Բուժարար նոճին
Նոճի մշտադալարը, ինչպես եւ բոլոր այլ կոնակիր փշատերեւ բույսերը, Երկիր մոլորակի ֆաունայի անդրանիկ ներկայացուցիչներից մեկն են։ Մշակվել է անտիկ ժամանակներից։ Բույսի գիտական անվանումն է` Cupressus sempervirens։ Հին եգիպտացիները օգտագործել են նոճին բուժիչ նպատակներով, բնափայտից տաշել են սարկոֆագներ։ Բույսի հետ է կապված Կիպրոս կղզու անվանումը, հույները համարել են, որ այս բույսը «ապրում է հավերժ» = Sempervirens։ Նրանք բույսի բնափայտից կերտել են անմահ աստվածների արձաններ։ Ըստ ավանդազրույցի` Կիպարիս անունով մի պատանի որս անելիս պատահաբար խոցել է իր սիրելի եղնիկին։ Նա խնդրել է Աստվածներին` փոխակերպել իրեն ընդմիշտ «սգացող» ծառի։
Սակայն, ըստ Աստվածաշնչի, նոճին դասվում է դրախտային այգում աճող բույսերի թվին, իսկ ոմանք ենթադրում են, որ հատկապես նոճու բնափայտից է պատրաստված Նոյան տապանը։ Քրիստոնեական մշակույթում նոճին համարվում է հավերժության խորհրդանիշ։ Բնափայտի վրա նկարում են սրբապատկերներ, պատրաստում խաչեր, եկեղեցական այլ սպասք։ Համարվում է, որ բույսի հայրենիքը Միջերկրական ծովի Արեւելյան ափերն են, Էգեյան կղզիները, Հյուսիսային Իրանը։
Նոճին, գիհին եւ կենսածառը պատկանում են նոճազգիների ընտանիքին։
Նոճի մշտադալարը ասեղնատերեւ ծառ է` 25-30 մ բարձրությամբ եւ 0,5-0,6 մ բնի տրամագծով։
Սաղարթը գեղեցիկ է, սլացիկ, նեղ բրգաձեւ կամ սյունաձեւ-գլանաձեւ։
Բնի կեղեւը մոխրադարչնագույն է, ճաքճքված։ Տերեւները մուգ կանաչ են, մանր ռոմբաձեւ կամ եռանկյունաձեւ` երկարավուն, նստած ընձյուղների գագաթին։ Իգականները` խոշոր, կլորավուն, գորշ, փայլուն։ Կոները հասունանում են երկրորդ տարում, բաղկացած են 8-12 թեփուկավոր վահանիկներից, որոնք տեղակայված են մեկ առանցքի շուրջ, կոնի «գնդի» տրամագիծը 3-5 սմ է։ Սերմերը կարմրագորշավուն են։
Հողի որակի հանդեպ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում հզոր հողաշերտերի վրա, քանի որ ունի խորացող արմատներ։ Երաշտադիմացկուն է, լուսասեր, դիմանում է մինչեւ -20 աստիճան ոչ երկարատեւ ցրտահարություններին։ Պտղաբերում է 5-6-րդ տարում, ապրում է մինչեւ 2000 տարի։ Բնափայտի երանգը բաց վարդագույն է` հագեցած բուսախեժով, փափուկ եւ թեթեւ։ Ունի ֆունգիցիդ ազդեցություն, միջատներին վանող սուր հոտ։ Օգտագործվում է որպես շինանյութ, նավաշինության մեջ, կահույք պատրաստելու համար։ Մատղաշ ընձյուղներից եւ ասեղնատերեւներից ստանում են թանկարժեք, բուրումնավետ յուղ։
Եվրոպայում յուղը հայտնի է 17-րդ դարի վերջից։ Իսպանիայում, Մարոկկոյում եւ Ֆրանսիայում նոճին մշակվում է յուղ ստանալու նպատակով։ ՀՀ-ում լավ է աճում Իջեւանում, Թումանյանի տարածաշրջանի, հյուսիս-արեւելյան եւ հարավային ցածրադիր գոտիներում։
Բուժիչ նպատակներով մթերում են կանաչ կոները։ Կոները պարունակում են անտոցիանիդներ, ֆլավոնոլ, եթերային յուղ, տերպենային թթուներ, ֆիտոնցիդներ, բուսախեժ։ Նոճու տնկարկների մոտակայքում օդը հարուստ է բարձր հակամանրէ հատկություն ունեցող կենսաբանորեն ակտիվ նյութերով, ինչի շնորհիվ ոչնչանում են վնասակար բակտերիաների մոտ 50 տոկոսը։ Սակայն օդը հագենում է նաեւ բուսախեժով հագեցած նյութերով, որոնք ունեն միզամուղ հատկություն եւ կարող են առաջացնել երիկամային եւ միզապարկի հիվանդությունների սրացում։
Կոներից պատրաստված թուրմը խորհուրդ է տրվում ոտքերի հոգնածության, վարիկոզի, թութքի դեպքում, եփուկը` հոդատապի։ Չինական բժշկության մեջ օգտագործվում է լյարդի կենսագործունեությունը ակտիվացնելու համար։ Թայվան կղզում աճում է C. 0btusa տեսակը, որի տափակ տերեւների մի կողմում կա արտահայտված «X» նշան, իսկ պտուղները հասունանում են մեկ տարում։ Չինաստանում եւ Ճապոնիայում աճում է մինչեւ 20 մ բարձրությամբ բաց կանաչ գույնի տերեւներով եւ խոնարհված ճյուղերով C.funebris նոճին, որը մշակում են գրեթե բոլոր տաճարների մոտ։
Նոճու յուղը դեղնավուն հեղուկ է, որը պահպանում է նոճու հոտը։ Չինաստանում, Մեքսիկայում կամ Մարոկկոյում արտադրված յուղերը կարող են տարբերվել իրենց բաղադրությամբ։
Տիբեթյան բժշկության մեջ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը նոճուց պատրաստում են օրգանիզմը մաքրող դեղամիջոցներ։ Եվրոպայում յուղը մեծ կիրառում է ունեցել թոքերի հիվանդությունների եւ հատկապես կապույտ հազի բուժման դեպքում։
Համարվում է, որ նոճու յուղի բուրմունքը վայել է տղամարդկանց։ Գեղարարության մեջ այն թույլ է տալիս լուծել բարդ խնդիրներ` պիգմենտային բծերի եւ մազանոթների ցանցի վերացում, ցելյուլիտ, զգայուն եւ ճարպոտ մաշկ, այտուց։
Նոճու յուղը խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի, բրոնխիտի, պնեւմոնիայի, երակների վարիկոզ լայնացման, թութքի, գրիպի, դեպրեսիայի, պարոդոնտոզի, ստոմատիտի, կոլիտի, ցիստիտի, մետեորիզմի դեպքում։ Կարգավորում է նյութերի փոխանակությունը, պայքարում գիրության դեմ։ Վերացնում է բերանի տհաճ հոտը, նվազեցնում քրտնարտադրությունը, օգտակար է այրվածքի, էկզեմայի, մաշկային հիվանդությունների դեպքում։
Նոճու յուղը լավ բալասան է կանանց համար` դաշտանադադարի եւ խանգարումների շրջանում, նախադաշտանային սինդրոմի դեպքում։
Նոճու յուղը ունի նյարդերը հանգստացնող, լարվածությունը եւ տագնապային վիճակը մեղմացնող ազդեցություն։
Մերսում նոճու յուղով. 5-6 կաթիլ նոճու յուղը կամ հավասար քանակությամբ դրա խառնուրդը գիհու, սոճու, նարդոսի յուղերի հետ խառնեք 1 ճ/գ նուշի, դեղձի, ծիրանի, ձիթապտղի կամ այլ բուսական յուղի հետ։ Օգտագործեք ցելյուլիտի, բարձր քրտնարտադրության դեպքում։ Ավելացրեք ձեզ հարմար, մաշկը խնամելու քսուքի մեջ։
Լոգանք նոճու յուղով. 5-6 կաթիլ նոճու յուղը (կամ վերը նշված խառնուրդը) լուծեք կաթի մեջ եւ խառնեք լոգանքի ջրին, ջերմաստիճանը` 37-38 C, տեւողությունը` 10-15 րոպե։
Հիշողությունը լավացնող միջոց. Ցայեք կիտրոնի եւ նոճու յուղերի 2-3-ական կաթիլ սենյակում, տեւողությունը` ոչ ավելի 30 րոպեից։ Նոճու յուղը հակացուցված է ինֆարկտի, թրոմբոֆլեբիտի, արյան բարձր մակարդելիության, նորագոյացությունների, անհատական անընկալունակության դեպքում, հղիներին։
Նոճու կոների թուրմ. 1 ճ/գ մանրացրած հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 150-200-ական մլ` սնվելուց 1 ժամ առաջ կամ հետո։
Եփուկ. Լցրեք կոները կաթսայի մեջ, ավելացրեք այնքան ջուր, որ ծածկի վերին շերտը, եփեք 15 րոպե, երբ գոլանա` կատարեք լոգանք։ Օգտակար է հոդատապի դեպքում։