Ադրբեջանական «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների հետեւանքով հայտնվել է բարդ իրավիճակում: «Չնայած Սարկոզիի իշխանության գալուց հետո Բաքու-Փարիզ հարաբերություններում որոշակի սառնություն էր նկատվում, սակայն Ալիեւներին հաջողվեց շտկել իրավիճակը: Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին Մեհրիբան Ալիեւային պարգեւատրեց Ֆրանսիայի բարձրագույն շքանշանով: Միաժամանակ Մեհրիբան Ալիեւան, Ադրբեջան-ԱՄՆ միջխորհրդարանական խմբավորումից դուրս գալով, գլխավորեց Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական խմբավորումը»,- գրում է թերթը: Ըստ թերթի` դրությունն այնքան լարված է, որ Առաջին տիկնոջ շրջապատի ներկայացուցիչներ համարվող Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Գանիրա Փաշաեւան եւ Մալահաթ Իբրահիմգըզըն բավական կոշտ են արձագանքել Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի քննարկման վերաբերյալ: «Այսպիսով, եթե թուրք-ֆրանսիական հարաբերությունները շարունակվեն վատթարանալ, ապա Ադրբեջանն իսկապես ծանր վիճակում կհայտնվի»,- գրում է պարբերականը: