Լավատեսը դեկտեմբերի 22-ը բնութագրելիս հավանաբար կասի, որ այսօր ամենակարճ ցերեկն է: Հոռետեսը բնականաբար կարձանագրի, որ այսօր ամենաերկար գիշերն է: Իսկ տնտեսական թեմաներով գրող լրագրողի համար այս օրն ամենեւին այլ բնութագիր ունի: Այն լիովին համահունչ է մեր տնտեսությանը: Հարկվող ու չհարկվող՝ ստվերային տնտեսությունների հարաբերակցության իմաստով: Ցանկացած մեկը, ով կհանդգնի պնդել, թե մեր տնտեսության հարկվող հատվածն ավելի մեծ է ստվերային մասից, ծանր խնդրի առաջ կկանգնի: Այդ դեպքում նա ստիպված կլինի բացատրել այն անտրամաբանական գործընթացները, որ պաշտոնապես արձանագրվում են մեր տնտեսական կյանքում: Օրինակ, երեկ ազգային դրամն արժեզրկվեց: Մեկ դոլարի փոխարժեքը գերազանցեց 383 դրամի սահմանագիծը: Բորսայում 5 ու կես մլն դոլար վաճառվեց: Կանխիկ շուկայում եւս նույն՝ դրամի արժեզրկման գործընթացներ սկսվեցին: Եվ այս ամենը տեղի ունեցավ ամանորյա առեւտրի թունդ պահին: Երբ բնակչությունը շուկա է հանել իր տարադրամային պահուստները: Հետեւաբար` պիտի որ հակառակը լիներ: Նախատոնական առեւտրի օրերին տարադրամի թանկանալը պիտի որ ուրախացներ բնակչության մեծ մասին: Բայց, ցավոք, տարադրամի արժեւորման ցուցանիշներն անհամեմատելի են գնաճի հետ: Ուրեմն սպառողների համար այն էական չէ: Դրամի արժեզրկումը հավանաբար մեր տնտեսական իշխանություններին է անհրաժեշտ: Անհրաժեշտ է ինչ-ինչ մակրոտնտեսական ցուցանիշներ ամփոփելու եւ տնտեսական տարվա պուպուշ հաշվետվություն արձանագրելու համար: Ի վերջո, չարչրկված Վիկիլիքսյան բացահայտումներից պարզ դարձավ, թե միջազգային ֆինանսական կառույցներն ինչ տիտանական աշխատանք են տանում մեր իշխանությունների հետ: Տիտանական, բայց՝ անպտուղ: Որովհետեւ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին (ու նաեւ Հրանտ Բագրատյանին) ոչ մի կերպ չի հաջողվում համոզել, որ մեր «Կենտրոնական բանկը դադարեցնի արտարժութային ինվեստիցիաները», որ «ԿԲ-ն վերջ տա հայկական դրամն ամրապնդելու քաղաքականությունը»: Հակառակ դեպքում` հավանաբար մեր կառավարությունը ստիպված կլինի ընդունել տնտեսական ճգնաժամի առկայությունը: (Եթե հիշում եք` «տնտեսական ճգնաժամ» բառակապակցության օգտագործումն իսկ արգելված է վարչապետական կամքով): Բայց դա տնտեսության վիճակը չփրկեց: Դա ակնհայտ է դառնում տնտեսության կարգավորմամբ զբաղվող օղակների հաշվետվություններից: Անցած շաբաթվա «հաշվետվություններից» ամենախոսունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքն էր: Մարդն իր հիմնարկի աշխատանքն էր ներկայացնում: Հատկապես, որ օրեր առաջ մի քանի հայտնի տնտեսվարողի էր տուգանել անորակ ապրանքների արտադրության համար: Էդ վաղ էր, որ այս հանձնաժողովը օլիգարխներին մանր-մունր տուգանքներ էր ներկայացնում: Անցած տարի տնտեսական մրցակցության մասին օրենքը կատարելագործվել է: Բերվել է «միջազգային չափանիշների»: ՀՀ գործող մյուս բոլոր օրենքների նման: 2010-ին այս հանձնաժողովը տնտեսվարողներին տուգանել է 36.5 մլն դրամի չափով: Տնտեսվարողները մուծել են 22.5 մլն դրամ: Նույն 2010-ին 28 տուգանքի որոշում տնտեսվարողները փորձել են բողոքարկել դատարաններում: Փորձել ու 28-ն էլ պարտվել են: Այստեղ է, որ ասուլիսին ներկա գտնվողները պիտի հարցնեին. «Բա ինչո՞ւ չի մուծվել մնացած 14 մլն դրամը»: Բայց դրա փոխարեն` այլ հարց է հնչել, ու պարոն Շաբոյանը հայտարարել է, որ իրենց հանձնաժողովի վրա ճնշումներ չկան: Փաստորեն, մեր օլիգարխներն այս հանձնաժողովին չեն ճնշում: Դա ակնհայտ է դառնում հանձնաժողովի գործունեության տվյալներից: Օրինակ, այս տարի հանձնաժողովն արդեն 375 մլն դրամի տուգանքների է ենթարկել մեր տնտեսվարողներին: (Նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 10 անգամ): Մինչ այսօր մուծվել է 177 մլն դրամ տուգանքը: (Նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է մոտ 8 անգամ): Մնացած 200 մլն դրամը չի մուծվել: Այսինքն` տուգանված տնտեսվարողներն առայժմ գերադասում են չկատարել պետական հանձնաժողովի որոշումները: Գուցե նրանք որդեգրել են հանձնաժողովին ճնշելու այս ձեւը: Առայժմ այս ձեւը: Հանձնաժողովի հաշվետվությանը ծանոթանալուց հետո անհասկանալի է մնում այն հարցը, թե` «Այսքան հզոր ու արդյունավետ աշխատող կառույցի պարագային, ինչպե՞ս է մեր տնտեսությունը հաջողացնում մնալ մոնոպոլիզացված ու ոչ մրցակցային»: Կհանդգնեմ ենթադրել, որ այս հարցի թաքնված պատասխանը տրվեց հենց նույն ասուլիսի ժամանակ: Որովհետեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Նախատոնական առեւտրի օրերին գնային էական փոփոխություններ չկան»: Հավանաբար հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմը իրենց դիտարկումներն ու գնումներն անում են այլ խանութներում: Իսկ բնակչությունը՝ բոլորովին այլ: Ուրիշ՝ տրամաբանական բացատրություն գտնելն անհնար է: Որովհետեւ տոնական «լիկվիդային» բոլոր ապրանքների գները՝ մսամթերքից մինչեւ չարազեղեն թանկանում են օր օրի: Դա նույնիսկ կառավարությունը նկատեց: Նկատեց ու 116 հազար ընտանիքի երեքական լիտր ձեթ խոստացավ: 2011-ի ամանորյա հեքիաթի ավարտին պաշտոնական բարձունքներից երեք լիտր ձեթ կընկնի: Կընկնի հանց երեք խնձոր՝ իբրեւ տնտեսական տարվա հեքիաթային ավարտ: