Թուրք զբոսավար Ասիլ Թունչերի պատմածները Սթիվ Ջոբսի` Թուրքիա կատարած այցի մասին մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում: Զբոսավարը պնդել է, թե Ջոբսը թուրքերին թշնամի է համարել եւ հրաժեշտ տալուց նույնիսկ ձեռք չի սեղմել: Ըստ news.am-ի` Թունչերը նշել է, թե այն պահին, երբ իրենք մոտեցել են Այա Սոֆիային, եւ ինքը սկսել է պատմել, որ այն սկզբում եկեղեցի է եղել, այնուհետ վերածել են մզկիթի, Սթիվ Ջոբսը սկսել է հարցեր տալ. «Դուք` մուսուլմաններդ, այդքան քրիստոնյաների ի՞նչ արեցիք»: Զբոսավարը հավելել է, թե չի հասցրել որեւէ բառ ասել, երբ Ջոբսը շարունակել է. «1,5 միլիոն հայերի ցեղասպանության ենթարկեցիք: Պատմեք մեզ, այդ ինչպե՞ս եղավ»: Թուրք զբոսավարի ժխտումներն ավելի են կատաղեցրել Սթիվ Ջոբսին, ով նախատեսվածից մեկ օր առաջ է հեռացել Թուրքիայից` առանց բառ փոխանակելու զբոսավարի հետ եւ նրա ձեռքը օդում պարզած թողնելով: Նշենք, որ Սթիվ Ջոբսի կենսագրական գրքում գրված է, որ նրա խորթ մայրը` Կլարա Հակոբյանը, Ցեղասպանությունից հետո ներգաղթել է Մալաթիայից: