«Սա միայն աննպատակ ակտիվություն չէր, կարծում եմ, որ բավականին լուրջ արդյունքի ենք հասել, ամբողջությամբ կարելի է վերականգնված համարել հանրահավաքներ անցկացնելու իրավունքը: Ավելի կարեւոր նվաճում համարում եմ այն, որ մենք պարտադրեցինք իշխանություններին բաց թողնել քաղբանտարկյալներին. նրանց չհաջողվեց քաղբանտարկյալներին օգտագործել որպես ապրանք` քաղաքական առեւտրի համար, մենք այդ առեւտուրը թույլ չտվեցինք»,- երեկ հրավիրված ասուլիսում` ամփոփելով Հայ ազգային կոնգրեսի գործունեության թերեւս ամենաաննպաստ` 2011 թվականը, ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջինս արդյունավետությունը գնահատել է, ոչ ավել, ոչ պակաս, թվերով. տարվա ընթացքում ՀԱԿ-ը անցկացրել է 22 հանրահավաք եւ երթ` ներառյալ շուրջօրյա հանրահավաքները: Բնականաբար, Զուրաբյանը մեծ ձեռքբերում է համարել նաեւ իշխանությունների հետ այդպես էլ չկայացած երկխոսությունը: «Այդուհանդերձ, մենք չկարողացանք հասնել ամենամեծ նվաճմանը` սեփական իշխանությունը ընտրելու իրավունքին: Այդ իրադարձությունը, որ պետք է դառնար տարվա ամենամեծ նվաճումը, դարձավ ամենամեծ ձախողումը, ինչի համար մեղավոր են իշխանությունները, որովհետեւ նրանք պետք է հասկանան, որ առանց զիջումների երկխոսություն չի լինի, իսկ իշխանությունները հրաժարվեցին որեւէ զիջում կատարել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, ըստ այդմ էլ` նրանք են կրում երկխոսության ձախողման մեղքը»,- ասել է նա: Խոսելով հաջորդ տարվա մասին, Զուրաբյանը նշել է, որ ըստ իրենց` 2012-ը պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձեւավորման տարի: Ինչպես անցած 4 տարիները, ըստ ՀԱԿ-ի, պետք է դառնային այդպիսին: «Կամ նրանք անցկացնում են արդար եւ թափանցիկ ընտրություններ, կամ երկիրը նետում են ցնցումների մեջ: Իհարկե, իշխանությունները կարող են խուսափել արտահերթ ընտրություններից, բայց հերթականից խուսափել չեն կարող, ընտրությունները` լինեն դրանք արտահերթ թե հերթական, մենք դարձնելու ենք Սերժ Սարգսյանին հեռացնելու գործիք` ինչ ընտրություն էլ լինի Հայաստանում, դրանք լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ»,- հայտարարել է Լ. Զուրաբյանը, ով մինչեւ վերջերս ՀԱԿ-ի` հերթական ընտրություններին մասնակցելու մասին նույնիսկ տեսական հարցերը համարում էր անձնական վիրավորանք ու իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու դրսեւորում: Սակայն Զուրաբյանի երեկվա ամփոփիչ ասուլիսի թերեւս ամենաառանցքային հատվածը վերաբերել է մոսկովյան «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանին, ում արդեն նաեւ ի պաշտոնե կարելի է համարել ՀԱԿ-ի ռուսական համակարգող: Հիշեցնենք, որ, մեղմ ասած, կասկածելի համարում ունեցող եւ նույնքան կասկածելի գործունեությամբ հայտնի Կարախանյանը վերջերս տված հարցազրույցներից մեկում գրեթե ուղղակիորեն հայտարարել էր, թե Կրեմլը ինչ պահանջներ է ներկայացնում ՀԱԿ-ին: «Ես չգիտեմ, թե Կոնգրեսի քաղաքական մարմինն ընտրություններից առաջ ինչ որոշումներ կընդունի, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել` մասամբ մասնակից լինելով բոլոր այդ հանդիպումներին եւ բանակցային պրոցեսներին, որ Կոնգրեսից հստակ մի բան է ակնկալվում, որ տարվի հայամետ քաղաքականություն: Հարցը դրված չէ` ռուսամետ, այլ հայամետ: Հարցը դրվում է այսպես` մենք ինչ տեսակ Հայաստան ենք ուզում, որ արեւմտյան կցորդ դառնա ու տարբեր ասոցիացված միությունների միջոցով մտնի Թուրքիայի տա՞կ, արեւմտյան ստրատեգները Հայաստանում ստեղծեն տրանզիտային արտաքին ռազմական հարթակնե՞ր: Հետո էլ վերջին պահին գան ռուսների գիրկն ու ասեն. «Մենք ձերն ենք` ոտքով-գլխով, հոգով-սրտով»,- «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով «արդյոք Պուտինը լոյա՞լ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսին» հարցին, ասել էր Կարախանյանը։ Եվ ահա, երեկվա ասուլիսում ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը ոչ միայն գոնե ձեւականորեն չի փորձել տարանջատվել գրեթե անթաքույց ռուսական շատ որոշակի շրջանակների ու մարմինների շահերը ներկայացնող սույն անձնավորությունից, այլ նրան ներկայացրել է որպես ՀԱԿ-ի համակիր: «Սմբատ Կարախանյանը «Միաբանություն» կենտրոնի ղեկավարն է, որն ունի բավական լուրջ կապեր, համակրում է Շարժման նպատակներին եւ իր հնարավորությունների չափով օգնում է եւ՛ հանդիպումների կազմակերպման, եւ՛ այլ հարցերի ոլորտներում, ընդամենը սա է: Բայց Ռուսաստանի իշխանությունների հետ մեր կոնտակտները նույնքան ինտենսիվ են, որքան մեր կոնտակտները Միացյալ Նահանգների, Եվրոպայի Միության երկրների հետ: Մենք կարծում ենք, որ պետք է մշտական կապերի մեջ լինենք Հայաստանում բոլոր ազդեցիկ խաղացողների հետ: Հատկապես կարեւոր ենք համարում կապերը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է»,- ասել է նա: