին:

«Մեր տուն էնքան մարդ եկավ, որ երեւի կյանքում էդքան մարդ ոտք չէր դրել մեր տուն: Էնքան ապշած ենք, որ մեր քաղաքում նման բարի ու հոգատար մարդիկ կան: Էնքան հագուստ են բերել, որ նույնիսկ չեմ հասցնի բոլորը երեխայիս հագցնել: Մեկն` օրորոց, մյուսը` վառարան, էն մյուսը` մեծ քանակությամբ մանկական սնունդ: Նույնիսկ աշխատանք են ճարել, եւ ես պատրաստվում եմ երեխային մորս խնամքին թողնելով աշխատել ու գումար վաստակել: Խնդրում եմ, մեր խորին շնորհակալությունը հայտնեք բոլոր այն մարդկանց, ովքեր եկան մեր տուն ու ձեռք մեկնեցին մեզ: Երբ հուսահատության պահին դուռդ ծեծում ու օգնություն են առաջարկում` դրանից հուզիչ ու թանկ բան չկա: Բոլորից շատ շնորհակալ ենք»,- հուզված ասում է Արմինեն` վստահեցնելով, որ շատ երիտասարդներ, կազմակերպություններ եւ խմբեր են այցելել իրենց եւ մինչեւ հիմա էլ այցելում եւ հետաքրքրվում են իրենց ապրելակերպով:

Մեր` «Ամուսինը ռեժիմով ծեծել է» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացրել էինք Վարդաշենի հանրակացարանի դաժան պայմաններում բնակվող Մարինեի եւ նրա երեք մանկահասակ երեխաների դաժան պատմությունը: Հրապարակումից անմիջապես հետո մեզ զանգահարեցին ՀՀ առողջապահության նախարարությունից եւ տեղեկացրին, որ շտապօգնության բրիգադ են ուղարկում նրանց տուն` երեխաներին հետազոտելու նպատակով: Բացի բուժօգնությունից, բազմաթիվ կազմակերպություններ, անհատներ եւ երիտասարդական խմբեր այցելեցին Մարինեի տուն` փոխանցելով հագուստ, սնունդ եւ կեցության համար անհրաժեշտ բոլոր պարագաները: «Մեր կյանքը շատ փոխվեց շնորհիվ մեր համաքաղաքացիների, ովքեր սովորական մարդիկ էին եւ առանձնապես հարուստ կամ փողատերեր չէին: Ինձ շատ հուզեց էն փաստը, որ համեստ ու սովորական մարդիկ իրենց ունեցածը կիսեցին մեզ հետ: Երեխաներիս ապահովեցին ամեն ինչով, մինչեւ անգամ` անկողնով: Անչափ շնորհակալ եմ մեզ օգնած բոլոր մարդկանցից: Մեր կյանքում շատ բան փոխվեց, երբ ես հասկացա, որ մենակ չեմ, շատերն են իմ կողքին: «Կանանց ռեսուրսների կենտրոնի» աշխատակիցները, բացի մեծ օգնությունից` ինձ նաեւ օգնում են դատարան դիմելու, ամուսնալուծվելու հարցերում: Շատ երիտասարդների խմբեր եկան ու մեզնով հետաքրքրվեցին: Մի տեսակ համ ապշած ենք, համ էլ` շատ տպավորված ու հուզված»,- ասում է Մարինեն:

«Ինձ հանկարծ չխղճաս» հրապարակման մեջ ներկայացրել էինք սարսափելի ծանր պայմաններում բնակվող 8 տարեկան Մարիամի եւ նրա ընտանիքի պատմությունը: Հիշեցնենք, որ այս փոքրիկ աղջիկը բնակվում է մոր եւ լսողության խնդիր ունեցող քրոջ հետ: Նա ամեն օր քրոջ` 24-ամյա Ռիտայի հետ քաղաքով շրջում էր, որպեսզի նրա համար աման լվացողի աշխատանք գտնեին: Այս հրապարակման արձագանքներն այնքան շատ էին, որ մենք անգամ չէինք հասցնում խմբագրության զանգերին պատասխանել: Բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, պետական կառույցների ներկայացուցիչներ անմիջապես պատրաստակամություն հայտնեցին այս ընտանիքին օգնության ձեռք մեկնել: Մարիամի մայրը` Ռուզաննան, գրեթե ամեն օր մեզ զանգահարում եւ խնդրում է իր շնորհակալական խոսքերը փոխանցել բոլոր այն մարդկանց, ովքեր փոխեցին իրենց կյանքը: Նշենք, որ մեր թերթում տպագրված բազմաթիվ ընտանիքների օգնության ձեռք է մեկնել Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական ծրագրի ղեկավար Արմինե Գեղամյանը, ով մշտապես իր ընկերներին, հարազատներին եւ տարբեր երիտասարդական խմբեր միավորելով` անապահով ընտանիքներին մեծ աջակցություն է ցուցաբերում: «Ինձ հրանկարծ չխղճաս» հրապարակմանը նույնպես «Լյունսե» երիտասարդական ծրագիրն արձագանքեց եւ, մի խումբ երիտասարդների հետ, մեծ օգնություն փոխանցեց: «Հոգաչափ շնորհակալ եմ մեր երիտասարդներից: Մարիամիկիս համար անգամ մահճակալ էին գնել, էլ չեմ ասում` ինչ մեծ քանակությամբ հագուստ, սնունդ եւ խաղալիքներ էին բերել: Մենք էնքան հուզված ու շփոթված ենք: Մեր տուն եկան «Ազատություն» ռադիոկայանից, հաղորդում պատրաստեցին եւ նրանց հաղորդումից հետո էլ բազմաթիվ մարդիկ եկան ու շատ մեծ նվերներ բերեցին մեզ: Հեռուստատեսությունից էլ եկան նկարեցին, շատ մարդիկ սկսեցին մեզ ուշադրություն դարձնել: Եթե դուք հիմա մեր տուն գաք, չեք ճանաչի հանրակացարանի էն սենյակը, որտեղ առաջին անգամ էիք եկել: Մեր կյանքը հիմնովին փոխվեց մեր սրտացավ մարդկանց շնորհիվ: Ես էնքան հուզված եմ ու էնքան շնորհակալ եմ, որ չեմ էլ կարող սրտիս խոսքն արտահայտել»,- մեզ հետ զրույցում ասում էր տիկին Ռուզանը: Մեզ նաեւ փոխանցեցին, որ Մարիամը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից համակարգիչ է նվեր ստացել: Ի դեպ, այս ընտանիքին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով այցելել էին նաեւ քաղաքապետարանի ներիկայացուցիչները եւ օգնություն էին փոխանցել: Մեր թերթում տպագրված հրապարակումներին արձագանքեցին նաեւ շատ անհատներ, ովքեր նույնիսկ հրաժարվեցին ներկայանալ: Շատերն էլ պատրաստվում են Ամանորին այցելել բազմաթիվ անապահով ընտանիքների եւ նվերներ փոխանցել: Օրեր առաջ մեր թերթի ներկայացրած ընտանիքներից շատերին մեծ օգնություն ցուցաբերեց նաեւ «Օրրան» բարեգործական կենտրոնը, որի նախագահն Արմինե Հովհաննիսյանն է: Թեեւ ողջ տարվա ընթացքում «Օրրանը» մշտապես հետեւում եւ աջակցում է «168 Ժամում» ներկայացված կարիքավոր ընտանիքներին, այդուհանդերձ, թվով երեք ընտանիքներ երկու օր առաջ մեծ օգնություն ստացան` հագուստի, սննդի եւ տոնական նվերների տեսքով: Ի դեպ, «Օրրան» կենտրոնը մշտապես նման ընտանիքների երեխաներին ընդգրկում է բարեգործական ծրագրերում եւ դարձնում է իր շահառուները: Այս անգամ երեք ընտանիքի մեծ օգնություն փոխանցվեց Արմինե Հովհաննիսյանի որդու` Կարին Հովհաննիսյանի շնորհիվ: Վերջերս լույս տեսած «Գերդաստան ստվերայց» գրքի ողջ հասույթը Կ. Հովհաննիսյանը փոխանցել է կարիքավոր ընտանիքներին:

Այնուամենայնիվ, մենք հարյուրավոր մարդկանց անուններ չենք նշել, որոնք ողջ տարվա ընթացքում ձեռք են մեկնել նման ընտանիքներին, ովքեր չեն դադարում հետեւել այս պատմություններին եւ գնալ դրանց հետքերով: Թե որքան հոգատար եւ արժանապատիվ մարդ կա մեր քաղաքում` հավանաբար գիտի միայն մեր խմբագրակազմը, որն ամեն օր ականատես է լինում, թե ինչպես է շարքային քաղաքացին կիսում իր ունեցածը կարիքավոր ընտանիքների հետ: Եվ դա անում է սրտանց, առանց երկմտելու եւ հաստատուն կամքով: Հուսանք, որ հաջորդ` 2012թ. ՀՀ իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների, մեծահարուստների արժեհամակարգում ինչ-որ փոփոխություններ կլինեն, եւ նրանք էլ ինչ-որ բան կանեն, որպեսզի մեզ մոտ նման սարսափելի պայմաններում գոյատեւող ընտանիքների թիվը նվազի: