«Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով պարոն Աբովյանին կտեսնի Հայաստանը։ Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը։ Նա վեհ է, ինչպես իրենց լեռները, եւ խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգաբար տանել, ներել, մի քիչ հետո բռնկվել, ապա եւ հանդարտվել։ Նա բարի է անսահման, բայց հաջորդ վայրկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարությունը…»։
Ֆր. Պարրոտ
Զարուհի հորաքույրս (1900-1985թթ.) հաճախ պատմում էր. «Հայրս` Վասիլը (1875-1923թթ.) սերում է «Ապովենց» ազգից, նա ձիաքարշեր ուներ եւ հաճախ էր բացակայում։ Մայրս` Հերիքնազը (1876-1952թթ.), ամառները մեզ տանում էր Քանաքեռի իր մորեղբայր Արշակ Առաքելի Աբովյանի (1864-1918թթ.) տուն։ Այդ տանը իմ մեծ եղբայրը եւ երկու փոքր քույրերս կրծկեր տարիքում քնել ենք տուն-թանգարանում ցուցադրվող օրորոցի մեջ»։ Հորաքույրս բացատրում էր, թե նրա հայրիկի անունը Վասիլ են դրել մի ռուս բարձրաստիճան պաշտոնյայի պատվին, նրան Աբովյանները «կնքահայր» են կոչել։ Այդ մարդը շատ հարցերում է օգնել հայերին եւ հրամայել, որ ռուս կազակները Խ. Աբովյանի հետ միասին գնան եւ վռնդեն Քանաքեռին պատկանող Մուրադ Թափայի հողերից օտարազգի բեկերին։ Աբովյանի «անհայտ բացակայության» վերաբերյալ նա ուներ իր կարծիքը. «Ոչ, ոչ, նրան չեն սպանել, թագավորի թույլտվությամբ նա թողել է իր ընտանիքը եւ հեռացել, ինչ որ գրում են` սուտ է, նման բաներ չի եղել»։
Այն մասին, թե որտեղ է մեր պապի շիրիմը, նա պատմեց հետեւյալը. «Հին ժամանակներում մի հեքիաթասաց մարդ է լինում, անունը` Հովհաննես Կոզեր. նա որ մահանում է, թաղման տեղը կոչում են Կոզերի գերեզմանոց, նրա գերեզմանը ժողովրդի համար սրբավայր է դառնում։ Հենց էս տեղերումը (նա ապրում էր Կամոյի անվան դպրոցի մոտակայքում) թաղեցին Վասիլ հայրիկիս»։
Մայրս` Էմմա Համայակի Տեր-Հովհաննիսյանը (1921-1990թթ.), մեծացել է հոգեւոր միջավայրում: Ծնվելով Երեւանում` նա երկար տարիներ ապրել է իր մորական պապիկի` տեր Գեւորգի տանը, ով Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան էր։ Մայրիկիս հայրը Եղիպատրուշի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանաների շառավիղ է, Գեւորգյան ճեմարանի սան։ Մայրս պատմում էր, որ իր նախապապերից Իսահակ Տեր-Ղազարյանը (հետագայում` Կոնսիստորիայի անդամ) եւ Հովհաննես Շահխաթունյանցը մտերիմ ընկերներ են եղել, վերջինս մի քանի անգամ եղել է Եղիպատրուշում։ Ի դեպ, այդ գյուղը գտնվում է Ծաղկունյաց լեռների ստորոտում։ «Հնության հին հետքեր կան Տամջլու (Եղիպատրուշ)»,- երգել է գուսան Բանգին։ Իր վերջին շնչի հետ մայրս ինձ ասաց հետեւյալը. «Հերիքնազ տատիկիդ մայրը` Թագուհին (1846-1915թթ.) Խաչատուր Աբովյանի հորեղբոր թոռն է եղել, Առաքելի աղջիկը, Վասիլ պապիկդ` Աղասու շառավիղներից է»։ Մայրս ասաց նաեւ, որ իր նախնիներից մի քանիսը ստացել են հոգեւոր կրթություն, իր հորից լսել է, թե Աբովյան Խաչատուրը 1848թ. հետո ողջ է եղել, նա վերականգնել է իր հոգեւորականի կոչումը։
Երբ մենք գնացինք մեր նախնիների հետքերով, ապա հասկանալի դարձավ մեր ծնողների երկարամյա լռությունը։ Մորական պապիկիս աքսորել են 1937թ., հայրս` Պողոսը (1915-1979թթ.), 8 տարեկանից զրկվել է հորից։ Ամառները աշխատել է Հարություն հորեղբորը պատկանող Երեւանի Մութ շուկայի թեյարանում։
17 տարեկանից նա աշխատանքի է անցնում Երեւանի նոր բացված տպարանում, որտեղ աշխատում էր նաեւ Լեւոն Վարդանի Աբովյանը։ Հայրս հպարտանում էր, որ մասնակցել է Աշոտ Հովհաննիսյանի «Աբովյան» գրքի տպագրմանը։
Հայտնի է, որ 1933թ. Երեւանում բացվել է Խաչատուր Ավետիքի Աբովյանի արձանը։ Այն ժամանակվա Գրողների միության նախագահ Չուբարն արտահայտել է ժամանակակից մոտեցումները. «Մերը չէ եւ չի կարող լինել այն Աբովյանը, որն արտահայտում էր իր ժամանակի բուրժուական ազգայնական տենդենցները։ Մերը չէ այն Աբովյանը, որը ազգի փրկությունը տեսնում էր ռուսաց կայսրի գահի եւ նրան ծառայող Ասլան Բալասի Աղասիների հեքիաթային քաջագործությունների մեջ։ Մերը չէ այն Աբովյանը, որը թեպետ տեսավ ու նկատեց մասսաների ճնշումը, բայց երբեք չդարձավ հեղափոխական» («Գրական թերթ», 1933թ., թիվ 12)։
Վախի մթնոլորտում դաստիարակված եւ ապրող պատանին դժվար թե ցանկություն ունենար խոսել իր հանցավոր ներկայացվող «անցավորների» մասին։ Աբովյանին որպես դեմոկրատական-լուսավորչական գործիչ ներկայացնելու հնարավորություն ընձեռվեց 1930թ. հետո, երբ առաջ քաշվեց լենինյան թեզը երկու Ռուսաստանների մասին` հետադիմական եւ լուսավորչական։ Անցյալ դարի 50-60թթ. Աբովյանի գործունեությունը լուսաբանվել է` որպես դեմոկրատական, սակայն գրեթե ամենուր նա ներկայացվում է որպես անհաշտ հակաեկեղեցական։ Այնինչ, կան բազմաթիվ ապացույցներ, որ Խ. Աբովյանը շատ լավ տեսնում էր, որ ազգին կարելի է ծառայել նաեւ այդ ոլորտում։ Աբովյանը ուներ ազնվական ծագում, 2007թ. լույս է տեսել «Աբովյանագիտական հոդվածների հատընտիր ժողովածուն»։
Մեզ հետաքրքրեց Շավիղ Գրիգորյանի «Որտեղից էին գաղթել եւ ովքեր էին Խաչատուր Աբովյանի նախնիները» հոդվածը։ Հեղինակը գրում է. «Կա նաեւ ուշադրության արժանի մի այլ, ոտքի վրա հայտնված մի ակնարկ եւս, որից կարելի է ոչ թե օգտվել, այլ որի շուրջ խոսել խիստ զգուշաբար միայն, որովհետեւ նրա հիմքում ընկած է ոչ թե հավաստի, այլ քանաքեռցիների բերանից մեզ հասած մի բանավոր տեղեկություն այն մասին, որ իբր Աբովյանի նախնիները գաղթել են ոչ թե Սեւ ծովի հարավում գտնվող Լազիստանից, այլ …«Հյուսիսից»։ Խոսքը հատկապես Ա. Հաքստհաուզենի վկայության մասին է. «Աբովյանի նախահայրերը ճնշվելով թշնամիներից` «հյուսիսից», հայտնի չէ միայն հատկապես որտեղից, գալիս ներկայանում են Երեւանի Սարդարին»։ Կարելի է ենթադրել, որ գյուղացի մարդու համար «հյուսիս» հասկացողությունը պետք է սահմանափակվեր ոչ այնքան հեռավոր տարածքների շրջանում։ Անցյալ տարի լույս տեսած մի գրքում (Ա. Ասատրյան, Կարբի, Երեւան, 2010թ.) կա մի կարճ տեղեկատվություն Կարբիի մոտակայքում գտնվող հինավուրց Քոշկի, հնում բազմաթիվ խաչքարերով հարուստ դամբարանադաշտի մասին։ Հեղինակը կարդացել է սեւ տուֆից պատրաստված հարթ տապանաքարի վրա հետեւյալ գրությունը. «Այս է տապան (1) Յապովի որդի (2) Աղամելին թվին (3) ՌՃԽԸ (1699թ.) (4) (թվերը համապատասխանում են տողերի քանակին»)։
Պատմությունից հայտնի է, որ 1735թ. Կարբիի բերդը պաշարվել է օսմանցիների կողմից, օգնություն չստանալով Երեւանի խանից` կարբեցիներն, ի վերջո, հանձնվում են, պահպանելով իրենց կյանքը եւ ունեցվածքը: Նադիր շահի օրոք Կարբին վերականգնում է իր հզորությունը, սակայն համաճարակի եւ սովի պատճառով կարբեցիները գաղթում են Զմյուռնիա եւ Ձորագեղի (Երեւան)։
Վ. Զ. Պարտիզունու «Խ. Աբովյան»-ում (1952թ., էջ 183) տեղեկություն կա, որ 1938թ. Աշտարակի շրջանում գրի է առնվել մի զրույց ոմն Աբովի քաջագործությունների մասին։
Քոշկի Աբովի եւ նրա որդի Աղամելի գոյության մասին վեմագիր արձանագրությունը փաստում է, որ Աբովները հավանաբար դեռեւս 17-րդ դարի սկզբին (Աբաս շահի ժամանակաշրջան) ապրել են Արեւելյան Հայաստանում եւ ենթադրաբար ազնվականներ են։
Ռուսական զորքերի եւ հայկական կամավորականների կողմից Երեւանն ազատագրելուց կարճ ժամանակ անց Հայաստանում գործառության մեջ դրվեցին չափաբերական մատյանները, որոնց մեջ գրանցվում էին տեղեկություններ ծնվածների եւ նրանց կնքահոր, պսակադրությունների, մահվան մասին։ Այդ պատասխանատու գործը ղեկավարում էր բարձրաստիճան ցարական պաշտոնյա Իվան Շոպենը։ Զարմանալի է, թե ինչո՞ւ Հայաստանի ազգային արխիվում գոյություն չունեն 1831-1864թթ. Քանաքեռ գյուղի մատյանները։ Ազգային արխիվում պահպանվում են տվյալներ գյուղում անցկացված մարդահամարների վերաբերյալ (1831, 36, 42, 52, 59, 73, 1886թթ.)։ Այս հավաստի փաստաթղթերի օգնությամբ մենք կազմեցինք 19-րդ եւ 20-րդ դարի սկզբում Քանաքեռում ծնված եւ ապրող Աբովյանների իրականությանը մոտ տոհմածառը։ Մարդահամարների տվյալները գրանցվել են ռուսերեն լեզվով`
Արուտյուն Աբովեան (1781-1852 թթ.) ու նեգո ժենա, դվե դոչերի, դվա սինա
Օգանես (1804-1877 թթ.) ու նեգո ժենա
Արակել (1826-1873 թթ.)
Ի բրատ Ավետիկ (1782-1834 թթ.) ու նեգո ժենա ի դվա սինա
Վիրաբ (1821-1852 թթ.)
Կառապետ(1824-1859 թթ.)
Մենք ներկայացրեցինք 1831թ. մարդահամարի արդյունքները, փակագծերում նշված տարեթվերը հաշվարկված են այս եւ մնացած մարդահամարներում նշված տվյալներից։
Այսպիսով ստացանք մի տոհմածառ, որը շարունակվում է հետեւյալ կերպ.
-Հովհաննես … Մնացական … մեկ դուստր եւ յոթ որդիներ։
-Առաքել … դուստր Թագուհի, նույն ինքը` Թելլու (1846-1915թթ.) եւ որդի Արշակ (1864-1918թ.) … մեկ դուստր եւ երեք որդիներ։
-Վիրաբ … Ավետիս (1843 (4)-1877թթ.) … երեք դուստր եւ երեք որդիներ` Խաչատուր (1869-…թթ.), Հարություն (1872-… թթ.), Վասիլ (1875-1923թթ.)։
Վասիլի քույր Աննան հայտնի երգիչ, լուսահոգի Նորայր Մնացականյանի նախատատն է։
Մնացական Աբովյանի որդի Հարությունը (Արտյոմ) Երվանդ Շահազիզի նկարագրած Արտյուշ աղան է։ Հեղափոխությունից հետո Արտյոմը միակն է Աբովյաններից, որ հաշվառված է 1922թ. Քանաքեռում։ Նա ունեցել է 4 որդիներ` Վահրամ, Գրիգոր, Ցոլակ եւ Աբով։ Ցոլակի որդու` լուսահոգի Վովա Աբովյանի ընտանիքը բնակվում է Քանաքեռում։ Խ. Աբովյանը գրում է, որ 1826թ. միտք ուներ գնալ Վենետիկի Մխիթարյանների մոտ եւ շտապում է Քանաքեռ, որ իր ծնողներին տանի իր հետ։ Մեկ այլ տեղ կարդում ենք. «Անհնարին է ինձ նկարագրել զտեսարանն, ուր նազելի ծնողք փարեալ զիս ավելի եւս մահ իվրեանց ցանկային, քան զհեռանալն իմ նոցանէ» (մեջբերումը արված է Վ. Պարտիզունու գրքի 19-րդ էջից)։
Հավանաբար այս երկու մեջբերումները կարող են վկայել այն մասին, որ Խաչատուրն իր ծնողների մինուճար որդին էր, այլ կերպ նա կհիշատակեր նաեւ եղբայրներին, հատկապես, եթե հաշվի առնենք Խաչատուրի` ըստ Պարրոտի բնութագրման, «գերզգայուն» լինելը (Խ. Ավագյան, Հատընտիր ժողովածու, էջ 38)։
Աբովյանի «Վերք Հայաստանի։ Ողբ հայրենասերի» վեպի գլխավոր հերոս Աղասու երեխաների հետագա ճակատագրի մասին հեղինակը գրում է. «…Էսպես մեկ սարսափելի գիշեր էր, որ Ապովենց Հարությունը` Քանաքռու ազնվական անձանց մեկը… Մի քիչ էլ որ ականջ դրեց,… ու պարզ լսում էր, որ մեկ երեխա` ձենը փորն ընկած հեկեկում էր… ում ականջն էս ձենն ընկներ, որ սիրտը չտրորվի, չխորովվի։ Նազլուն էր, այ իմ սիրելի կարդացող, էս մերը, որ երեխեքը սուգ էին անում։ Թե դու էլ սիրտ ունիս, չե՛ս ասիլ, թե շինովի ա էս պատմությունը։
…Նազլուն էլ գնաց, Աղասին էլ, նրանց էրեխանց տերն էլ աստված հասցրեց, Աստված կթողա՞, որ իր որդիքը կորչի՞ն»։
«Աբովենց տանուտեր Օհանեսի տղա Աղասի աղին, որ ռսի ափիցար էր»,- այս խոսքը պատկանում է Պերճ Պռոշյանի հայրիկին, որի մասին նա հրապարակել է 1902թ. («Աղբյուր», թ.3, էջ 133-134)։ Այսպիսով պարզ է դառնում, որ Աղասին Քանաքեռի ժառանգական տանուտերի իրավունք ունեցող Աբովենց ազգից է։ Վեպի պատմականությունը եւ «Վերքի» ինքնությունը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկել Հովհաննես Թումանյանը եւ համոզվել, որ վեպի բոլոր հերոսները իրականում գոյություն ունեցող կերպարներ են։
Նշենք նաեւ, որ Մելիք Աբովի ընտանիքը բնակելի եւ մի քանի եկամտաբեր տարածքներ է ունեցել Երեւանում։ Աբովյանի պապերը մտերմիկ կապեր են ունեցել Երեւանի մելիքների եւ Էջմիածնի կաթողիկոսարանի հետ։ Ժամանակի ընթացքում այդ ունեցվածքի եւ կապերի տնօրինման ղեկը անցնում է Հովհաննես Հարությունի Աբովյանին։ Կարեւոր է նաեւ այն փաստը, որ կա առնվազն երկու հիշատակություն Աբովյանների կնիքով կնքված գույքային եւ առեւտրական գործարքների մասին, որոնք կատարվել են 1870-1880-ական թվականներին։
Հայտնի է, որ 1847թ. Այսրկովկասում բռնկվել է խոլերայի համաճարակ, որի պատճառով` մի ամբողջ ուսումնական տարի (1847-1848թթ.) փակվել է Ներսիսյան դպրոցը։
Համաճարակը տարել է Վիրաբի կնոջ` Մարիամի կյանքը: Նրանց որդի Ավետիսին բերում են Երեւան, որտեղ երեխային բուժում է հեքիմ Գրիգոր Մկրտիչի Սահակյանը։ Հովհ. Աբովյանը այդ ընտանիքի երեխաների կնքահայրն է լինում։ Վիրաբի հիվանդության շրջանում նրանք գտնվում են Երեւանում, իսկ մահանալուց հետո Ավետիսը դաստիարակվում է Գրիգորի ընտանիքում։ 1865թ. Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցու չափաբերական մատյանում երկու ամսվա տարբերությամբ գրանցվել է 2 պսակադրություն`
– երեւանաբնակ Ավետիս Սահակիանի եւ Նատալիա Խաչատուրիանի (խաչեղբայր Սահակ Գրիգորիան), նաեւ` Հովագիմ Գեւորգյանի եւ Թելլու Առաքելիանի։
Այն ժամանակվա օրենքի համաձայն` պսակադրությունը գրանցվում էր հարսնացուի ապրած վայրում։ Մեր ուսումնասիրությունների համաձայն` Նատալիան կարող էր լինել Քանաքեռի տանուտերերից մեկի` Մկրտիչի որդի Խաչատուրի դուստրը։
Հովագիմ Գեւորգյանը եւ Թագուհին 1886թ. իրենց 3 դուստրերի հետ հաշվառված են եղել Քանաքեռում, սակայն բնակվել են իրենց երեւանյան տանը։ Ժամանակի ընթացքում Հովագիմը դարձել է հաջողակ վաճառական, իր զբաղեցրած բարձր հասարակական դիրքի շնորհիվ նա իրավունք է ստանում մասնակցելու 1892թ. Երեւանի դումայի (խորհրդի) ընտրություններում։
Էմիլիեն եւ Խաչատուրը հանդիպում են 1838թ. Թիֆլիսում, Էմիլիեն 18 տարեկան էր։ Նրանք որոշում են պսակադրվել։ Աբովյանը դիմում է Սինոդին` ազատել իրեն հոգեւորականի կոչումից, 1839թ. հունվարին ստանում է դրական պատասխան` դրան կցված համապատասխան վկայականով։ Նորապսակների սիրո եւ հավատարմության հավաստիքները շարադրվել են «Դաշն» կոչվող մի փաստաթղթում, որը ստորագրվել է 3 վկաների կողմից. «Պսակադրությունը պետք է կատարվեր հայկական եկեղեցում, հայ քահանայի կողմից, իսկ երեխաները մկրտվեին նույն կերպ, Խաչատուրը չպետք է բռնանար կնոջ դավանանքին։ Էմիլիեն երբեւիցե չէր հարկադրելու ամուսնուն գնալ իր հայրենի Ռեւել (Տալլին) քաղաքը»։
Ստանալով պաստոր Ռօօտի գրավոր պատասխանը` 1839թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունենում Էմիլիեի եւ Խաչատուրի ամուսնությունը։ Էմիլիեն մինչեւ կյանքի վերջը (1820-1870թթ.) չի դրժում իր երդումը։ (Լ.Մ. Երիցյան «Մեծ Լուսավորչի ժառանգները»)։ Խաչատուր Ավետիքի Աբովյանի կյանքում եղել է մի իրադարձություն, որը նրան եւ իր էստոնուհի կողակից Էմիլիեին, ինչպես երեւում է հետագա իրադարձություններից, ծանր հոգեբանական ապրումներ է պատճառել։
1846թ. փետրվարի 4-ին Երեւանի Սբ. Պետրոս-Պողոս եկեղեցում (ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում) արձանագրվել է Հեղինարի ծնունդը, ծնողներն են` երեւանաբնակիչ նորաբնակ Խաչատուր Աբովյան` տիտուլիստների սովետնիկ եւ նրա կին Էմիլեա Ֆրեոդորովնա։ Կնքահայր` մայոր Նիկոլա Վասիլովիչ։
Երեխան մահանում է 2 ամսական հասակում` եւ 1846թ. մայիսի 8-ին Աբովյանների ընտանիքը դեռ սգի մեջ էր։ Այդ օրը Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին (որի կուսակցությանն էր պատկանում Խ. Աբովյանը) մուտք էր գործելու Երեւան։ Գավառապետ Նիկիֆոր Վասիլեւիչ Բլավատսկին աստիճանավորներով շրջապատված գնում է նրան դիմավորելու։ Աբովյանը ներկայացել էր այդ պաշտոնական միջոցառմանը ոչ ծառայողական հագուստով: Հանգամանք, որը սահմանված կարգի կոպիտ խախտում էր։ Բլավատսկին հրապարակայնորեն վիրավորում է Աբովյանին եւ ստանում համարժեք պատասխան։ Միջադեպի հաջորդ օրը գավառապետը զեկուցագրեր է ուղարկում փոխարքայության գրասենյակ եւ ուսումնական մասի կառավարչին (վերջինս նշանակվում էր անձամբ ցարի կողմից)։
Մեզ հետաքրքրեց զեկուցագրի եզրափակիչ մասը, որի մեջ կա ինչ-որ աղերսանք եւ զինքը ապահովագրելու միտում. «Այնտեղ, որտեղ ծառայության պարտքն է պահանջում, ոչ մի հովանավորչություն չի կարող տեղ ունենալ»։
Աբովյանը խիստ նախազգուշացում է ստանում ուսումնական մասի կառավարչից. «Ելնելով անձնական հաշիվներից (նկատառումներից) մոռացել եք…»։
Իսկ ինչու գավառապետը պետք է «հովանավորեր» Աբովյանին, կամ ինչ «անձնական նկատառումների» մասին է խոսքը։ Միգուցե ճիշտ էր Զարուհի հորաքույրս, եւ հենց գավառապետն էր իր հիշատակած «կնքահայր» Վասիլովիչը։ Այս դեպքում, եթե Բլավատսկին իր զեկուցագիրը գրեր այլ կերպ կամ գործին ձեւական ընթացք տար, գավառապետն իրոք կմեղադրվեր «հովանավորչության» եւ «անձնական նկատառումներ» հետապնդելու մեջ։
Խաչատուր Ավետիքի Աբովյանի անհայտ բացակայությունը
Այս կնճռոտ, աբովյանագիտության կողմից չբացահայտված հարցի մասին մեր մտորումները հենվում են Վ.Ջ. Ղազարյանի «Խաչատուր Աբովյան։ Հասարակական գործունեությունը» (Երեւան,1979) գրքում բերված ծանրակշիռ փաստերի վրա։ Ինչո՞վ է հետաքրքիր այս աշխատանքը։ Ղազարյանը 1967թ. աբովյանագիտության հիմնադիրներից մեկի` ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի գիտական ղեկավարությամբ գրել եւ պաշտպանել է «Խաչատուր Աբովյանի պատմագիտական հայացքները» թեկնածուական դիսերտացիան։ Հիշատակված գիրքը հրատարակության են երաշխավորել գրախոսներ, պրոֆեսոր Վ.Զ.Պարտիզունին (հայտնի աբովյանագետ) եւ պրոֆեսոր Ս.Ն. Սարինյանը։ Շատ կարեւոր հանգամանք է, որ հեղինակն օգտվել է հմուտ իրավաբաններ, գիտությունների թեկնածուներ Մ.Ի. Ուզունյանի եւ Ա.Ա. Գեւորգյանի ծառայություններից։ Թե Հովհաննիսյանը, եւ թե Պարտիզունին աբովյանագիտական գրքերը գրելիս եղել են հզոր գրաքննչական շրջանակների մեջ, ընդ որում, ինչպես արդեն գիտենք, բոլշեւիկյան գաղափարախոսները դրել են նրանց առջեւ տրամագծորեն տարբերվող խնդիրներ։ 1967 եւ 1979թթ. սովետական երկրում իրավիճակն այլ էր, եւ մեր երկու աբովյանագետներին մի փոքր ավելի մեծ ազատություն էր տրված, որը եւ նրանք ինչ-որ չափով օգտագործեցին Վ.Ջ. Ղազարյանի միջոցով։ Ղազարյանը մեղադրել է Պ. Հակոբյանին, որ վերջինս ծանոթ չլինելով Ցարական Ռուսաստանում գործող օրենքներին` չի կարողացել մեկնաբանել մեծածավալ արխիվային փաստաթղթերի «տողատակը»։ Չբացահայտելով Հովհաննես Շահխաթունյանցի ինքնությունը` հեղինակը փորձում է ցույց տալ Աբովյանի հոգեւոր ընդհանրությունը նրա հետ։ Շահխաթունյանցը հոգեւորական էր, եթե թերթեք Էջմիածնի սուրբ-աթոռ լուսավորության գահի Սինոդի այդ ժամանակվա վավերագրերը, ապա բազմաթիվ նշումներ կգտնեք նրա կատարած եւ կատարելիք հանձնարարությունների վերաբերյալ։ Նա եղել է բազմաթիվ հայաբնակ վայրերում, հավաքել հին ձեռագրեր, ավետարաններ, այլ սուրբ մասունքներ, կազմել հաշվետվություններ եկեղեցիների տեխնիկական վիճակի մասին, կարդացել եւ գրի առել վեմագիր արձանագրություններ, որոնք այսօր ոչնչացվել են ժամանակի հողմերի կամ մարդկային անտարբերության պատճառով։ Շահխաթունյանցը զգալիորեն հարստացրել է Էջմիածնի գրադարանի գրական ֆոնդը։ Նա իր ժամանակի առավել գրագետ, ազգանվեր, բացառիկ հեռատեսությամբ օժտված անձնավորություններից մեկն է եղել:
1847թ. մայիսի 24-ի գրությամբ ուսումնական մասի կառավարիչ Վ.Ն. Սեմյոնովը Աբովյանին խնդրում է 14 օրով գնալ Թիֆլիս։ Ժամանակի գործող օրենքի համաձայն` առանց թույլտվության` բացակայությունը խստորեն պատժվում էր։ Աբովյանին Թիֆլիսում պահեցին 80 օր։ Ենթադրել, որ դա ինչ-որ դավադրություն էր, իրատեսական չէ։ Թե Թիֆլիս մեկնելու, եւ թե վերադարձի վերաբերյալ Աբովյանը տեղյակ է պահում Շահխաթունյանցին`
– «Եթե բոլոր դիպվածները հաջողվեն, ապա իմ բացակայությունը կտեւի չորս ամսից ավելի, այդ մտադրությունները չեն առաջանա, եթե 14-20 օրից հետո ընտանիքը վերցնելով վերադառնամ Երեւան եւ սպասեմ հարմար ժամանակի»։
– «Մարդը մտադրվում է, իսկ Աստված կարգավորում։ …ամենայն դիտավորությունը մեր առ ժամանակ դեռ ոչ կամին պտղաբերել… խոլերան խափանեց մերոնց բազմաթիվ ցանկությունները»։
Նամակների բովանդակությունից կարելի է հասկանալ, որ իշխանությունների գիտությամբ պետք է քննարկվեին Կովկասի ուսումնական հաստատությունների վերաբերյալ ծրագրերը, ինչը համաճարակի պատճառով խափանվեց։ Այդ ժամանակ իշխանությունները ծրագրում էին Այսրկովկասում առանձին (Կազանից անջատված) ուսումնական շրջան ստեղծել։
Վ. Ղազարյանը ընդգծում է Պարրոտի այն խոսքերը, որ 1834թ. Աբովյանի Ս. Պետերբուրգ ճամփորդելու նպատակն է եղել Վենետիկ մեկնելու թույլտվություն ստանալը։
1847թ. հոկտեմբերի 21-28-ը Աբովյանը ուղեկցում է Բլավատսկուն Գյումրի ուղեւորվելիս։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ ուղեւորությունը։
– 1848թ. փետրվարին Աբովյանին կրկին կանչում են Թիֆլիս (ինչո՞ւ, եթե Ներսիսյան դպրոցը փակ էր)։
– 1848թ. մարտի 9-ին Երկրամասի Գլխավոր Վարչության խորհրդի անդամ (նույն ինքը` ուսումնական մասի կառավարիչ) Սեմյոնովը տեղեկացնում է Ներսես Աշտարակեցուն, թե «…ազատելով պաշտոնից… հրամայել եմ Աբովյանին, որպեսզի նա օրինական կարգով պաշտոնը Ի. Թուրքեստանովին հանձնելուց հետո անմիջապես գա Թիֆլիս եւ ներկայանա Ձերդ սրբազանության տնօրինությանը»։
– Այս զեկուցագրի հիման վրա Աբովյանը ստացել է ծանուցագիր, որին կցված չի եղել ատեստավորման վկայագիրը, ինչը վկայում էր ծառայության բնույթը փոխելու մասին։
– Էմիլիեի վկայությամբ` Աբովյանը կնոջը ափսոսանք է հայտնել ծառայության բնույթը փոխելու իր որոշման մասին։
Ի՞նչ է նշանակում այս բոլորը միասին վերցրած։ Նախ, որ Աբովյանը առանց որեւէ պարտադրանքի որոշել է թողնել պետական ծառայությունը: Երկրորդ, որ դա կապված չէ Ներսիսյան դպրոցում աշխատանքի անցնելու հետ, եւ վերջապես, Աբովյանի «անհայտ բացակայության» մասին իմացել են Պետերբուրգում։ Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ պետական ծառայողների կարգավիճակը գրեթե նույնն էր, ինչ որ սպայական անձնակազմինը։ Նիկոլայ Առաջինը մի առիթով ասել է. «Ես ուզում եմ ճանաչել իմ չինովնիկներին, ինչպես անձամբ ճանաչում եմ իմ բանակի սպաներին»։
Ցարական Ռուսաստանում «անհայտ բացակայման» մասին օրենքը գործելիս է եղել 1767թ. ապրիլի 4-ից սկսած եւ կիրառվել է միայն ազնվականների նկատմամբ։ 1841թ. Ռուսաստանի պետական խորհուրդը եւս մեկ անգամ անդրադառնում է այդ օրենքին։ Օրենքը կյանքի է կոչվել առանձնահատուկ պայմաններում անհրաժեշտ համարվող անձանց նկատմամբ առանձնահատուկ միջոցառում կիրառելու նպատակով։ Օրենքը նախատեսել է, որ այդ միջոցառումը կարող է կատարվել վարչական եղանակով, քողարկված եւ գաղտնի ձեւով։ Աբովյանի դեպքում դա արվել է կոլեգիալ քարտուղար Իվան Թուրքեստանովի հսկողությամբ։
Պետական ծառայությունից հրաժարվելը կամ հեռացվելը առանձնահատուկ դեպք էր։ Աբովյանի որոշումը համաձայնեցված էր կաթողիկոսի հետ, իսկ Ներսես Աշտարակեցու գործունեությունը շատ դրական էր գնահատվում միապետ Նիկոլայ Առաջինի կողմից։
Աբովյանը, ամենայն հավանականությամբ, որոշել էր հեռանալ աշխարհիկ կյանքից: Իմանալով նրա «գերզգայուն» խառնվածքը, հասկանալի է, որ երբ արդեն մոտեցավ այդ որոշումը իրագործելու պահը, նա ընկել է ծանր ապրումների մեջ, չէ՞ որ հեռանում էր իր երկու երեխաներից` թողնելով նրանց խնամելու հոգսը 28-ամյա կնոջ վրա։ Շատերն են օգնել Էմիլիեին, սակայն սա արդեն այլ խնդիր է։
Աբովյանի անհետանալուց հետո Բլավատսկու գործողությունները, առաջին հայացքից, ավելի, քան տարօրինակ են թվում։ Նա անմիջապես ստեղծում է մի խումբ, որն ավարտին է հասցնում ուսումնարանի գույքային եւ ֆինանսական վիճակի մասին հաշվետվության հաստատումը, որի մեջ թերություններ չեն գրանցվում։ Կան հիմքեր պնդելու, որ արդեն իսկ ապրիլի 2-ին գավառապետը զեկուցագիր է գրել փոխարքա Վորոնցովին. «պաշտոնից ազատված կոլեգիալ ասեսոր Աբովյանը, ապրիլի 2-ի լուսաբացին, հայտնի չէ, թե ուր է բացակայել եւ անհետ կորել է»։ Այլ գրությամբ գավառապետը ապրիլի 8-ին տեղեկացնում է Թիֆլիսում գտնվող կաթողիկոսին, թե ձեռք առնված միջոցառումները չեն պարզել Աբովյանի գտնվելու վայրը։
Նշենք, որ Ներսես Աշտարակեցին ավելի, քան մտերմիկ հարաբերություններ է ունեցել Վորոնցովների ընտանիքի հետ։
Նույն օրը` ապրիլի 8-ին, գավառապետ Բլավատսկին կարգադրում է քննություն կատարել Աբովյանի «անհայտ բացակայության» մասին, իսկ Թուրքեստանովը զեկուցում է ուսումնարանի բարվոք վիճակի վերաբերյալ։ Պարզվում է նաեւ, որ Աբովյանի հաստիքում 1848թ. ապրիլի 3-ից նշանակվել է նոր տեսուչ։
Շատ կարեւոր հետեւության կարող է հանգեցնել Աբովյանի ընտանիքին թոշակ կամ միանվագ նպաստ հատկացնելու հարցի քննարկումը։ Լուսավորության նախարարը իրավունք ուներ անձամբ թոշակ կամ միանվագ նպաստ տալու որոշում ընդունելու, բացի մի դեպքից` եթե այն ընդունված կանոններից բացառություն է կազմում։
Աբովյանի ընտանիքին միանվագ նպաստ տրամադրելու գործը Լուսավորության նախարարի օգնական Ա. Նորովը 1854թ. մարտի 24-ին մտցնում է Մինիստրների Կոմիտե, որտեղ այն լսվել է մարտի 30-ին եւ ներկայացվել ցարին ապրիլի 13-ին։ Միապետը հաստատել է դրական որոշումը։ Վավերացումը կատարվել է Էմիլիեի 1851թ. մայիսի 2-ին ներկայացրած դիմումից գրեթե 3 տարի անց։
Ինչո՞ւ է Աբովյանի ընտանիքի նպաստի խնդիրը որակվում «ընդունված կանոններից բացառություն կազմող»։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, թե դա նշանակում է, որ Աբովյանը 1848թ. ապրիլի 2-ից հետո պարզապես չի գտնվել որեւէ պետական գերատեսչության տրամադրության տակ, ընտանիքին տրվել է նպաստ Աբովյանի 11 տարիների պետական ծառայության համար։ Ի՞նչ հետեւություններ կարող ենք անել Խ. Աբովյանի «անհայտ բացակայման» վերաբերյալ.
ա) Աբովյանին չեն սպանել, նա ինքնասպան չի եղել, որի մասին են վկայում մի շարք փաստաթղթեր։
բ) Եթե Աբովյանը աքսորված լիներ Սիբիր, Պերմի մարզ կամ այլ տեղ, նրա ընտանիքին տրվելիք նպաստի հարցը չէր հասնի տիրակալին։
գ) Անհայտ բացակայողը կարող էր գտնվել նաեւ Ռուսաստանի սահմաններից դուրս, ինչպես, օրինակ, Գերցենը, սակայն վերջինս քաղաքական ապաստան էր խնդրել։
դ) Աբովյանը փոխել էր իր ծառայության բնույթը եւ իրոք վերականգնել եկեղեցական կոչումը։ Այդ դեպքում նա կարող էր գտնվել Արեւելյան Հայաստանում, Բեսարաբիայում, Ղզլյարում, Աստրախանում կամ մի այլ տեղ։
Այս ամենին ավելացնենք նաեւ այն, որ 1858թ. ոչնչացվել է Աբովյանի «անհայտ բացակայման» վերաբերյալ կազմված 105 էջանոց թիվ 72 գործը, քանի որ, եթե անհայտ բացակայողը 10 տարվա ընթացքում ի հայտ չէր գալիս ժառանգությունը ստանալու համար, ապա նա ընդմիշտ զրկվում էր դրանից։