Որտե՞ղ անցկացնել Ամանորը

22/12/2011

Մի շարք տուրգործակալություններում արդեն սպառվել են Ամանորը Հայաստանի տարբեր վայրերում անցկացնելու փաթեթները, կամ էլ մնացել են ամենաթանկերը: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տուրգործակալությունների շրջաններում: Օրինակ` «Ռիմա թրավելի» տնօրեն Ռիմա Խաչատրյանը կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում` հյուրանոցների փաթեթների գները ավելի բարձր են, քան արտերկրում, օրինակ` Եգիպտոսում եւ Դուբայում: «Հյուրանոցներում 1 անձի համար 1 օրը 290-350.000 դրամի սահմաններում է, Հայաստանում հանգիստը թանկ է»,- նշել է նա` մանրամասնելով, որ հայաստանյան ամանորյա հանգիստը 250-290.000 դրամ արժե: «Jasuta» տուրգործակալությունից աշխատակից Քրիստինեն կայքին հայտնել է, որ Ծաղկաձորում 1 անձի հանգիստն արժե 800.000 դրամ, իսկ Ջերմուկում` 600.000 դրամ: «Դոլչե» տուրգործակալության աշխատակից Արմինեի խոսքով` Հայաստանում հանգստացողները հիմնականում նախընտրում են Աղվերանը` սկսած 95.000 դրամից եւ Ծաղկաձորը` սկսած 175.000 դրամից: «Արենի» տուրգործակալության տնօրեն Հասմիկ Հակոբյանը նշել է, որ Հայաստանում Ամանորն անցկացնել ցանկացողները հիմնականում գնում են Ծաղկաձոր, Աղվերան, Աղավնաձոր, որտեղ 1 անձի համար 3-4 գիշեր անցկացնելը սկսվում է 100.000 դրամից: «Արիա» տուրգործակալությունում տեղեկացրել են, որ Հայաստանում նախընտրում են հանգստանալ Ծաղկաձորում, Դիլիջանում, սակայն չհայտնեցին գները: «Ալո տուրում» տրամադրած տվյալներով` պահանջարկը հիմնականում վայելում են Աղվերանը, Աղավնաձորը, Հանքավանը: «Դուբայում Ամանորն ավելի էժան է, քան երբեմն Ծաղկաձորում, որտեղ երկու անձի հանգիստն արժե նույնիսկ 800.000 դրամ: Դուբայում եւս 800.000 դրամ է, բայց 5 աստղանի հյուրանոցում` երեքանգամյա սննդով, գնալ-գալով: Մեկ անձը կարող է Եգիպտոս գնալ եւ գալ 150.000 դրամով, իսկ Հայաստանում այդքան գումարով Աղվերան կգնա»,- ասել է նա: