Սփյուռքահայության ամենակարեւոր օրը

22/12/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ֆրանսիայի ազգային ժողովի այսօրվա նիստը լինելու է աշխարհի բոլոր հայերի ուշադրության կենտրոնում։ Քննարկվելու է Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նախագիծը։

Իհարկե, օրինագծում ոչ Հայաստան բառն է շեշտվում, ոչ Թուրքիան։ Այն վերաբերում է ընդհանրապես ճանաչված ցեղասպանությունների ժխտմանը։ Սակայն, ժողովրդական առածը ասում է, թե` «թամամ խոսքը» ում են ասում։ Ֆրանսիան մինչ այժմ պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց մեծ եղեռնը եւ հրեաների Հոլոքոստը։ Հոլոքոստի դեպքում վաղուց է գործում ժխտման համար քրեական պատիժը։ Այնպես որ, այս օրինագիծը վերաբերում է կոնկրետ 1915թ. Հայոց ցեղասպանությանը։ Դրա համար Թուրքիան խառնվել է իրար, զգուշացնող նամակներ են գրում Ֆրանսիային, սպառնում, որ օրինագծի ընդունումը անդառնալի հետեւանքներ կունենա թուրք-ֆրանսիական հարաբերությունների տեսանկյունից։ Սակայն Ֆրանսիայի վրա այս ամենը կարծես չի ազդում. այս երկիրը հանգիստ է վերաբերվում Թուրքիայի ջղաձգումներին, ավելին՝ ինչ-որ տեղ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։ Օրինակ՝ թուրք գործարարներին դահլիճ չեն տրամադրում, կամ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկու օր շարունակ խուսափում է պատասխանել իր թուրք գործընկերոջ՝ Աբդուլլահ Գյուլի զանգերին։

Հանուն ինչի՞ է Ֆրանսիան վտանգի տակ դնում իր հարաբերությունները Թուրքիայի նման կարեւոր երկրի հետ։ Եվ, որ ավելի զարմանալի է՝ ինչո՞վ բացատրել Սարկոզիի վարչակազմի այս մոտեցումը, եթե նկատի ունենանք, որ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությունը պատկանել է «ձախերին»՝ ընդդիմությանը, իսկ Ֆրանսիայի իշխող կուսակցությունը թույլ չի տվել, որ այդ նախագիծը կյանքի կոչվի։

Թե Հայաստանում, թե Սփյուռքում լավ գիտակցում են, որ Ցեղասպանության ժխտման օրինագիծն ունի քաղաքական ենթատեքստ։ Մասնավորապես ֆրանսահայերը շատ մանրամասն եւ հիմնավորված ապացուցում են, որ այսօր Նիկոլա Սարկոզիի համար կարեւոր է անգամ մեկ ձայնը։ Հենց իրենք՝ Ֆրանսիայի ներկայիս իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ են ընդունում, որ այս պահի դրությամբ առավելությունը «ձախերի» կողմն է, եւ եթե ոչինչ չփոխվի, ապա Սարկոզին պարտություն կկրի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում։ Իսկ այդ տեսանկյունից՝ մի քանի հարյուր հազարանոց ֆրանսահայ ընտրազանգվածի արժեքը զգալիորեն մեծանում է։ Սակայն ֆրանսահայերին դա այդքան էլ չի հուզում։ Կարեւորը՝ որ օրինագիծն ընդունվի։ Իսկ թե իրական պատճառները որոնք են, դա արդեն էական չէ։

Իրենք՝ ֆրանսիացիները, ժխտում են, որ օրինագիծը որեւէ կապ ունի առաջիկա ընտրությունների հետ։ Օրինակ՝ նախագծի հեղինակ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բոայեն նշում է, որ խորհրդարանական ընտրություններում իր մրցակիցը սոցիալիստների ճամբարն էր ներկայացնում եւ օրինագծի ակտիվիստներից էր։ Սակայն պարտություն կրեց։ Այսինքն՝ հայ ընտրազանգվածի գործոնը դեր չխաղաց։

Իրականում, հարցն, իհարկե, որոշ չափով կապ ունի ընտրապայքարի հետ։ Սակայն միամտություն կլինի կարծել, որ դա ամենագլխավոր գործոնն է։ Նախ՝ այսօր Ֆրանսիայում թուրքերը նույնպես քիչ թիվ չեն կազմում։ Երկրորդ՝ չպետք է մոռանալ, որ Ժամանակակից Թուրքիան բավականին մեծ տնտեսական կշիռ եւ աշխարհաքաղաքական մեծ դեր ունի, եւ աշխարհի բոլոր գերտերությունները (այդ թվում` Ֆրանսիան) չեն կարող հաշվի չնստել այս երկրի հետ։ Օրինագիծն ընդունելով՝ Ֆրանսիան վտանգում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը հակասում է Ֆրանսիայի շահերին։ Դա գիտակցում են բոլորը։ Սակայն, եթե Սարկոզին գիտակցաբար գործեր հակառակ իր երկրի շահերի՝ միայն իր ընտրվելու համար, ֆրանսիացի ընտրողները նրան չէին ների։ Անգամ նրանք, ովքեր այժմ Սարկոզիի կողմնակիցներն են։ Սա նշանակում է, որ կան ավելի խորը, աշխարհաքաղաքական պատճառներ։ Ֆրանսիայի եւ Հայաստանի նման երկրների գլխավոր տարբերություններից մեկն էլ ի վերջո այն է, որ Ֆրանսիայում առաջին տեղում պետական շահն է, հետո նոր` անձնական կամ քաղաքական ամբիցիաները։ «Ժամանակակից Թուրքիայի տնտեսական կշիռը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծում Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, ռազմավարական դիրքն ու տարածաշրջանային քաղաքական նշանակությունն այն գործոններն են, որ ճնշում են գործադրում ֆրանսիական եւ ամերիկյան պետությունների վրա: Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի շահերը նաեւ հայկական ծագմամբ ֆրանսիացիների եւ ամերիկացիների շահերն են»,- ասում է 14 տարի Ֆրանսիայում բնակվող եւ աշխատող վերլուծաբան Ալբերտ Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ աշխարհում իշխում են պրագմատիզմն ու ռեալիզմը։

Ինչեւէ, ինչպես նշեցինք՝ իրական դրդապատճառները Սփյուռքը շատ չի կարեւորում։ Սփյուռքի համար Ցեղասպանության հարցը դարձել է սփյուռքահայերին մոբիլիզացնող գլխավոր, թերեւս, միակ ուժը, ինչ-որ տեղ՝ երազանքը։ Դժվար է պատկերացնել, թե ի՞նչն է փոխարինելու այդ մոբիլիզացնող գործոնին, եթե Ցեղասպանության հարցը մի օր վերջնական լուծում ստանա՝ ճանաչվի բոլորի, այդ թվում` Թուրքիայի կողմից։ Առավել ռոմանտիկներն ասում են, որ դրանից հետո կանցնեն արդեն տարածքների վերադարձի հարցին։ Սակայն Սփյուռքում (այդ թվում, այսպես ասած, Հին Սփյուռքում) բարեբախտաբար մեծ թիվ են կազմում իրատես մարդիկ, ովքեր հասկանում են, որ այսօր գրեթե անհնար է աշխարհի քարտեզը ձեւափոխել՝ հօգուտ փոքր երկրների։ Իսկ որպես իրենց հաջորդ գերխնդիր` ֆրանսահայերից շատերը նշում են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այսինքն՝ կոնկրետ Ֆրանսիայում օրինագծի ընդունումից հետո իրենց ողջ ջանքերը կենտրոնացնելու են ԼՂ խնդրի հայանպաստ լուծման ուղղությամբ։ Նշենք, որ սփյուռքահայերի առաջնահերթությունները երբեմն զարմանալի ու անհասկանալի են թվում հենց ֆրանսիացի այն գործիչների համար, ովքեր Ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում բավականին ակտիվ են։ «Հայ համայնքին շատ է հուզում Ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը։ Սակայն նրանցից շատերին չի հետաքրքրում ղարաբաղյան հարցը։ Դա մեզ համար զարմանալի է։ Թեկուզ միայն այն պատճառով, որ Ղարաբաղում մարդիկ են ապրում…»,- մեզ հետ զրույցում նշեց Ֆրանսիացի մի պատգամավոր՝ ավելացնելով, որ որոշ սփյուռքահայերի չի հետաքրքրում անգամ Հայաստանը։

Լեռնային Ղարաբաղի հարցին եւ Հայաստանի խնդիրների վերաբերյալ սփյուռքահայության (մասնավորապես` ֆրանսահայության) մոտեցումների մասին կխոսենք առաջիկա համարներից մեկում։ Պարզապես հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիական Ազգային ժողովը քննարկելու է ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այս անգամ գրեթե բոլորը վստահ են, որ Ազգային ժողովը այն կհաստատի։ Սակայն պետք չէ մոռանալ, որ այն դեռ պետք է արժանանա նաեւ Սենատի հավանությանը։ Ամեն դեպքում՝ Ֆրանսիական խորհրդարանի այսօրվա որոշումը պետք չէ դիտարկել որպես կենաց եւ մահու հարց։ Կհաստատեն օրինագիծը՝ լավ է։ Սակայն պետք չի ընկնել երազանքների գիրկը ու չափից դուրս ոգեւորվելով՝ անտեսել աշխարհաքաղաքական գործոնների դերը, որոնք հայերի հույզերի եւ հիշողությունների հետ ամենեւին կապ չունեն։ Չեն հաստատի, ուրեմն ողբերգություն էլ պետք չէ դրանից սարքել. հայ ժողովրդի ապագան կախված է առաջին հերթին ոչ թե այդ օրինագծի ճակատագրից, այլ շատ ավելի առարկայական հիմնախնդիրներից։