Ամիսներ առաջ Արմինեն այլեւս ապրելու ելք չգտնելով` իր երեք անչափահաս երեխաներին հանձնեց մանկատուն: 24-ամյա այս կինը Ստեփանավանից է, ում կյանքն ամուսնանալուց հետո դարձել է դժոխք: «Ծեծում էր, ահավոր էր ծեծում: Ալկաշի մեկն էր: Առաջ նարկոման էր եղել, հետո էլ էնքան էր խմում: Մերս բռնեց ինձ` լրիվ երեխա, մարդու տվեց։ Ի՞նչ իմանայի` ինչ օրեր եմ քաշելու»,- պատմում է երեք երեխաների մայրն` ասելով, որ 6 տարի շարունակ ամուսնու կողմից ենթարկվել է բռնությունների: Ամուսինը ամեն օր եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ հաճախ հարեւաններն են փորձել միջամտել Արմինեին նրա հարվածներից պաշտպանելու համար: «Չէր թողում, որ մոտենային, ասում էր` իմ կնիկն ա, դուք գործ չունեք: Շպրտում էր դուրս, ասում էր` գնա մորդ մոտ: Մերս ծեր կին ա, թոշակով ապրող: Ասում էր` ես սկի իմ գլուխը չեմ կարում պահեմ, քեզ ո՞նց պահեմ: Գնում էի սկեսուրիս մոտ` ծեծում-ջարդում ուղարկում էր»,- պատմում է Արմինեն, ով թեեւ այժմ ամուսնուց շատ հեռու է, այդուհանդերձ, նրա մասին խոսելիս վախից կծկվում, գունատվում է:
Արմինեն միայնակ 17 կով է պահել եւ գումար է վաստակել, որից, սակայն, իրեն ու երեխաներին բաժին չի հասել: Յուրաքանչյուր ամիս` աղքատության նպաստ ստանալու օրը հարեւաններն ականատես են եղել, թե ինչպես է ամուսինը դաժանաբար ծեծելով` գումարը ձեռքից վերցնում: Ասում է` ցուցակը գրում էր ու ստիպում գնալ խանութից խմելու բան բերել: «Եթե չբերեի` վերջս կտար: Մի օր պուճուրիս վերցրեց ու պատուհանից դուրս շպտեց: Երեխեքին էնպես էր ծեծում, որ… Պատերով էր խփում: Երբ 5 տարեկան մեծս ասում էր` մամայիս մի խփի` ծեփում էր պատերին: Մի օր «Փարոսի» նպաստը ստացա, ալյուրն առած` եկա տուն, որ հաց թխեմ: Ինչ ա թե` խմիչք չէի առել, քացով խփեց սաղ ալյուրը թափեց ու ծեծ ու ջարդով ուղարկեց արաղի»,- իր ամուսնական համատեղ 6 տարվա կյանքի մասին պատմում է Արմինեն, որի ամեն մի դրվագն էլ ավելի դաժան ու անմարդկային է:
Անցյալ տարի ամուսնու հետ տեղափոխվել է Կալինինո աշխատելու, որի ընթացքում միայնակ 10-ից ավելի կով պահելով` դրամ է վաստակել: Նույն վիճակը եղել է այնտեղ, եւ ամուսինը բռնությամբ տիրացել է վաստակած գումարներին` երեխաներին զրկելով մի կտոր հացից: Իսկ երբ գումար չի եղել` կնոջը ստիպել է գնալ մարմնավաճառությամբ փող վաստակել: Արմինեն ասում է, որ ամուսինն իրեն 3 երեխաների հետ փողոց շպրտելով` ստիպել է մարմնավաճառություն անել, միայն թե խմիչքի գումար ունենար: Հիշում է վերջին օրը, երբ այնպես է ծեծել ու դուրս շպրտել, որ այլեւս ապրելու հույսը կորցրած` գնացել է իրեն չընդունող մոր մոտ: Մայրը կրկին հրաժարվել է աղջկան` երեխաների հետ, ապաստան տալ. «Ի՞նչ անեի, երեխաներիս ճակատագրի հարցն էր, որտե՞ղ պահեի, որտե՞ղ քնեինք, ոչ մեկը չէր ընդունում մեզ: Տարա մանկատուն…»: Այնուհետեւ Ոստիկանության Անչափահասների գծով աշխատակիցների միջնորդությամբ տեղափոխվել է Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի մայրատուն:
«Լայթհաուս-Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մուրադյանը հավատացնում է, որ Ա. Սարգսյանը մայրատուն է տեղափոխվել ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկապես ծանր վիճակում: Նրա հետ աշխատում են հոգեբանները, մանկավարժները, բուժանձնակազմը եւ այլք: Երկու ամիս մայրատանն ապրող Արմինեն հիմա իրեն ավելի ինքնավստահ ու պետքական է զգում: «Շատ աշխատասեր կին է ինքը: Մենք կարողացանք փոքրիկին` երկու տարեկան Արմենին մանկատնից վերցնել եւ հիմա մոր հետ մեզ մոտ է ապրում: Մեր հիմնադիրների մեծահոգության շնորհիվ առաջիկայում նախատեսում ենք մի տնակ տեղադրել կենտրոնի հարակից տարածքում եւ երկու երեխաներին էլ մանկատնից վերցնել, որպեսզի Արմինեն ապրի այդ տանը: Մենք կով կբերենք, որպեսզի նա նաեւ աշխատելով իրեն կարեւորված զգա»,- ասում է Ն. Մուրադյանը` ավելացնելով, որ Արմինեի մեջ այս 2 ամիսների ընթացքում շատ բան է փոխվել, եւ նրա խեղաթյուրված հոգեբանությունն աստիճանաբար կայունանում է:
Երեք երեխաների մայրը հիմա մի երազանք ունի` երեխաներին մանկատնից ետ վերցնել եւ մայրատան ծրագրի խնամքի ներքո հոգալ նրանց խնդիրները: «Երբ եկա էստեղ` մի տեսակ շփոթված էի, որ ինձ ընդունում են, իմ մասին հոգում են, ու շրջապատված եմ բարի մարդկանցով: Ես հիմա ոչնչի կարիք չունեմ, ինձ սիրված ու կարեւորված եմ զգում: Բոլորն այստեղ շատ բարի են»,- ասում է Արմինեն, ում սենյակը լավ կահավորված, գեղեցիկ հարդարված եւ կոկիկ է: Մայրատանն Արմինեն ոչնչի կարիք չունի, քանի որ իր փոքրիկ որդու հետ բնակվում է «Լայթհաուս-Փարոս» հիմնադրամի այն շենքում, որն իսկապես շքեղ տան նման է: Արմինեն ցավով նշում է, որ թեեւ 2 ամիս է, ինչ փախել է հարազատներից եւ ապրում է մայրատանը, այդուհանդերձ, իրեն չեն փնտրում կամ չեն հետաքրքրվում իրենով, նույնիսկ` մայրը:
28-ամյա Քրիստինե Գեւորգյանը հղի է: Մայրատուն տեղափոխվել է սարսափելի վիճակում: «Չեմ կարող նկարագրել նրա վիճակը, շատ դաժան էր: Նրան գտել է Առաքելական եկեղեցու սարկավագներից մեկը եւ ուղղորդել է մեզ մոտ: Երկու օր եկեղեցում է մնացել»,- վստահեցնում է հիմնադրամի գործադիր տնօրեն Ն. Մուրադյանը: Մասիսի բնակիչ Քրիստինեն գործարանում ծանր աշխատանք է կատարել, օր ու գիշեր աշխատել է: Այնուհետեւ վստահեցնում է, որ ամուսնացել է Հակոբ անունով մի տղայի հետ։ Մեկ ու կես տարի սկեսրոջ տանն ապրելուց հետո ամուսնուն ձերբակալել եւ դատապարտել են: Հղիության մասին իմանալուց հետո սկեսուրը տանից վռնդել է, իսկ մայրը վեց ամսական հղիության ժամանակ է միայն իմացել, որ աղջիկը երեխա է սպասում: Նա էլ է հրաժարվել Քրիստինեին տուն թողնելուց: Մինչդեռ Ա. Մուրադյանը մեզ հետ զրույցում հավատացնում է, որ միշտ չէ, որ բռնության զոհ դարձած կանայք պատմում են ճշմարտությունը: Ըստ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ սոցիալական կառույցների տրամադրած փաստաթղթերի` այսպես է եղել. Բարեկամուհիներից մեկը Քրիստինեին խնդրել է գնալ գաղութ եւ ծանոթներից մեկին կապոց փոխանցել: Քրիստինեն գնացել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ եւ կապոցը փոխանցել Հակոբ անունով մի երիտասարդի: Երրորդ այցելությունից հետո` նա հղիացել է ու մերժվել հարազատների կողմից: Ն. Մուրադյանը վստահեցնում է, որ մինչեւ կալանավայր գնալը Հակոբի հետ նա ծանոթ չի եղել եւ առհասարակ ամուսնացած չի եղել: Ինչեւէ, մայրը Քրիստինեի` 6-ամսյա հղիության մասին իմանալով` հրաժարվել է նրան ընդունել: Երկու օր անլվա, անխնամ, ծանր վիճակում եկեղեցում մնալուց հետո հոգեւոր սպասավորները նրան ուղղել են մայրատուն: «Լայթհաուս-Փարոս» հիմնադրամի տնօրենն ասում է, որ Հակոբը մշտապես հետաքրքրվում է Քրիստինեով, անգամ զանգահարել, խնդրել է նրա մասին հոգ տանել: Իսկ մայրը… Մի քանի օրից Քրիստինեն կծննդաբերի. «Էստեղ ինձ շատ լավ եմ զգում: Շատ հոգատար են բոլորը, եւ սիրված եմ: Էստեղ կապրեմ` մինչեւ Հակոբն ազատություն ստանա, ու միասին կապրենք»,- ասում է նա:
Ցանկացել է ինքնասպանություն գործել` երեխային թողնելով փողոցում
Ամիսներ առաջ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակից Վարդան Պետրոսյանը փրկել է Մարիամ Մանուկյանի եւ նրա նորածին երեխայի կյանքը: Նա ականատես է եղել, թե ինչպես է Մարիամը ցանկանում ինքնասպան լինել, եւ հասել է այն վայրկյանին, որից հետո այս կինը կարող էր այլեւս ողջ չլինել: Կյանքին վերջ տալու որոշումից առաջ նա նորածնին թողել է եկեղեցու բակում եւ հեռացել է: Ոստիկանության աշխատակիցը Մարիամին որդու հետ տեղափոխել է «Զանգակատուն» բարեգործական կազմակերպություն, որտեղ ապաստան գտնելուց որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են «Լայթհաուս-Փարոս» հիմնադրամի մայրատուն: Հետագայում Մարիամը պատմել է, որ ինքն ու քույրը որբ են եւ բնակվել են Մխչյան գյուղում: Քույրը սրճարանում է աշխատել, եւ շատ դաժան պայմաններում գոյատեւել են: Որոշ ժամանակ անց տեղափոխվել են Իջեւան, որտեղ էլ ամուսնացել է, ու պարզվել է, որ ամուսինը քրոնիկ ալկոհոլիզմով է տառապում: Մեկ տարի շարունակ բռնության է ենթարկվել, որից հետո նրան երեխայի հետ դուրս են վռնդել: «Մի մարդ տարել է իր տուն` իբր պահելու: Հինգ օր շարունակ պադվալում է պահել ու ինչ ասես արել է: Որից հետո հանել վռնդել է: Երեխան ձեռքին` չի իմացել` ուր գնա, ինչ անի: Ծայրահեղ հուսահատ վիճակում ցանկացել է ինքնասպանություն գործել` երեխային թողնելով եկեղեցու դուռը»,- պատմում է Ն. Մուրադյանը` հավելելով, որ երկար ժամանակ է իրենցից պահանջվել Մարիամին ինքնասպանություն գործելու քայլից հետ պահելու համար: «Լայթհաուս-Փարոս» հիմնադրամ տեղափոխվելուց օրեր անց էլ Մարիամը ժավել է խմել, որպեսզի կյանքին վերջ տա, սակայն, բարեբախտաբար, նրա կյանքը փրկել են: Հիմա Մարիամը ոգեւորված պատմում է, թե ինչպես են որդուն մկրտել, ինչպես է համակարգչային դասեր սովորում եւ Աստծո խոսք լսում:
«Լայթհաուս-Փարոսի» հիմնադիրներն ամերիկահայ բարերարներ Սեթա եւ Զոհրաբ Ղազարյաններն են, ովքեր մշտապես Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացրել եւ մասնավորապես գյուղական համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին մեծապես աջակցել են: Ինչպես նաեւ` կառուցել են մանկապարտեզներ եւ ֆինանսավորել են բազմաթիվ ծրագրեր: Հիմնադրամի գործադիր տնօրենի հավաստմամբ` Պտղունք գյուղում գտնվող մայրատան շենքը բացվել է հունիս ամսին: Այսօր արդեն այդ կենտրոնն ունի յոթ բռնության ենթարկված կին, որից երկուսը հղի են, եւ մայրերի հետ կա հինգ երեխա: Ըստ նրա` կենտրոն տեղափոխվող կանայք հիմնականում գալիս են սարսափելի վիճակում` ծեծված, հոգեբանորեն ջարդված եւ ամուսիններից կամ հարազատներից փրկվելու համար փախուստի դիմելով: «Մի կին ունենք, որի գլխին բաց վերք կա, ահավոր է… Մենք հիմա զբաղվում ենք նրա առողջությունը վերականգնելու հարցերով: Բռնությունների այնպիսի դաժան դեպքեր են լինում, որ չեք էլ կարող պատկերացնել: Մենք ունենք թեժ գիծ, համագործակցում ենք Ոստիկանության, մարզպետարանների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ շատ այլ կառույցների հետ»,- ասում է Ն. Մուրադյանը` հավելելով, որ բռնության զոհ դարձած կանայք կենտրոնում բացի ապաստան ստանալուց` ապահովված են կեցության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով, սովորում են որեւէ մասնագիտություն, իսկ, որ ամենակարեւորն է` սովորում են լավ մայր եւ մարդ լինել: Ն. Մուրադյանը վստահեցնում է, որ մասնավորապես գյուղական համայնքներում կանանց բռնության դեպքերն ու այլասեռությունները շատ են: «Շատ դեպքերում ընտանիքի ամբողջ հոգսը կնոջ վրա է, քանի որ ամուսինը աշխատանք չունի, հարբեցող է կամ էլ` մեկնել է արտագնա աշխատանքի: Մեր կանայք շատ տառապած ու տխուր են: Եթե շրջեք մեր խուլ գյուղերում` կհամոզվեք, որ շատ վատ երեւույթներ են կատարվում: Մեզ մոտ կանայք իրենց գտնում են, իրենց արժանապատվությունն ու ինքնասիրությունն են վերականգնում եւ իրենց պիտանի, սիրված են զգում»:
«Մայրատուն» ծրագրի առաքելությունը բռնության ենթարկված եւ հարազատներից մերժված հղի կանանց եւ մինչեւ 3 տարեկան երեխաներին ապաստան տրամադրելն ու նրանց հետ աշխատանք կատարելն է: