«ՀԱԿ-ը խորտակվում է իր բարձրացրած ալիքի տակ»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

22/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարվա քաղաքական հաջողությունները կամ ձախողումները: Իշխանություններն այս տարի քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ են գրանցել, եւ արդյունքում քաղաքական ի՞նչ վիճակ է Հայաստանում:

– Մի ճգնաժամային վիճակ է, որը նոր չի ստեղծվել, բայց այսօր շատ ցայտուն է դրսեւորվում: Այսօր Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Բոլոր կուսակցություններն անխտիր ասում են, թե այս երկրում հնարավոր չէ անցկացնել ազատ ընտրություններ: Ու այս պայմաններում բոլոր կուսակցությունները խոսում են ընտրություններին մասնակցելու մասին: Եվ հարց է առաջանում` եթե այսօր գոյություն չունի քաղաքական կյանքի հիմնական մեխանիզմը` ազատ ընտրությունները, կուսակցությունների գործունեությունն ինչի՞ է վերածվում: Չէ՞ որ կուսակցությունները քաղաքական ինստիտուտներ են, որոնց գործառույթը Սահմանադրությամբ հստակեցված է, եւ որոնք պետք է ինչ-որ արժեքների հիման վրա երկրի կառավարման եւ զարգացման ծրագրեր մշակեն, ներկայացնեն հասարակությանը: Ազատ ընտրությունների միջոցով ստանան պետական լծակներ եւ իրականացնեն: Այսօր քաղաքական հիմնական պայմանը` ազատ ընտրությունը, չկա:

– Իշխանություններն այս տարի անընդհատ հայտարարում են, թե առաջիկա ընտրությունները լինելու են վերջին 20 տարիների աննախադեպ արդար եւ թափանցիկ ընտրությունները:

– 20 տարի է, խոստանում են: Այսօր կուսակցական ինչ-որ ակտիվություն կա, այստեղից էլ սկսվում է քաղաքական պայքարի պատկերը: Ամեն մեկը երեւի թե ունի ինչ-որ մի նպատակ, բայց ոչ այն նպատակը, որն իր գործառույթից է բխում: Ինչո՞վ են զբաղված կուսակցությունները, եթե բոլորն ասում են, թե հնարավոր չէ անցկացնել արդար ընտրություններ: Եվ սա այդ ճգնաժամի հիմքն է: Ինչի մասին ասես` խոսում են, ազդելու, փորձելու, ժողովրդին մոբիլիզացնելու եւ օգտագործելու մասին: Ես կարծում եմ, որ անխտիր բոլոր կուսակցությունները մի խնդիր ունեն` ինչ-որ պայմաններ ստեղծեն, որ կարողանան գործող վարչակազմի հետ ինչ-որ հարաբերություններ ստեղծել: Այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, պիտի առաջին հերթին գնահատենք մի չափանիշով` այս թոհուբոհը որեւէ կապ ունի՞ հասարակության շահերի հետ: Եվ եթե հասարակությանը ներգրավում են այդ գործունեության մեջ, ո՞րն է դրա նպատակը: Մի նպատակ կա` օգտագործել հասարակությանը պայմաններ ստեղծելու համար: Եվ բացարձակ նշանակություն չունի, թե խորհրդարանում ովքեր են նստած, որ նրանք ոչ մի կապ չունեն հասարակության եւ պետական շահերի հետ:

– Ու քանի որ նախընտրական տարի է, ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների ոչ միայն անցնող տարվա, այլ անցած 4 տարիների քաղաքական գործունեությունը:

– Իշխանությունն այս 4 տարվա մեջ ամրապնդել է իրեն բացարձակ առճակատումից` սրա հետ խոսելով, նրա հետ խոսելով, բանակցություններ անելով, Արեւմուտքի հետ խոսելով: Ընդամենը պետք էր առճակատման վիճակից ոչ առճակատման վիճակի հասնել: Ոչ լեգիտիմությունը մնացել է նույնը: Կատարվում է ընդամենը վերադասավորում` այս մեկին աշխատանքից հանել, մյուսին նշանակել: Եվ այս բոլորը մի նպատակ ունեն` իրենց համար ստեղծել ոչ առճակատման մթնոլորտ:

– Այսինքն` ավելի են ամրապնդել իրենց դիրքերը:

– Ամրապնդելու խնդիր չկա: Լավ էլ ամրապնդված-նստած են, ոստիկաններին ու օլիգարխներին դեմ տված հասարակությանը: Պարզապես մեղմացրել են վիճակը:

– Իշխանություններն ինչի՞ շնորհիվ ստացան այդ մեղմ վիճակը:

– Ես կարծում եմ` հիմնականում լավ գնահատեցին այս կուսակցական մթնոլորտը:

– Ասում եք, թե կուսակցություններն ամեն ինչ անում են, որ կարողանան գործող վարչակազմի հետ ինչ-որ հարաբերություններ ստեղծել: Քաղաքական առեւտո՞ւր է գնում:

– Քաղաքական ուժն ինչի՞ վրա պիտի առեւտուր անի: Ոլորտների` քաղաքական, տնտեսական դիվիդենտների բաժանման շուրջ, չէ՞: Երբ մենք խոսում ենք քրեաօլիգարխիկ համակարգի մասին, դա նշանակում է, որ պայմանագրային ոլորտների բաժանման վրա ստեղծված է մեծահարուստների իշխանություն: Բաժանում են ամեն ինչ: Եվ կուսակցությունները մասնակցելով այդ գործին, փաստորեն, լեգիտիմացնում են դա: Ավելի են ընդլայնում, լեգիտիմ սարքում եւ քրեաօլիգարխիկ համակարգի հիմքն են դառնում: Փաստորեն, կուսակցությունները գործող իշխանություններից հետո դարձել են հասարակությանն ապակողմնորոշող երկրորդ հիմնական մեխանիզմները: Ասում են մի բան, անում են մեկ այլ բան: Եվ հիմա անիմաստ է դրանց բաժանել ընդդիմադիրի կամ իշխանամետի: Բոլորը նույն որակի եւ մեթոդի մեջ են: Եվ այսօր խոսում են Գագիկ Ծառուկյանի կուսակցության մասին, թե նա կդառնա ընդդիմություն: Դա հերթական ապակողմնորոշման ալիք է, որովհետեւ Գ.Ծառուկյանը, որպես օլիգարխ, իր քաղաքական ընտանիք ներգրավել է ահռելի մարդիկ, որոնք պետք է պաշտպանեն իր դիրքերը: Որիշ կուսակցությունները հանրապետության տարածքներում, հրապարակներում են հասարակություն ներգրավում, ուժեղացնում իրենց դիրքերն առեւտրի մեջ: Ինչո՞վ են տարբերվում, բացարձակ ոչ մի բանով: Տարբերվել կարող է միայն այն ուժը, որը հրաժարվում է քաղաքական պայքարի այս տեխնոլոգիայից: Այդպիսին չկա, նոր ստեղծվողներն էլ են նույն կերպ աշխատում: Երբ հասարակությունն ինքն իրեն հարց տա, թե` ինչ անենք, դրանից հետո արդեն փոփոխությունը կմտնի քաղաքական միտքը, դեռ չեմ ասում` կյանքը:

– Իսկ ընդդիմադիր դաշտում քաղաքական ի՞նչ հաջողություններ են գրանցվել: Մանավորապես` ՀԱԿ-ի մոտ, որովհետեւ այդ ուժն ուներ որոշակի հասարակական աջակցություն: ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ երկխոսություն սկսվեց, քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, Ազատության հրապարակը բացեցին եւ այլն:

– Իրենք ասում են, թե գոհ են, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել, որ միտինգներ անելու հնարավորություն կա: Բայց ես կարծում եմ, որ հասարակությունն էլ մի բան ստացավ ու շատ կարեւոր բան: ՀԱԿ-ի հիմնական դերը, ընդհանրապես 2008-ի շարժման դերն այն էր, որ հասարակությանն ինչ-որ ալիք հաղորդեց: Եվ հասարակությունն ինքը սկսեց մի քիչ այլ կերպ մտածել, քան ՀԱԿ-ը: Բարձրացրած ալիքի տակ ինքն էլ կարծես խորտակվում է: Բացեց հասարակության աչքերը եւ ցույց տվեց, որ ինքն էլ չի համապատասխանում այն ամենին, ինչի մասին խոսում էր: Երբ անընդհատ մի բան քարոզում ես, դու պետք է համապատասխանես դրան: Եվ ես կարծում եմ, որ հասարակությունը ճանաչել է բոլորին: Հասարակությունը փայլուն գիտի, թե ինչով են զբաղված կուսակցությունները, եւ փորձ է անում դուրս գալ բոլորի ազդեցությունից անխտիր: Այդ փորձերը տեսնում ենք քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով: Կարծում եմ, որ հասարակության այդ ձեռքբերումն ավելի ու ավելի կմեծանա: Իսկ թե դա ինչպես կանդրադառնա ՀԱԿ-ի վրա, դա կախված է նրանց ղեկավարությունից: Նրանք տեսնում են, որ հասարակությունն իրենցից առաջ է անցել եւ իրենց էլ է գնահատական տալիս: Եվ եթե փորձեն վերափոխվել, նորից կարող են հասարակության հետ լեզու գտնել: Եթե ոչ` ուրեմն խորտակման պրոցեսը պիտի շարունակվի, որ քաղաքական դաշտն ազատվի նման ուժից: Մենք ունեցել ենք նման ուժ` «Արդարություն» դաշինքը: Ի՞նչ որ պահի արդեն հասկացվեց, որ չի արտացոլում հասարակական շահերը, եւ վերացավ: Ու վակուում ստեղծվեց: Նույն պրոցեսը կարող է կատարվել հիմա, եթե չվերանայվի մոտեցումները: Հասարակության պահանջը հիմա շատ մեծ է: Նախկինում շատ քչերն էին ընդդիմությանը բան ասում, պահանջներ ներկայացնում: Հիմա հասարակությունը պահանջում է: Ասել եք` արեք: Սա նորություն է հասարակական կյանքում: Պահանջ է ներկայացվում այն ուժին, որը փոփոխություններ է հռչակում: Եթե նշված փոփոխությունները, տվյալ դեպքում` արտահերթ ընտրությունները չեն եղել, պիտի պատասխան տաս հասարակությանը, թե ինչու չի եղել:

– Փոփոխություններ չգրանցելու համար ընդդիմության կողմից պատճառ է ներկայացվում նաեւ նույն հասարակության աջակցության բացակայությունը: Հասարակությունը կարծես թե էլ չի ուզում պայքարել եւ հեռանում է:

– Բայց հասարակության առաջ ինչ խնդիրներ կամ ճանապարհային քարտեզ է դրվում: Ասելու են` գնացեք տուն, 2 շաբաթի՞ց կգաք: Հասարակությունը հասկանում է, որ դրանից այն կողմ բան չունեն ասելու, եթե ունենային, կասեին: Հասարակությունը հասկացավ, որ ՀԱԿ-ն էլ չի համապատասխանում իր հռչակածին:

– Ասում եք, որ մարդկանց աչքերը բացվեցին, հասարակական շարժումներ են առաջանում, հասարակությունն արդեն պահանջներ է ներկայացնում, եւ այլն: Այս փոփոխությունների արդյունքում հնարավո՞ր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ավելի արդար անցնեն:

– Եթե չկա ընտրական մեխանիզմ, հասարակությունն ինչ էլ պահանջի` չի լինի: Դու կարող ես գնալ եւ ընտրել, բայց երբ դուրս գաս, այնտեղ այլ բան անեն: Հասարակությունը կգա անպայման, ինչպես 20-րդ դարում շատ երկրներում: Այդ փորձերը ցույց են տվել, որ փոփոխությունը սկսվել է այն ժամանակ, երբ հասարակությունը չի հարցրել որեւէ մեկից, թե ինչ է պետք անել: Ինքն է սկսել շարժում եւ շատ տեղերում անգամ կուսակցություններին թույլ չի տվել մոտենալ: Օրինակ, 80-ականներին Չիլիի շարժումը հանքափորերն են սկսել եւ վերջացրել: Կուսակցությունների առաջ վերջում ընտրական մեխանիզմները հստակեցրել, ուլտիմատում են դրել:

– Մեզ մոտ դեռ այդ վիճակը հասունացած չէ՞, հասարակությունը չի՞ կոնկրետացրել իր պահանջները:

– Ես կարծում եմ, որ մոտենում է: Անցած 20 տարվա փորձը բերել է նրան, որ հասարակությունն անընդհատ հույսեր է կապում կուսակցականների հետ: Կարծում էր, թե դա կուսակցությունների գործն է: Դրա համար էլ մենք այս վիճակում ենք: Գալիս է պահ, երբ հասարակությունը հասկանում է, որ կուսակցական գործիչները համակարգային քաղաքական փոփոխություն չեն կարող անել, որովհետեւ նրանք մարդիկ են, որոնց գործը իշխանության ձգտելու համար է: Բայց այստեղ կարեւոր է, թե ով է առաջնորդը: Շարժման առաջնորդներն առաջանում են հասարակությունից: Եվ բոլոր այն երկրներում, որտեղ հաջողվել է փոփոխությունը, եղել են հեղափոխական գործիչներ: Համակարգային փոփոխությունը հեղափոխություն է: Արաբական երկրներում ժողովուրդն ինքն է անում շարժումը: Կուսակցությունները ժողովրդի շուրջն են:

– Հայաստանի դեպքում նման ի՞նչ կանխատեսումներ ունեք:

– Ես կարծում եմ, որ հասարակությունն օգտագործելով նոր տեխնոլոգիաները` սկսում է այլ կերպ մտածել, քան կուսակցությունները: Եվ դա ցույց է տալիս, որ հասարակությունը կհասկանա իր լրջագույն սխալը, որ համակարգային փոփոխությունները կուսակցությունների միջոցով չեն անում: Դրանից հետո կարելի է սպասել փոփոխություններ:

– Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում ի՞նչ փոփոխություններ եղան: ԼՂՀ կարգավորման հարցը Կազանում նախագահների վերջին հանդիպումից հետո կարծես թե փակուղի է մտել:

– Համանախագահող երկրների նախագահներն իրենք էլ խոսում են, որ կարգավորման հիմքում դրված մոտեցումն արդյունքներ չի տալիս, որ այդ Մադրիդյան սկզբունքներով հարց չի կարող լուծվել: Հիշում եմ, ամռանը Եվրախորհրդարանում երբ ղարաբաղյան հարցով լսումներ եղան, եվրոպական փորձագետները եւ Մինսկի խմբի համանախագահներն են խոսել, որ Կազանը վերջին հանգրվանն է: Եթե այս անգամ էլ առաջընթաց չլինի, երեւի թե անհրաժեշտ կլինի ընդհանուր մոտեցումը փոխել: Սկսեցին խոսել Ճգնաժամային խմբի ներկայացուցիչները եւ այլք, թե ընդհանուր մոտեցումը պետք է փոխել: Այդ մոտեցումը նրանք չեն փոխել: Շատ են խոսում, որ ԵՄ-ն պիտի ավելի ակտիվ դեր խաղա: Այս հայտարարություններից որեւէ բան դեռ չի իրականացվել: Բայց տեսնում են, որ այս մոտեցումը որեւէ արդյունքի չի բերել: Կողմերն էլ հավանաբար դրա հետ որեւէ հույս չեն կապում, ավելի շուտ ժամանակ են անցկացնում: Դրա համար էլ գործընթացը կանգնեց: Նույնն էլ եղավ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում: Եվ մնաց մի բան` նորից սփյուռքից խնդրել, թե եկեք` փող ներդրեք: Ամբողջ տարին մենակ դա են ասում` փողերը բերեք, փողերը բերեք: Այդ փողերն էլ, բնականաբար, չկան, որովհետեւ ստեղծված չեն այն պայմանները, որ մարդիկ ներդրում անեն: Փոփոխություններ չեն լինում։