Երեկ «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ճոպանուղու շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցման աշխատանքները, եւ ճոպանուղին դեկտեմբերի 20-ից կանոնավոր ուղեւորափոխադրումներ կիրականացնի: Ճոպանուղու շահագործման ռեժիմների փոփոխության ժամանակ կառավարման էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերը հարմարեցվել են Սյունիքի մարզի ձմեռային եղանակային պայմաններին (քամիներ, օդի հարաբերական խոնավություն եւ այլն): Շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայեր» ընկերության մասնագետների կողմից նաեւ ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման եւ սպասարկման աշխատանքներ են իրականացվել: Ըստ մասնագետների` ճոպանուղին գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում եւ պատրաստ է առաջիկա տարիներին շարունակել անվտանգ ուղեւորափոխադրումները: Այս տարի ճոպանուղին ձմեռային ռեժիմում ուղեւորափոխադրումներ կիրականացնի մինչեւ հունվարի 29-ը, 10:30-17:30 ժամային գրաֆիկով: Այնուհետեւ, Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ճոպանուղին ուղեւորափոխադրումներ կիրականացնի 2012թ. հունվարի 5-ին եւ 6-ին, որից հետո հունվար եւ փետրվար ամիսների ընթացքում «ՏաԹեւերը» 11:00-17:00 աշխատանքային ժամային գրաֆիկով կաշխատի միայն շաբաթ եւ կիրակի օրերին: