Դեպի Եվրոպա՝ Եվրոպայից կտրված

22/12/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Fitch վարկանիշային գործակալությունը երեկ զգուշացրել է, որ կիջեցնի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի վարկանիշը, եթե Եվրոպայի խոշորագույն տնտեսությունների՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի վարկունակության գնահատականը վատթարանա։

Հիշեցնենք, որ եվրոյի գոտու պարտքային ճգնաժամը խորացել է հատկապես այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հրաժարվեց 50 միլիարդ եվրո տրամադրել Արժույթի միջազգային հիմնադրամին՝ պարտքային խնդիրները լուծելու համար։ Եվրոյի գոտու երկրները նախապես ծրագրում էին ԱՄՀ-ին տրամադրել 200 միլիարդ եվրո, սակայն Մեծ Բրիտանիայի հրաժարվելուց հետո գումարը նվազեց մինչեւ 150 միլիարդի։

Եթե Մեծ Բրիտանիան ձեռքերը լվացել է եվրոգոտու ճգնաժամից, ապա փոխարենը` օգնության ձեռք է մեկնվում մեկ այլ եվրոպական երկրից՝ Նորվեգիայից։ Այս երկրի վարչապետ Ենս Սոլտենբերգը հայտարարել է, որ իր երկիրը 7 միլիարդ եվրո կտրամադրի արժույթի միջազգային հիմնադրամին՝ որպես օգնություն պարտքային ճգնաժամի մեջ հայտնված եվրոպական երկրներին։ Սա հետաքրքիր է այնքանով, որ Նորվեգիան Եվրամիության անդամ չէ։ Սակայն նրա տնտեսությունը, մասնավորապես` արտահանումը մեծապես կախված է Եվրամիության շուկայից։ Ու չնայած Նորվեգիան տնտեսական աճի լավ ցուցանիշներ ունի՝ հիմնականում նավթի բարձր գնի շնորհիվ, այդուհանդերձ մտահոգված է, որ եվրոպական ճգնաժամը բացասաբար կազդի էներգառեսուրսների արտահանման վրա։

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը։ Առաջին հայացքից՝ թվում է` ոչ մի կապ։ Ոչ Եվրամիության անդամ ենք, ոչ էլ եվրոն է մեր նախընտրած արտարժույթը։ Իհարկե, արտաքին առեւտրի մոտ մեկ երրորդը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, բայց դա սարսափելի բան չէ։ Սակայն իրականում եվրոպական ճգնաժամը բավական ուժեղ հարվածելու է նաեւ Հայաստանին, որքան էլ մեր իշխանությունները, նախորդ փորձից դասեր չքաղելով, մտածեն, որ այդ մասին չխոսելով` Հայաստանը զերծ կպահեն ճգնաժամից։

Եվրոյի գոտու ճգնաժամը չի սահմանափակվելու միայն Եվրոպայով, այլ տարածվելու է ողջ աշխարհով՝ ազդելով համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում` մեր գլխավոր գործընկեր Ռուսաստանի։ Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ եվրոպական ճգնաժամը Հայաստանի վրա (եթե եվրոպական երկրներին չհաջողվի այն զսպել), դժվար չէ գուշակել։ Նախ՝ հանքահումքային արտադրանքի (մետաղների) միջազգային գների անկումը անմիջականորեն կազդի ՀՀ արտահանման ցուցանիշի վրա։ Երկրորդ՝ նավթամթերքի գների անկումը բացասաբար կազդի ՌԴ տնտեսության վրա, որն իր հերթին կհանգեցնի այս երկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատմանը։ Ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է՝ պատկերացնելու համար, թե որքան լուրջ են եվրոպական ճգնաժամի ռիսկերը։ Հետաքրքիրն այն է, որ այդ ռիսկերի մասին նշված է նաեւ 2012թ. պետբյուջեի ուղերձում։ Սակայն դրանք գնալով ավելի իրատեսական են դառնում, ինչը զարմանալի անուշադրության է մատնվում հայաստանցիներիս կողմից։ Մեզ ավելի շատ հետաքրքրում են ներքաղաքական բամբասանքները եւ Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը։ Եվ դա` այն դեպքում, երբ աշխարհի բոլոր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հենց եվրոպական ճգնաժամի թեման է, իսկ ԵՄ անդամ երկրների՝ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ գրեթե սառը պատերազմ է սկսվում։ Միջազգային անցուդարձի վերաբերյալ մեր հետաքրքրությունը այս օրերին արտահայտվում է միայն Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծի հարցում։ Չենք ուզում վատատես լինել եւ ժամանակից շուտ խոսել տնտեսական ճգնաժամի մասին, սակայն վտանգները «չտեսնելու տալ» չի կարելի։ Առավել եւս, որ նման գործելաոճի հետեւանքները մի անգամ արդեն զգացել ենք 2009 թվականին։