Երբ ակումբում հավաքված են նույն բանաձեւով ապրող մարդիկ, իսկ ելույթ են ունենում միմյանց լրացնող արտիստներ, երբ միջավայրը ջերմ է, մթնոլորտն` անչափ հաճելի, հնչող երգերից հուզվում են, արտասվում, ուրախանում, հիշողությունների գիրկն ընկնում, ոգեւորվում, ուրեմն` հեղինակային երգի համերգ է տեղի ունենում: Վերջերս «Ավանգարդ-ֆոլք» ակումբում տեղի ունեցավ հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի ու Արմինե Հայրապետյանի համերգը, որտեղ նրանք ներկայացրեցին նաեւ իրենց նոր ձայնասկավառակները: «Խոստովանություններիս մեջ ամեն ինչ էլ կա. սեր, միայնություն, փնտրտուքներ էլ կան, գտած բաներ էլ, որոնք ինձ համար երջանկության աղբյուր են դարձել: Այս ամենն ամփոփել եմ մեկ սկավառակի մեջ»,- այսպես ներկայացրեց Վախթանգն իր նոր` «Յա ժիվու կակ ժիվու» CD-ում զետեղված երգերի թեմաները:
Հեղինակ-կատարողի երգերը տարբեր տրամադրություններ ունեն եւ բացի ռուսերեն լինելուց` մեկ ընդհանուր ու կարեւոր գիծ ունեն. «Ամեն ինչ անկեղծ է: «Յա ժիվու կակ ժիվու» խոսքերի մեջ էլ ամփոփել եմ այդ անկեղծությունը, այսինքն` թաքցնելու բան չունեմ: Երբ խելառություններ եմ անում, ասում են` 40 տարեկանում նման բաներ չեն անում, բայց իմ դուրը գալիս է, ես դա անում եմ: Երբ ասում են` ճակատագրի հետ խաղալ չի կարելի, պատասխանում եմ` իսկ ինչի՞ հետ պետք է խաղալ. մարմինը փորձությունների տանելով` հնարավորություն ես ստանում ավելացնել հոգուդ բաժինը, եթե չանես դա, ապա մարմինն ինչի՞դ է պետք»:
1998, 2000, 2005 թվականներին լույս են տեսել Վախթանգ Հարությունյանի հայերեն երեք ձայնասկավառակները, նոր ալբոմի վրա հեղինակն աշխատել է մեկ ու կես տարի. «13 երգն էլ 3-4 տարվա են: Վերջերս մի քիչ շատ եմ ռուսական գրականություն փորփրում, ու թեեւ մտածելակերպս հայկական արմատից է, ռուսերեն եմ գրել` ցույց տալով, որ լեզվական շեմը հնարավոր է հաղթահարել եւ հենց ռուս մասնագետներից գովասանքի խոսքեր լսել»: Մայրն իրեն անընդհատ մեղադրում է «երգերի մեջ շատ անկեղծանալու համար», ինչին Վախթանգը bravo.am-ի հետ զրույցում հետեւյալ պատասխանն է տվել. «Ես իրականում թաքցնելու բան չունեմ: Միշտ կարծել եմ` եթե ինչ-որ չափով փորձեմ թաքցնել անկեղծությունս, ուրեմն երգը տուժելու է: Ինչպես գրվել է, այդպես էլ ներկայացրել եմ եւ չեմ մտածել, որ կարող է ինչ-որ մի բան էլ դառնա երկկողմանի սուր, մի կողմն էլ մխրճվի իմ սիրտը»:
Արմինե Հայրապետյանի կատարումները եւս հանդիսատեսը մեծ ջերմությամբ էր ընդունում ու ձայնակցում էր հեղինակին: Ի դեպ, «Բարեւ»-ի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին. «Ինքս էի ընտրել այդ օրը` ի հիշատակ իմ ամուսնու: Բավական լավ ու գեղեցիկ միջոցառում ստացվեց, որին մասնակցելու ցանկություն բազմաթիվ մարդիկ էին հայտնել, սակայն ներկա չկարողացան գտնվել` դահլիճի ոչ այդքան մեծ լինելու պատճառով, ես էլ խոստացա կրկնել երեկոն: Իհարկե, սա կրկնություն չէր, երգացանկն էլ ընթացքում էր որոշվում, ամեն դեպքում սկավառակն ավելի լայն կերպով այս անգամ ներկայացվեց»: «Շատ ուրախ եմ, որ մեր երկխոսությունը հերթական անգամ կայացավ եւ կայացավ հաճելի ու ուրախ կերպով,- նշել է Արմինե Հայրապետյանն ու հավելել,- Նմանը նմանին գտնում է, եւ փառք Աստծո, որ այդպես է: Մեր նմանների կյանքի բանաձեւը բացարձակ անկեղծությունն է»: Ի դեպ, երգչուհին նույնպես իրենց խենթեր անվանեց. «Միապաղաղ մարդիկ տաղտկալի են, շուտ ձանձրացնում են իրենց էլ, մյուսներին էլ: Մարդը պետք է մի քիչ խենթ լինի. երբ ուզում ես բացականչել, որ աշխարհը գեղեցիկ է, պիտի բացականչես, երբ ուզում ես լաց լինել, պիտի լաց լինես` անկախ նրանից, որ քեզ նայում են, ամոթ է: Պետք է զերծ լինել բոլոր ձեւականություններից եւ հեռու մնալ ամեն տեսակ պայմանականություններից, որոնք դնում է քաղքենի միջավայրը»:
bravo.am