«Գյուղակործանման» ծրագիր՝ կառավարության որոշման տեսքով

22/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության հանձնախմբի` Սյունիքի մարզի Քաջարան գյուղ կատարած այցից, իսկ ավելի ճիշտ` ցուցադրական շոուից հետո, իրավիճակը շարունակում է առկախ մնալ Քաջարանում (հիշեցնենք, որ խոսքը ՀՀ Կառավարության այս տարվա ապրիլի 28-ի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին է: Այս հողերը հանձնվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին):

Քաջարանի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանի խոսքով` հանձնախմբի գալ-գնալուց հետո որեւէ բան չի փոխվել, եւ բնակիչները դարձյալ կանգնել են տեղահանման խնդրի առաջ: Թերեւս գյուղում փոխվել է միայն մեկ հանգամանք` գյուղի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Դե երեքշաբթի մարզպետն ինձ կանչեց իր մոտ, ասեց` գնա աշխատանքի, ես էլ ասացի` պայքարելու եմ` մինչեւ էդ չարաբաստիկ որոշումն անվավեր չճանաչվի»,- ասաց նախկին գյուղապետը` նկատելով, որ ինքն իր ներկայացրած հրաժարականի դիմումը ետ չի վերցրել: Ռ. Աթայանի ասելով` Կառավարության հանձնախմբի հետ բանակցությունների ընթացքում ինքը հարցեր է բարձրացրել, ասել, որ «գյուղի տեղահանման որոշում են կայացրել»: «Ես ինչ ասում եմ, իրականությանը բռնում ա: Իրանք էլ համաձայնեցին իմ ասածների հետ: Պարոն Բախշյանը (ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Արտաշես Բախշյանի մասին է խոսքը.- Մ.Մ.) գյուղացիներին ասաց, որ գյուղապետը ճիշտ է խոսում, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Ես էլ իրանց ասեցի` սկզբից գալիս են տեղը նայում, հետո որոշում կայացնում»,- նշեց Ռ. Աթայանը: Վերջինս հերքեց այն տեղեկատվությունը, թե իբր ԶՊՄԿ-ն ժամանակավորապես ձեռք չի տա գյուղի հողերին: «Եթե գյուղը գերեզմանի տակից սկսում են փորել, բա էդ ի՞նչ ա նշանակում: Իրանք ասում են, է՜, բայց եկեք իրականությունը տեսեք: Բա ի՞նչ են անում, որ չեն խաբում»,- նշեց նախկին գյուղապետը` կրկին հավելելով, որ իրենք շարունակելու են իրենց անզիջում պայքարը:

«Քրոնիմետ մայնինգի» նամակը

Օրեր առաջ «Էկոլուր» հ/կ-ի կայքում տեղադրվել է ԶՊՄԿ-ի 60 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ-ի պատասխանը` «Էկոլուրի» բաց նամակին: Հիշեցնենք, որ Քաջարանի գյուղացիները եւս նամակ էին գրել գերմանական ընկերությանը, որտեղ նշել են հետեւյալը. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ծննդավայրում առկա է 25-50 տարվա պաշար: Հորդորում ենք Ձեզ խնամքով վերաբերվել բնական ռեսուրսների շահագործմանը, քանզի դրանք անսպառ չեն, իսկ հետագա սերունդներին այդ ռեսուրսներից զրկելն առնվազն հանցագործություն է»: Ի պատասխան նամակների` գերմանական ընկերությունը սկսել է գովաբանել կոմբինատին ու դրա տված «օգուտները»: «Ստանձնած պարտավորությունների շրջանակում ԶՊՄԿ-ն եւ «Քրոնիմետն» իրականացրել են ավելի քան 400մլն ԱՄՆ դոլարի հավակնոտ ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում ընդլայնվել են ձեռնարկության արտադրական ծավալներն ու հզորությունները, զգալիորեն աճել են պետական եւ համայնքային հարկային մուտքերը: Ավելին, ձեռնարկության զարգացումը ուղեկցվել է ուղղակի եւ հավելյալ աշխատատեղերի շարունակական ընդլայնմամբ: ԶՊՄԿ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, ապահովելով ավելի քան 3100 ուղղակի աշխատատեղ, իսկ ենթակապալառու կազմակերպությունների միջոցով ստեղծված աշխատատեղերի քանակն անցնում է 10.000-ից»,- ասվում է «Քրոնիմետին» պատասխան-նամակում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Կառավարության` այս տարվա ապրիլի 28-ին ընդունած որոշմանը, այլ կերպ ասած` Հայաստանին «օգուտներ» բերող կոմբինատին բացառիկ «լավություն» անելու քայլին, ապա «Քրոնիմետի» նամակում նշվում է. «Այս դեպքում գերակա պետական շահը պայմանավորված է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի բացհանքի ընդլայնման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Ընդլայնման այս ծրագիրն ուղղակիորեն կնպաստի արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների աճին` դրանով իսկ խթանելով Հայաստանի տնտեսական կայունությունը եւ դիվերսիֆիկացիան, ամրապնդելով արտահանման ներուժը, ապահովելով աշխատատեղեր եւ եկամուտ քաղաքացիների համար, ինչպես նաեւ թույլ կտա շարունակաբար բարձրացնել երկրի համաշխարհային վարկանիշը»: Գերմանական ընկերությունը նաեւ երաշխավորել է, թե հայաստանյան դուստր ընկերությունը գործում է «բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում, մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության պահանջներին` հաշվի առնելով նրանց շահերը»: «Քաջարանցիներից ոչ մեկը համաձայն չէ այդ որոշման հետ, եւ բոլորը միաձայն պահանջում են Կառավարությունից անվավեր ճանաչել այն: Կարծում ենք, որ խախտվել է այդ բնակիչների սահմանադրական իրավունքը: Իսկ այդ դեպքում ամենաճիշտ քայլն այդ իրավիճակից դուրս գալու` այն է, որ Կառավարության վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչվի: Մենք չունենք այնպիսի օրենք, որ իրավունք կտա ուղղակիորեն դուրս վռնդել բնակչին իր բնակավայրից»,- նշեց «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա` իրենք դեռ ահազանգ չեն ստացել Սյունիքի մարզի մյուս գյուղական համայնքներից, որոնց հողերի որոշ հատվածը ճանաչվել է որպես գերակա հանրային շահ: Ի. Զարաֆյանի խոսքով` առաջիկա տարիներին նախատեսված է, որ ԶՊՄԿ-ն պետք է տա մոտ 20մլն տ հանքանյութ, ապա` մինչեւ 35 մլն տոննա հանքանյութ: «Իսկ Արծվանիկի պոչամբարն ուղղակի հնարավորություն չի ունենա այդպիսի քանակությամբ պոչերն ընդունել: Դա անպայման պետք է բարձրանա, հետեւաբար, պոչամբարն ընդլայնելու խնդիր կառաջանա»,- նկատեց «Էկոլուր» հ/կ-ի նախագահը` ընդգծելով. որ այդ քայլով Արծվանիկ գյուղը «շարքից» դուրս կգա, եւ ամբողջ տարածքը ոչնչացման վտանգի տակ է դրվում: Ի. Զարաֆյանի ասելով` Կառավարության վերոգրյալ որոշումն ուղղակիորեն կյանքի է կոչում ԶՊՄԿ-ն ընդլայնելու ծրագիրը:

Պոչամբարի լայնացում` գյուղերի հաշվին

Սյունիքի մարզի Չափնիի գյուղապետ Արշավիր Հակոբյանը նշեց, որ ինքը տեղյակ է Կառավարության 627-Ն որոշումից, բայց իրենք այլ ելք չունեն: Գյուղի հողերի 92 հա-ն ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: «Սովետի տարիներին 13հա-ն տրվում էր կոմբինատին, հետո էդ պայմանագիրն էլի թարմացվեց: Մենք լսել ենք էդ որոշման մասին, բայց կառավարությունից ոչ մի նամակ չենք ստացել»,- մեզ հետ զրույցում նշեց Չափնիի գյուղապետը` նշելով, որ որոշման մասին իրենք իմացել են այն գյուղացիներից, որոնք մարզպետարանից նամակներ են ստացել: «Էդ գյուղացիների հողերն էլ էին մտնում 92 հա-ի մեջ,- ընդգծեց Ա. Հակոբյանը` ավելացնելով,- Մենք էլ Ձեզ պես լսել ենք: Կոնկրետ ոչ մի բան չեն ասել»: Իսկ Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանի փոխանցմամբ` ինքը եւս տեղյակ է կառավարության նշյալ որոշումից, եւ գիտի, որ գյուղի հողերի 270 հա-ն ճանաչվել է գերակա հանրային շահ: Հարցին, թե` այդ հողերը ԶՊՄԿ-ն օգտագործելու է պոչամբարը լայնացնելու նպատակո՞վ, Արծվանիկի գյուղապետը պատասխանեց. «Հա, բա էլ ուրիշ ինչի՞ համար: Պոչամբարի խնդիրը էսօրվանից չի սկսել: Մեր գյուղի հողերը 1970-ական թթ. էին տվել կոմբինատին: Էն ժամանակ Մինիստրների խորհրդի որոշումն էր, էսօր էլ` կառավարության որոշումը: Էս հողերը հանքաշինության համար չեն օգտագործում, այլ սա իրենց համար պահեստի նման մի բան ա, իրենց ատխոդներն են թափում: Դա ինձնից կախված չի: Ես ի՞նչ կարող եմ անել»։ Արծվանիկի գյուղապետը շեշտեց, թե ինքը կատարում է միայն Կառավարության որոշումը: Երկու գյուղապետերը նշեցին, որ Քաջարան գյուղի դեպքը տարբերվում է, եւ բնական է, որ այդ գյուղի բնակիչները պայքարում են: Իսկ իրենք, ինչպես շեշտեցին, կառավարությունից որեւէ պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն ստացել, բայցեւ չեն էլ կարող ընդդիմանալ կառավարության որոշմանը: Այս պարագայում ավելորդ է խոսել կառավարության` «գյուղակործանման» ծրագրի մասին, որի անդամները գյուղերում շրջում են միայն այն ժամանակ, երբ PR-ի պակաս են զգում: