«Խորհուրդը լուծարելուց առաջ կարող էին ինձ հարցնել, թե ինչո՞ւմն է բանը»,- ասում է Ռոբերտ Ամիրխանյանը

22/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Գ. Ծառուկյանը որոշում է կայացրել լուծարել մշակույթի աջակցման խորհուրդը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ծառուկյանի կողմից մշակութային խորհուրդ էր ստեղծվել եւ մշակութային ծրագրերի համար հատկացվել էր 100 մլն դրամ: «Դեռեւս հունիս ամսին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր մշակույթի աջակցման համար 100 մլն դրամ տրամադրելու իր որոշման մասին: Հայտերի ընդունման համար բարձր մասնագիտական մոտեցում ապահովելու եւ անաչառ մրցույթներ անցկացնելու համար ստեղծվել էր մշակույթի աջակցման խորհուրդ: Խորհուրդն օժտված էր ինքնուրույն ծրագրային ընտրություն կատարելու եւ ֆինանսական որոշումներ կայացնելու լիազորություններով: Ցավոք, անցած ամիսների ընթացքում խորհուրդը չկարողացավ գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, չֆինանսավորվեց ոչ մի ծրագիր, այն պայմաններում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիքն ունեն: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են տեխնիկական եւ այլ կարգի բացատրություններն ու արդարացումները: Հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացվել լուծարել մշակույթի աջակցման խորհուրդը: Գ. Ծառուկյանը վերահաստատում է 100 մլն դրամ մշակույթի աջակցմանը տրամադրելու իր որոշումը: Ավելին` անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն է հայտնում ավելացնել այդ գումարը: Առաջիկայում ծրագրերի ընտրության եւ նախագծերի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը դրվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վրա: Գ. Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում Մշակույթի աջակցման խորհրդի բոլոր այն անդամներին, ովքեր այս ամիսների ընթացքում ցուցաբերեցին մեծ պատասխանատվություն, ազնվություն եւ բարձր պրոֆեսիոնալիզմ, եւ վստահություն է հայտնում, որ առաջիկայում կգտնվեն համագործակցության նոր, հետաքրքիր եզրեր` հանուն մեր երկրի, հանուն մշակույթի զարգացման»,- ասված է Խ. Գալստյանի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանի կողմից ստեղծված մշակութային մասնագիտական խորհրդի նախագահ էր նշանակվել կոմպոզիտոր, երգիչ, Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Հիշեցնենք նաեւ, թե Ռ. Ամիրխանյանի մասին ինչպես էր արտահայտվել հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանը, երբ իմացել էր Ծառուկյանի` մշակութային այդ նախաձեռնության մասին. «Վերջերս իմացա, որ Գագիկ Ծառուկյանը հսկայական գումար է հատկացրել մշակույթի զարգացման համար: Ստեղծվել է առանձին կառույց: Գաղափարը փայլուն է, ու Գագիկը ժողովրդի համար շատ կարեւոր բան է արել` մանավանդ այս օրերին: Բայց մեխանիզմի առումով, կարծում եմ, սխալ կա: Չէր կարելի խորհրդի նախագահ ընտրել Ռոբերտ Ամիրխանյանին: Նա սկզբունք չունեցող մարդ է, իսկ սկզբունքը միայն փող աշխատելն է: Հարցրեք մշակութային աշխարհին, բոլոր նորմալ մարդկանց ճանապարհը փակել է: Գորշ անձնավորություն է: Միջակությունը չի կարող օբյեկտիվորեն լավ գաղափար ղեկավարել»:

Երեկ երեկոյան մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ մշակութային այդ խորհրդի նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից: Թե ինչո՞ւ ստեղծման օրից մինչ օրս խորհուրդը չի կարողացել գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, ինչո՞ւ չֆինանսավորվեց որեւէ ծրագիր, այն դեպքում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիք ունեն: Ի վերջո, ինչո՞ւ լուծարվեց խորհուրդը: Ռոբերտ Ամիրխանյանը, սակայն, զարմացած էր իր կողմից ղեկավարվող` մշակութային խորհրդի լուծարման մասին մեր հարցից: Նա ասաց, թե ինքը խորհրդի լուծարման մասին տեղյակ չէր մինչ մեր հեռախոսազանգը: «Ես առաջին անգամ իմացել եմ ձեզանից` լրագրողի զանգից հետո: Եթե, իրոք, հետաքրքրված էին այդ խորհրդով, լուծարելուց առաջ կարող էին ինձ հրավիրել կամ հարցնել, թե ինչո՞ւմն է բանը, ինչո՞ւ չեք աշխատում,- ասաց Ռ. Ամիրխանյանը` նկատելով,- Իսկ գնահատական դնել մեր աշխատանքին այս ձեւով` չեմ կարծում, թե խոհեմ է, որովհետեւ նրանք երբեք մեզ հետ հաշվի չեն նստել»: Մեր հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ խորհուրդը չկարողացավ հավանություն տալ որեւէ մշակութային ծրագրի, Ռ. Ամիրխանյանը պատասխանեց. «Մենք մեր որոշումը կայացրել ենք, եւ եթե Ձեզ հետաքրքրում է` կարող եմ մանրամասն ասել, թե ի՞նչ հայտեր էին ներկայացված ֆինանսավորման համար: Իսկ թե ինչո՞ւ են մեր աշխատանքը սեւացնում` հարցրեք իրենց»: Ռ. Ամիրխանյանի փոխանցմամբ` սեպտեմբերին իրենք կանոնադրություն են մշակել, եւ ինքը Կոմպոզիտորների միության շենքում հատուկ սենյակ է տրամադրել, որտեղ հայտերը պետք է հավաքեին համակարգչում: «Բազմաթիվ հայտեր են ներկայացվել` թվով մոտ 30, որոնցից կարող եմ նշել մի քանիսը: Օրինակ` եղել է գիտական գրքի թարգմանության ֆինանսավորման հարցը, «Արարատից մինչեւ Արեւմուտք»` Վանի մասին ֆիլմի ֆինանսավորման հարցը, եղել է Ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմի հատուկ սցենարի ֆինանսավորման հարցը, եղել է Ղափանի տիկնիկային թատրոնի կոլեկտիվի խնդրանքը որոշակի ֆինանսավորման համար, եղել է ասմունքի երեկո անցկացնելու առաջարկ, հանձնախումբը քննարկել է»,- ասաց կոմպոզիտոր Ամիրխանյանը` շեշտելով, որ դրանց մեջ եղել են արժեքավոր հայտեր, որոնք իրենք ներկայացրել են: «Խորհուրդը մի անգամ քննարկել է այդ աշխատանքները: Պատրաստվում էինք հիմա քննարկել, բայց հիմա, փաստորեն, վերցրել-փակել են: Իրենց հարցրեք, թե ինչո՞ւ են փակել: Լիքը ծրագրեր կային, եւ այդ ծրագրերը մենք քննարկել էինք: Ես էլ ասում եմ` Կոմպոզիտորների միության շենքում հատուկ սենյակ եմ տրամադրել, որպեսզի նրանք նստեն եւ այդ հայտերը համակարգչով հավաքեն, ինչպես նաեւ հայտարարվել էին որոշակի օրեր, որ այդ օրերին պետք է հայտեր ընդունվեն, հեռախոսի համարներ էին տարածվել, լրագրողների հետ հանդիպումներ ենք ունեցել: Հայտարարություն ենք արել, թե ի՞նչ սիստեմով ենք աշխատելու: Ի՞նչ է նշանակում` խորհուրդը չի աշխատել: Ինչ-որ մեկը սխալ է մեկնաբանել մեր աշխատանքը, եւ որոշել են ուրիշ ճանապարհով գնան` մեղքն իրենց վիզը: Ֆինանսավորման համար ծրագրեր կային, որոնցից ինչ-որ քանակությամբ խորհուրդն առաջարկել էր ֆինանսավորման, թե դրանից հետո ինչ քայլեր են տեղի ունեցել` ինձ հայտնի չէ: Հիմա պարզվում է, որ ինքը դադարեցրել է այս խորհրդի գործունեությունը: Իսկ գիտե՞ք, թե ինչպես ձեւավորվեց այս խորհուրդը: Ամռանը արվեստի գործիչներին հավաքել էին իր մոտ, եւ լսում էին նրանց ցավերը: Ես տեսա, որ մեր արվեստի գործիչները դառնում են մուրացկաններ` բոլորը փող են խնդրում, երբ խոսքը հասավ ինձ, ասացի` տղե՛րք, եթե մեզնից ամեն մեկին հաջողվի այսօր ինչ-որ գումար պոկել-խնդրել-վերցնել-գնալ, վաղը ո՞նց եք ապրելու: Եվ առաջարկեցի մի խորհուրդ ստեղծել, որը կքննարկի բոլոր արվեստագետների հայտերը, ովքեր ուզում են ֆինանսավորվել»,- ավելացրեց Ռ. Ամիրխանյանը:

Ի դեպ, երկու հանգամանք եւս. Գ. Ծառուկյանի մամլո խոսնակի տեքստում ասվում է. «Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են տեխնիկական եւ այլ կարգի բացատրություններն ու արդարացումները»: Սա նշանակում է, որ ինչ-որ քննարկում, այնուամենայնիվ, եղել է, եւ այսպիսով պատասխան է տրվում մշակութային այդ խորհրդի անդամների հնարավոր մեկնաբանություններին: Եվ երկրորդ. մեզ հետ հեռախոսազրույցի վերջում Ռոբերտ Ամիրխանյանն ավելացնում է. «Հիմա մեր ջանքերով Հայաստանի նախագահի հովանավորությամբ կստեղծվի նմանատիպ մի կառույց, խորհուրդ` շատ ավելի ներկայանալի կազմով, որը կքննարկի մշակույթի գործիչների հայտերը` նրանց որոշակի աջակցություն ցուցաբերելու համար»,- ասաց Ռ. Ամիրխանյանը, ում փոխանցմամբ` Գ. Ծառուկյանի միջոցներով ձեւավորված խորհրդի կազմում էին Ջիվան Գասպարյանը, երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանը եւ եւս 9 ներկայացուցիչներ: Արդյոք սա չի՞ նշանակում, որ մինչ ԲՀԿ-ի կողմից այս հաղորդագրության տարածումն արդեն իսկ Ռ. Ամիրխանյանը` Ծառուկյանի կողմից սպասվելիք որոշման մասին իմացել է եւ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նմանատիպ խորհուրդ հիմնելու առաջարկով: Իսկ այդ խորհուրդը, բոլորին է հայտնի` եւ ԲՀԿ-ի դեպքում, եւ ՀՀԿ-ի դեպքում ունի նախընտրական քարոզչական նպատակ:

Այնուամենայնիվ, մի բան ակնհայտ է` Ծառուկյանը խոստացած 100 մլն դրամից չի հրաժարվում, ավելին` խոստանում է անհրաժեշտության դեպքում ավելացնել այն, սակայն հրաժարվում է Ռ. Ամիրխանյանի եւ նրա մյուս գործընկերների ծառայություններից: Թե ո՞րն է նրա` այդ կտրուկ որոշման բուն պատճառը` հայտնի չէ: Ավելին, Ռ. Ամիրխանյանի թվարկած` ֆինանսավորման արժանի նախագծերը եւս անհետաքրքիր, տխուր ու ոչինչ չասող են: Երեկ մինչ ուշ երեկո մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակից, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր: Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, դժվար է միանշանակ պատասխաններ կամ գնահատականներ տալ, բայց տարօրինակ են այն հանգամանքները, որ մի կողմից` կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածում` նշելով, որ նշյալ խորհուրդը լուծարվեց ծրագրեր չլինելու պատճառով, մյուս կողմից` խորհրդի նախագահը նշում է, որ ծրագրեր ներկայացրել են, եւ, որ ինքը մինչ մեր հեռախոսազանգը տեղյակ չէր խորհրդի լուծարման մասին: Փոխարենը` վերջինս քաջատեղյակ էր ՀՀ նախագահի կողմից նման խորհրդի ստեղծման մասին: Միգուցե Ծառուկյանին դժգոհություննե՞ր են հասել խորհրդի աշխատանքների մասին: Մշակույթի գործիչներից ոմանք, բացի Ռ. Հախվերդյանից, մասնավոր զրույցներում բազմիցս բողոքել են, թե այդ խորհուրդն ունակ չէ որեւէ նոր նախագիծ առաջ քաշել` նշելով, որ խորհրդում, Ռ. Ամիրխանյանից սկսած` հավաքված են մարդիկ, որոնք իրենց սեփական նախագծերից բացի, որեւէ նոր գաղափարի, լավ ստեղծագործողի առաջ չեն քաշի, չեն աջակցի: Ահավասիկ` Ռոբերտ Ամիրխանյանը, Ջիվան Գասպարյանը: