Նախատոնական բաց «ֆաքս-5»՝ Տիգրան Սարգսյանին

22/12/2011

«Պարոն վարչապետ, ինչպես որ նախորդ «ֆաքսում» խոստացել էի, հաջորդ բաց «ֆաքս-5»-ի միջոցով անդրադառնալու եմ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն ուռճացված աշխատակազմին` այսինքն` վերջին տարիներին արտադրանք չտվող գործարանի ուռճացված աշխատավարձի հիմնադրամին, հետեւաբար կատարում եմ խոստումս եւ ներկայացնում ուսումնասիրություններիս արդյունքները, որոնք նորից լավ բանի մասին չեն «խոսում»: Հետեւաբար ձեզ համար կրկին պահանջ է առաջանում «հարցաքննությանը» նախապատրաստվելիս հաշվի առնել ստորեւ ներկայացված տվյալները նույնպես:

Առաջ անցնելով նշեմ, որ իմ պարզ ուսումնասիրությունները ստիպում են հանգել այն եզրակացության, որ մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացվել է կանխամտածված սնանկացման տանող գործառույթներ` չխորշելով հազարավոր մարդկանց գործազուրկ դարձնելու դաժան հեռանկարից:

Անկեղծ ասած, երբ 2011 թվականի հունիս ամսին ողջ պատասխանատու մամուլը լեցուն էր «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենին փոխելու մասին տեղեկատվությամբ, որտեղ նշվում էր, որ այդ պաշտոնին նշանակվել է Հ. Հախինյանը` ուրախություն ապրեցի: Քանի որ նա համարվում էր «Նաիրիտ» գործարանի երկարամյա աշխատակից, շատերիս մոտ հույս արթնացավ, որ կփոխվի «Նաիրիտի» կառավարման եւ ղեկավարման առկա քաղաքականությունը: Բայց անցած վեց ամիսները ցույց տվեցին, որ ոչինչ էլ չի փոխվել` դեռ խորացել են խնդիրները, եւ առջեւում նորից անորոշություն է: Սրան եթե ավելացնենք, որ ամենահասարակ որոշումներ կայացնելուց առաջ ներկայիս գլխավոր տնօրենը «վազում է» Տերյան փողոցի վրա գտնվող իր օֆիսում ծվարած նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի մոտ, «դաբրո» ստանում եւ նոր է «կայացնում» որոշում, ապա պատկերը ամբողջանում է` շարունակվում է նույն անպտուղ գործելաոճը: Որպես ասվածի ապացույց` իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006-2007թթ. «Նաիրիտ» գործարանում աշխատում էր 2100 աշխատակից, որոնց աշխատավարձի ֆոնդը կազմում էր 160 միլիոն դրամ: Նշված շուրջ 2100 աշխատակցից 1400-ը զբաղված էր արտադրությունով, իսկ նրանց աշխատավարձի ֆոնդը կազմում էր մոտ 100 մլն դրամ: Մնացած 700 աշխատակիցը զբաղված էր ձեռնարկության սպասարկման եւ ղեկավարման հարցերով ու ստանում էր 60 մլն դրամ աշխատավարձ: Այդ ժամանակ գործարանը ղեկավարում էին մեկ գլխավոր տնօրենն ու նրա երեք տեղակալները: Իսկ ամսական արտադրանքը կազմում էր շուրջ 700 տոննա պատրաստի կաուչուկ` իր հարակից արտադրատեսակներով հանդերձ:

2010 թվականից մինչեւ այսօր գործարանում աշխատում է շուրջ 3000 մարդ, որոնց աշխատավարձի ֆոնդը կազմում է արդեն 560 միլիոն դրամ, որից շուրջ 1400 բարիք ստեղծող աշխատակիցները ստանում են 120 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ իմ նշած սպասարկման ոլորտի 700 աշխատակիցները ստանում են մոտ 100 միլիոն դրամ աշխատավարձ: Մնացած` արտադրության հետ կապ չունեցող «նորաթուխ» «ձրիակերների» աշխատավարձի ֆոնդը պարապուրդի ժամանակահատվածում կազմում է 340 միլիոն դրամ:

Ինձ զարմացրեց այն փաստը, որ Հախինյանը հանդիսանալով «Նաիրիտի» երկարամյա ղեկավար աշխատակից, քաջատեղյակ էր «ձրիակերների» անիմաստ ուռճացումից, եւ 2010 թվականի փետրվարից առկա պարապուրդի պայմաններում տրամաբանությունը թելադրում էր ազատվել բարիք չստեղծող 900 «ադմինիստրատիվ» աշխատակիցներից: Քանի որ նմանատիպ քայլը կբերեր ամսական նվազագույնը 300 միլիոն դրամի խնայողության: Սակայն ստացվում է, որ նորից անիմաստ է դառնում «Նաիրիտի» հանդեպ իրականացվող ղեկավարման քաղաքականության մեջ բիզնեսի օրենքների տրամաբանություն փնտրելը: Իմ զրույցները գործարանի աշխատակիցների հետ ստիպում են գալ այն եզրահանգման, որ գլխավոր տնօրենի փոփոխությունն ամենեւին էլ միտված չէր գործարանի առողջացմանը, եւ 900 հոգանոց «ձրիակերների» բանակը խժռում է աշխատավարձի ֆոնդի 60 տոկոսից առավել գումար: Հախինյանի նշանակումից հետո ընկած ժամանակահատվածում վճարվել է շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ եթե ժամանակին կատարվեին անհրաժեշտ կրճատումները, ապա խնայված գումարը կբավարարեր ներկայիս աշխատավարձի պարտքը ամբողջությամբ մարելու համար:

Հարց 1. Պարոն վարչապետ, դուք «Նաիրիտ» գործարանի պետական 10 տոկոս բաժնետիրոջ իրավունքով հետաքրքրվե՞լ եք, թե ինչո՞ւ պետական բյուջեից աշխատավարձ ստացող ձեր ֆինանսիստները չեն զբաղվել վերը նշված շատ պարզ ուսումնասիրություններով: Իսկ եթե զբաղվեին իրենց պարտականություններով, հնարավոր կլիներ Հախինյանի «տնօրինության» ժամանակահատվածում խնայել շուրջ 6 միլիոն դոլար, այսինքն` աշխատավարձի պարտք այսօր գործարանը չէր ունենա:

Հարց 2.Արդյոք չիրականացված անհրաժեշտ կրճատումները չե՞ն խոսում այն մասին, որ ձրիակերների շարքում կարող էին հայտնվել բազմաթիվ «ադմինիստրատիվ» օժանդակ աշխատակիցներ, որոնք «ընդունվել են» 2007 թվականից հետո եւ մինչ օրս պարապուրդի մատնված գործարանում ստանում են ՀՀ նախագահից շատ ավելի բարձր աշխատավարձ: Ճի՞շտ է, արդյոք, իմ ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկությունները, որ ներկայումս պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանի առկայության պարագայում գլխավոր տնօրենի 10 տեղակալները միասին վերցրած ամսական ստանում են շուրջ 35 միլիոն դրամ աշխատավարձ (ձեր հարազատ եղբայրը` ներառյալ):

Հարց 3. Արդյոք աբսուրդի թատրոն չի՞ հիշեցնում այն փաստը, որ կյանքի համար թունավոր արտադրամասերում աշխատող բանվորներն անվերջ պահանջում են իրենց չնչին աշխատավարձերը, իսկ արդյունքում շահում են արտադրության հետ կապ չունեցող` գործարանի ապագայի հանդեպ անտարբեր «ձրիակերների» մեծ բանակը: Եվ արդյոք սա հովանավորչություն չէ՞…

Առողջ եղեք: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ… Մյուս կողմից էլ` մտածում եմ, թե ի՞նչ սրտով պետք է դիմավորեք Ամանորը եւ ուրախանաք, կամ ինչների՞դ վրա պետք է ուրախանաք…

Մնացածը` ձմեռային արձակուրդներից հետո …»

ՀՀ քաղաքացի Հարություն ԱՌԱՔԵԼՅԱՆ
Համատեղությամբ` Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության գործադիր-փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ