Պետեր Նադաշ «Էսսեներ»

22/12/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

ՎԵՐԱՑԱՐԿՄԱՆ ՑԱՆԿԱԼԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ

Ավելի ճիշտ, կհետաքրքրվեր, եւ հաճույքով այդ ամենը կընդուներ, որովհետեւ այդ ամենը, ըստ էության, նրան հետաքրքրում է: Ավելի ճիշտ, կհետաքրքրեր, չէ՞ որ նա իսկապես ուզում էր բավարարել իր հետաքրքրասիրությունը, եթե դրան չխոչընդոտեր խորունկ, խորագույն, պատմականորեն արմատացած անվստահությունը:

Եվ քանի դեռ նա ստիպված է, չորսհարյուրամյա ուշացումով, յուրացնելու գրքի ստեղծման մեթոդիկան, իրականում նրան հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք ես նույնպիսի խարդախ չեմ, ինչպես բոլոր նրանք, ով վարձ է ստանում հասարակության համար լիովին անօգուտ աշխատանքի համար: Չընկալելով գրքի ստեղծման գործառույթն ու դրա իմաստը, ինչպե՞ս նա կարող է հավատալ ինձ. որ զրույցն իր հետ ոչ միայն իմ կենաց փորձի օրգանական մասն է, եւ հասարակայնորեն կարեւոր աշխատանքի շարժահաղորդության միջոց, եւ ընդ որում, ամենեւին էլ ոչ շահութաբեր:

Ոչ մեկին տրված չէ, տիկնայք եւ պարոնայք, մեկ այլ մարդու փոխարեն կատարելու մտածողության համար անհրաժեշտ վերացարկման գործողությունը: Վերացարկման ունակությամբ է օժտված յուրաքանչյուր ողնաշարավոր, սակայն տարբերության մակարդակը ժողովուրդների եւ առանձին անձանց մոտ տարբեր է: Դա բավական կարեւոր է, քանզի դրանից է կախված մարդու եւ մարդու միջեւ եղած մշակութային մակարդակը: Մեկուսացումը, որ մեր միջեւ ավելի շատ է, քան դեմոկրատական քաղաքական իրավունքների տեսանկյունից, թույլատրելի կլիներ: Երրորդ արդյունաբերական հեղափոխության նախօրեին մենք կանգնած ենք մոտավորապես նույն խնդիրների լուծման առջեւ, տրամաբանական եւ հաղորդակցային, որոնց առջեւ հայտնվեցին մեր նախնիները քսաներորդ դարի շեմին: Դրանից տառապում էր արդեն Էնդրե Ադին, որ երբեմն կոպտորեն նզովում էր ամենքին եւ ամենայն ինչ: Աթիլա Իոզեֆը հույսը կապում էր խելացի մարդկանց խմբի հետ, իսկ Զոլտան Կոդայը դաստիարակության ուղղությամբ գործնական խորհուրդներ էր առաջարկում: Ողջ հունգարական պատմությունը անփոփոխորեն մեր քիթն է կոխում քաղաքացիական լուսավորչության անբավությունը, սակայն տխմարություն կլիներ ենթադրելը, որ այդ ամենի ետեւում ճակատագիրն է կանգնած: Մենք չենք կատարել շատ որոշակի մի աշխատանք: Պատասխանատվությունը, որն ամենուր աշխարհում գրի մարդիկ բեռնում են իրենց ուսերին, բայց որը, այդուհանդերձ, ամենուր, միշտ եւ յուրաքանչյուրին հարկ է կատարել իր ներսում: Ինքնադաստիարակման աշխատանքը։

Ինձ համար մեծ պատիվ է, տիկնայք եւ պարոնայք, մեզ բոլորիս սպասող աշխատանքի նշանի ներքո մեր քաղաքում գրքի շաբաթ բացելը:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՅՐԻ ՏԱՆՁԵՆՈՒ ՇՈՒՐՋ

Այն օրից ի վեր, ինչ ես բնավորվեցի այս վիթխարի տանձենու մոտ, ես տեղաշարժվելու կարիք չունեմ այն բանի համար, որպեսզի նայեմ հորիզոնից անդին կամ հեռավոր անցյալին: Տերեւները վայրի տանձենու վրա փոքրիկ են, կլորավուն, խիտ ցրված ճյուղերով: Ծածկված շողշողուն ու սարթ, խիստ ամուր տերեւներով ճյուղերը հակվում են մինչ գետին, իսկ հիմնական ճյուղերը միտում են դեպ երկինք, ճշտակառույց գնդաձեւ սաղարթամասը, որը պահում է ջերմությունը, ցրում է լույսն ու շուրջբոլորը ցայտում անձրեւի կաթիլները:

Գեչեի բլուրների վրա, որ Հունգարիայի հարավ-արեւմուտքում է, դրանց հարավ-արեւելյան ստորոտներում, համանման միայնակ աճող վայրի տանձենիներն ամենեւին էլ հազվագյուտ բան չեն: Օգոստոսի վերջից մինչեւ հոկտեմբերի սկիզբը նրանք առատորեն ծածկում են աղքատիկ հողն իրենց թթվաշ մածուցիկ պտուղներով: Կաթած տանձենիներից տեղաբնակներն օղի են քաշում եւ քացախ պատրաստում` թե մեկը, թե մյուսը հիանալի որակի:

Վայրի տանձենու պատիժը նրա պտղաբերությունն է:

Ամառային տեղատարափներից հետո, երբ բույսերն այլեւս ունակ չեն իրենց մեջ խոնավություն ներքաշելու, ամենբեռնված ճյուղերը պտուղների ծանրության տակ երբեմն կոտրվում են եւ պոկվում են ցած: Սաղարթներն այդպիսի ամառային վթարներից հետո կորցնում են ձեւը, դառնում են խոցելի, բայց եւ այդպիսի խեղված եւ խաթարված վիճակում կարող են դարերով մնալ: Մեր վիթխարի տանձենին իր սաղարթն այդուհանդերձ պահպանել է: Arbor excels` տեսակի երեւելի ներկայացուցիչը, ինչպես կասեին անտառագետներն իրենց պրոֆեսիոնալ լեզվով: Ճիշտ է, մի անգամ քնատ ետմիջօրյա լռությունը պատռեց խլացուցիչ ճայթյունը, եւ համարյա միաժամանակ ոտքերի տակ հիվանդագինորեն դղրդաց հողը: Երբ ես դուրս թռա, որպեսզի տեսնեմ, թե ինչ է պատահել, գետնին ընկած էր բնից պոկված մի վիթխարի ոստ: Ես նույնիսկ մեկեն չկարողացա գիտակցել ողբերգության ողջ խորությունը: Թվում էր, թե ծառից արմատախիլ է արված մի ձեռքը: Ոստը ես սղոցեցի, եւ աշնանը հախճաղյուսի վառարանի մեջ նա վերածվեց տաքության: Նրա բացակայությունը մինչեւ այժմ ինձ ցավ է պատճառում: Նայելով ծառին, ես ջանում եմ չնկատել նրա վրայի սպին: Թեպետ մի տասը տարի հետո նոր ընձյուղներն իրենց տերեւներով համարյա ծածկեցին սաղարթի պատռվածքը: Մեր վայրի տանձենին, կարելի է ասել, ինքը գիտի, թե ինչ եւ ինչպես անի: Հետզհետե նա վերականգնում է իր կատարելությունը կամ, համենայն դեպս, դրա պատրանքը:

«Մեր տանձենին»,- գրում եմ ես արդեն երկրորդ անգամ, թեեւ ոչ ոք երբեք այն իր սեփականությունը չի համարել: Ավելի շուտ` ընդհակառակը: Ես մեծ երջանկություն եմ համարում, որ արդեն քսան տարի կարող եմ ապրել նրա կողքին, կարող եմ, հայացքս ձեռագրից կտրելով, տեսնել այն ծաղիկներով ծածկված, խիտ տերեւներով կամ, ամիսներ շարունակ, լիովին մերկ:

Ինչպես պատմում են հնաբնակները, իրենց ջահելության տարիներին ամառային երեկոներին, երբ տապը երկար չի նվազում, ծառի տակ հավաքվում էր ողջ գյուղը: Կնշանակի, վայրի տանձենին ութսուն տարի առաջ էլ ազդեցիկ չափերի էր: Մինչեւ վերջերս, երբ տունը դեռ ցանկապատված չէր, տարեց գյուղացիները տեղավորվում էին գարեջրի գավաթով այգու մեր ճերմակ սեղանի շուրջ եւ կեսգիշերից էլ դենը ծառի տակ վարում էին իրենց մեղմ զրույցները: Եվ պետք է ասել, որ այդպիսի վիթխարի վայրի տանձենիների տակ նույնիսկ ամենահրակեզ տապին օդը փոքր-ինչ զովաշունչ է: Բայց այդ բոլոր ծերունիներն այժմ ողջ չեն: Ի դեպ, հարկ է բացատրել, որ երբ տեղաբնակներն ասում են` «գյուղ», ապա դրա տակ հասկանում են ոչ թե կոնկրետ աշխարհագրական անվանվամբ բնակեցված վայր: Նրանց համար դա աշխարհի հոմանիշն է, ինչպես ֆրանսիացիների համար, երբ նրանք ասում են` tout le monde` ամենայն ինչ, ողջ աշխարհը: Գյուղը հենց այդ «ամեն ինչն է», իսկ եթե որեւէ մեկն այդ շրջանակի մեջ չի մտնում, ապա, բնականաբար, ոչ մի կապ չունի եւ այդ «ամեն ինչի» հետ: Որոշակի իմաստով նրանք իրենց պահում են Սպարտայի, Լեսբոսի, Աթենքի եւ հունական այլ քաղաքների բնակիչների նման, ովքեր ամենքին, ի բացառյալ իրենց, բարբարոս էին համարում: Կամ ինչ-որ անասնակերպ էակներ, ովքեր չգիտեն եւ չեն պաշտում իրենց աստվածներին, կարգին չգիտեն իրենց լեզուն, մի խոսքով, մարդ չեն: Մոտավորապես այդպես էր իրեն պահում գերմանական, լեհական, հունգարական, չեխական եւ իտալական վարձկաններից զինահավաքագրված միջնադարյան բանակը, որին վիճակված էր ուժերը չափելու, ի դեպ, գյուղից շատ մոտ, ահարկու թուրքերի դեմ: Գիշերով մարտից առաջ տարացեղ ռազմիկները այնպես վիճեցին, որ զենքը իրար դեմ շրջեցին: Նրանք չկարողացան հանդուրժել, որ այլ մեկը` նորմալ բառերի փոխարեն, ինչ-որ անհասկանալի բան է ասում եւ չի հասկանում իրենց նորմալ մարդկային լեզուն: Կոտորելով ու քշելով միմյանց, նրանք բացեցին ահարկու ախոյանի ճանապարհը, որն էլ մի քանի դարերի ընթացքում համարյա հիմնովին ավերեց այդ վայրերը:

Մեզ մոտ` այստեղ, իրական աշխարհին, այսինքն` «ամեն ինչին» է վերաբերում միայն մոտակա գյուղերի ժողովուրդը, իսկ հեռավորների բնակչությունն այդ աշխարհի մեջ չի մտնում:

Այդպես է պատահել, հավանաբար, այն պատճառով, որ գյուղում, բարդ եւ երկարատեւ, գաղտնի եւ ակնհայտ համաձայնեցված արարողություններից հետո, բոլորը հանկարծ սկսում են միանման գործել, այնինչ այլ վայրերում ուրիշ մարդիկ ստիպված են ինչ-որ այլ բան անելու, այլ կերպ եւ այլ ժամանակ, ինչն էլ որ նրանց ուրիշ է դարձնում: Երբ գյուղը որոշում է կայացնում, որ կարտոֆիլ տնկելու կամ սիմինդր հավաքելու ժամանակն է, ապա այդ որոշումն այլեւս վեճ չի հարուցում, եւ բոլորը համերաշխ կարտոֆիլ են տնկում կամ սիմինդր են հավաքում: Երկար ժամանակ ես օտարված հետեւում էի նրանց համաձայնեցված եւ եղանակային պայմաններին ենթակա գործողություններին եւ, եթե իմ սեփական որոշումն էի կայացնում, ապա, անշուշտ, անհարմար վիճակի մեջ էի ընկնում: Անելով ոչ այն, ոչ ժամանակին եւ ոչ այնպես, ինչպես անում էր ողջ գյուղը, ես ֆիզիկական իմաստով կյանքս բարդացնում էի: Հարկավ, այն բանում, ինչ վերաբերում է երկրի ու երկնքի, տեղումների ու հողի հարաբերություններին, գյուղը նույնպես կարող է ելնել միայն հավանականությունից: Փոխարենը` եւ ոչ մի անհատական պատկերացում նրան չի խանգարում լիովին ենթարկվելու այդ հավանականությանը: Այդ ենթակայականությունը, որ տարածվում է տառացիորեն կյանքի բոլոր դրսեւորումների վրա, այնքան անխախտ է, որ պարզապես անտանելի է մարդու համար, որ սովոր է ինքնուրույն որոշումներ կայացնելու:

Երբ գյուղը ինչ-որ բան է ձեռնարկում կամ ինչ-որ բան գիտակցում է, ապա ոչ գործողությունները, ոչ գիտակցման պրոցեսը սուբյեկտ, դեմք չունեն, որովհետեւ դրանց մասնակից անհատներին կոլեկտիվ գիտակցությունը ծիսականորեն կլլում է, իսկ նրանց փորձը ժողվում է գյուղի ընդհանրական գանձարանում: Այսօր գյուղը կարտոֆիլ է տնկում: Անշուշտ, միշտ կան մարդիկ, ովքեր եղանակ են ստեղծում, որոնց բառերը որոշում ընդունելու բարդ, երկարատեւ ու առեղծվածային պրոցեսում առանձնահատուկ կշիռ ունեն, սակայն հենց որոշումն ընդունվում է, այդ մարդիկ այլեւս նշանակություն չունեն, անկախ այն բանից` ճի՞շտ էր նրանց հաշվարկը, թե՞ ոչ: Քսան տարվա ընթացքում ես չեմ լսել, որպեսզի որեւէ մեկը հետագայում դժգոհություն հայտնի կոլեկտիվ ընդունված որոշումից: Վատագույն դեպքում գյուղաբնակները փաստում են, թե, իբր, այս տարի այսպես էր, իսկ մյուս տարիներին` այլ կերպ: Պատասխանատվությունն այս կամ այն գործողությունների համար, նույնիսկ բացահայտ վրիպումի դեպքում, նրանք երբեք չեն կապում կոնկրետ մեկի կամ իրենք իրենց հետ:

Ինձ ամենաքիչը տասը տարի պետք եղավ այն բանի համար, որպեսզի բացահայտեմ, որ հունձքին, որքան էլ տաք լինի, հարկ է տաբատ ու երկարաթեւ վերնաշապիկ հագնել, ընդ որում, վերնաշապիկը պետք է մինչեւ վերջ կոճկվի: Ով այլ կերպ է հնձում, նա կքրտնի, կմրսի, կամ էլ նրան կքրքրեն փշերը:

Սակայն «գյուղ» հասկացությունն ունի եւ առավել ընդարձակ, նաեւ` առավել վերացական իմաստ: Դա ոչ միայն բոլոր մարդիկ են, որ մտնում են «մեր աշխարհ», բոլոր իրենց մտադրություններով ու արարքներով, ոչ միայն մեր արենակիցներն են եւ այն ամենը, ինչ նրանք անում են կամ խուսափում են անել, այլ նաեւ մեկեն բոլորին պատկանող կոլեկտիվ գիտելիքը: Այդ գիտելիքից անդին գիտելիք չկա:

Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, եւ թե ինչ է թաքնված այդ անառարկելի ու անթափանց աշխարհայացքի ետեւում, մի պատմություն պատմեմ:

Պատերազմի վերջում գյուղը բազմիցս ձեռքեձեռք էր անցնում, եւ մի անգամ, երբ ռուսները հերթական անգամ այնտեղից քշեցին գերմանացիներին, վեց գերմանացի զինվոր, իրենց զորամասից դասալքվելով, թաքնվեցին մոտակա բլուրներից մեկի վրա գտնվող գինեգործարանի ձեղնահարկում: Գերի ընկնել նրանք չէին կամենում, բայց եւ մարտնչելն էլ, հավանաբար, ձանձրացրել էր: Գյուղը նրանց որոշմանը հարգանքով վերաբերվեց եւ վեց տարի շարունակ նրանց թաքցնում էր: Դա ամենեւին չի նշանակում, թե իբր նրանք վեց տարի այդպես էլ նստել են ձեղնահարկում, ընդհակառակը, նրանք ապրում էին, աշխատում էին դաշտերում, ճիշտ նույնպես, ինչպես բոլոր մյուսները: Առաջին գարնանը զինվորներից մեկը հերկատեղիում գութանով ոտքը ճղել էր, արյան վարակ էր ստացել եւ մի քանի օր տաքության մեջ պառկելով` մահացավ: Գյուղը, այլ կերպ ասած` «բոլորը», գիտեին, գերմանացին մահամերձ է, բայց բժիշկ այդպես էլ չկանչեցին: Շրջանային բժիշկը, որ ապրում էր հեռավոր ավանում, «բոլորի» մեջ չէր մտնում: Ճիշտ նույնպես, ինչպես եւ քահանան: Այդպես էլ առանց քահանայի թաղեցին: Մեկուսի եւ անթափանց աշխարհայացքը, որը չթույլատրեց փրկելու գերմանացիներից մեկի կյանքը, լիովին անվտանգ ու ազատ դարձրեց մյուս հինգի կյանքը, այնքան, որ նրանք ոչ միայն մշակություն էին անում տեղի տանուտերերի մոտ, այլ գնում էին վաստակելու մոտակա գյուղերը: Ոչինչ դրան չէր խոչընդոտում, քանզի մոտակա գյուղերի բնակիչները պատկանում են «բոլորի» թվին, իսկ այն, ինչ գիտեն «բոլորը», քննարկելն անիմաստ է, այսինքն` օտար որեւէ մեկը այդ մասին չի էլ կարող իմանալ: Հենց այդ պատճառով էլ ես ասում եմ, որ ապրում եմ այնպիսի տեղերում, ուր մարդիկ մտածում են մինչժամանակակից հասկացություններով: «Սառը պատերազմի» ամենամռայլ տարիներին, երբ ողջ հունգարական հասարակությունը պատված էր մատնիչների եւ գաղտնի գործակալների ցանցով, հինգ գերմանացիներն իրենց ոչ միայն լիովին անվտանգ էին զգում, այլ մի հրաշալի օր, երբ կարոտը նրանց վերջնականապես խեղդեց, տեղաբնակները նրանց անցկացրին քիչ հեռու տեղադրված ավստրիական սահմանով, անտեսելով փշալարերով պատնեշները, ականապատ դաշտերն ու սարսափելի «երկաթե վարագույրը»:

Զգացողություն կա, թե իբր կյանքն այստեղ կազմավորվում է ոչ թե անհատական տպավորություններից, ոչ թե գիտակցված պատմական հիշողությունից, ոչ թե հիշողություններից ու մոռացությունից, այլ խուլ լռությունից:

Ինչը որ կարելի է հասկանալ, չէ՞ որ, եթե մարդիկ, որ օժտված են անհատական գիտակցությամբ, անվերջորեն ստիպված են խոսելու ավելի շատ, քան իրենք գիտեն, ապա նախամոդեռն հասարակության մեջ յուրաքանչյուրն առանձին վերցրած միշտ ավելի քիչ է խոսում, քան ամենքին հայտնի է։

Լռակյաց անցումներով կտրտված վայրում, որն արեւմուտքից հատում է ճանապարհը, որ մի ժամանակ դեռեւս հռոմեացիներն են անցկացրել, եւ ուր ծայրագավառների քաղաքների լատինական անվանումները պահպանվում են նրանց հետագա անվանումների հետ մեկտեղ, հանց մեր մոտիկ ծանոթների քնքշալի անունները, հողը ծածկված է ճիշտ ալիքաձեւ կուտակումներով: Առաջին ասֆալտած ճանապարհներն այստեղ կառուցեցին քսաներորդ դարի երեսնական թվականներին ամերիկյան ու բրիտանական նավթային ընկերությունները, երբ նրանց երկրաբանները հայտնաբերեցին, որ գեղեցիկ ալիքաձեւ լանդշաֆտն իր խորքում նավթի հարուստ պաշարներ ունի: Խճուղին, որ բացեցին համարյա հին գյուղակները եզերող ճանապարհի վրա, եւ դրանք, հատելով գետակներով ընդգծված բացատները, բարձրանում են դեպի բլուրները, որոնք հաղթահարելով, դարձյալ հանդարտ փախչում են դեպի հովիտները, ուր ընդմեջ բոխիների ու մանրուռիների, ճիմերի վրա աճում են եղեգները, շաքարեղեգները, այծառատունկերն ու ջրաշուշանները, եւ վետվետում է հերթական անանուն գետակը: Բլուրներն ու հեռաստանները միմյանց փոխարինելով, լայնարձակ հուժկու ալիքներով գլորվում են եզրից` հյուսիս-արեւմուտքից դեպ հարավ-արեւելք: Մայրամուտին դրանց վրա ելնում է մառախուղը եւ, խտանալով, մնում է մինչ լուսաբաց: Խստաշունչ տեղանք, որի այժմյան տեսքը ձեւավորել են ոչ թե տեկտոնիկ տեղաշարժերը եւ ոչ էլ նույնիսկ ինչ-որ ժամանակ այստեղ եղած ծովը, այլ ձյան զանգվածներն ու սառույցի մեծաբեկորները, որոնք սառցե շրջանի վերջերին Ալպերից իջնելով, ծակծկել ու արդուկել են ողջ մակերեւույթը: Եթե բարձրում կանգնես եւ թեքվես անմռունչ Ադրիատիկայի թերակղզի Իստրիայի կողմը, ապա, թերեւս նույնիսկ այսօր, կարելի է լսել հազարամյակների ընթացքում շարժվող քարակարկառների արձագանքները: Կամ էլ թե ահարկու ձայնի ու խստամբեր ընթացքի մասին են մեզ հիշեցնում հենց լանդշաֆտի ֆիզիկական առանձնահատկությունները:

Բլուրների կատարները մագլցած մանրակերտ գյուղակները խմբված են գլուխ-գլխի, այնպես որ, կարելի է լսել, երբ հարեւանների մոտ զանգ են խփում, եւ ղողանջից որոշել` ինչ-որ մեկը մահացել է, ինչ-որ մեկին թաղում են, ինչ-որ մեկը պսակվում կամ տաճարում մանկանն է կնքում, կամ էլ պարզապես կեսօրն է վրա հասել, երեկոն է եկել, այգն է բացվել եւ, ուրեմն, կյանքն առանց որեւէ իրադարձությունների` իր կարգով ընթանում է: Իսկ պարզկա եղանակին կարելի է նույնիսկ նշմարել ծայրամասերի տները, որ թաղված են սալորենիների եւ խնձորենիների այգիների մեջ:

Ոչ միայն գիտելիքը, այլեւ տեսողությունը, լսողությունը գյուղացիների մոտ գործում են ասես թե կոլեկտիվ-անանձնական մակարդակի վրա: Նրանք միանման տեսնում ու միանման լսում են: Ես ամեն անգամ աննկարագրելի ապշանքի մեջ եմ հայտնվում, որ բավ է ինչ-որ մեկը նոր մի բան հագնի, անծանոթ մի բան, եւ նրան դադարում են ճանաչել: Եվ հանկարծ հասկանալի է դառնում, որ մինչանհատական գոյության դարաշրջաններում հանդերձափոխությունը, իսկապես, մարդկանց կարող էր մոլորության մեջ գցել: Ավելին, երբ գյուղում օտարական է հայտնվում, տեղաբնակները դժվարանում են որոշել նրա տարիքը: Նրանց աչքերը, հավանաբար, այլ կերպ են կառուցված, նրանք ուսումնասիրում են ոչ թե արտաքին տեսքը, այլ անծանոթի բնավորությունն ու որակը: Եվ հաճախ օտարականի հետ իրենց պահում են լիովին հակասության մեջ մտնելով նրա արտաքինի հետ: Ուզածդ անծանոթի հանդեպ ցուցաբերում են անսահման, տանջալից անվստահություն եւ միաժամանակ անխոհեմորեն տուն են թողնում ում ասես, ով փողկապով ու կոստյումով է եւ դրա հետ էլ` ինչ-որ թղթի կտոր է ներկայացնում: Համապատասխանաբար, ներս սողոսկող գողերը, իրենց հարկային տեսուչ կամ հողաչափ են ձեւացնում, եւ այդ հնարքն ամեն անգամ անխափան աշխատում է: Արտասահմանյան բառերի իմաստը նրանք փորձում են գտնել դրանց հնչողության մեջ` այդպես են հայտնվում ողջ լրջությամբ արտաբերվող «կինոսկոպը»` «կինեսկոպի» փոխարեն, եւ «շլանգբաումը»` «շլագբաումի» փոխարեն, ընդ որում նրանք շատ ավելի հոգատար են, քան այլ վայրերում, թեպետ եւ փոքր-ինչ ժողովրդականի վերածած, պահպանում են հունգարերենի միջնադարյան-լատինական շերտը: Օրինակ, մոլախոտը, որ ամենուր հովվամախաղ է կոչվում, կաստվելա են կոչում (լատիներեն- capsella bursa-pastoris): Նրանք տարբերում են լոկ հիմնական գույները, այնպիսիք, ինչպիսիք են դեղինը, կարմիրն ու կապույտը, ինչ վերաբերում է մյուսներին, կասկածում են եւ կարող են շագանակագույն կոչել այն, ինչը որ այլ վայրերում կարող են կոչել մանուշակագույն, դեղնականաչ կամ սաթի: Եվ նույնիսկ գործվածքների խանութում, որ գտնվում է մոտակա ավանում, մուգ-դարչնագույնը, մուգ-մոխրագույնը եւ մուգ-կապույտը համարվում են սեւ: Եվ եթե մեկը կասկածում է այն բանում, որ տարբերակված գունազանազանումը մարդուն բնականորեն տրված բան չէ, այլ հասարակական, շատ հաճախ` տեղային, համաձայնության արդյունք, նա կարող է հեշտորեն դրանում համոզվել մեր կողմերում:

Այդ խորապես արմատացած նախամոդեռն յուրահատկությունների իմացությունը մեզ հանգեցնում է այն բանի ընկալմանը, թե ինչու մեր կողմերում մարդիկ այդքան հեշտ էին տրվում, դե դեռ այսօր էլ հեշտությամբ են տրվում եվրոպական պատմության այնպիսի մահացու գաղթակղություններին, ինչպիսիք են ազգայնամոլությունը, ֆաշիզմը կամ բոլշեւիզմը: Երբ հանկարծ հայտնվում է որեւէ մեկը, որ սկսում է բարբառել կոլեկտիվ գիտակցության անունից, ելնելով ինքնաշահադիտական մտադրություններից, նախամոդեռն գիտակցությունն ունակ չէ ճանաչելու հռչակագրերի տակ թաքնված մտադրությունը:

Եթե որեւէ տեղ ծուխ է բարձրանում երկինք, ապա գյուղը գիտի, ով է կրակ արել, գյուղը զգում է, թե ինչ են այնտեղ վառում: Աշխարհը տեսանելի է, նրա բոլոր բնակիչները հաշված են: Եվ գյուղը չի կարող այլ աշխարհ պատկերացնել, ուր ինչ-որ այլ մեկն է ապրում, բացի նրանցից, ում նա հաշվի է առել:

– Արդյո՞ք ես չեմ կարող հուշել, թե ում համար գյուղը ձայն տա,- այդպիսի խնդրանքով ինձ դիմեց տեղի ավագը 1990 թվականի գարնանը, երբ վերջերս հռչակված Երրորդ Հունգարական Հանրապետության բոլոր քաղաքացիները առաջին անգամ կարող էին մասնակցել ազատ ընտրությունների: Նա ինձ հետ այնպես էր խոսում, ասես նրան պատգամավոր էր ուղարկել ողջ գյուղը: Դե, իրականում, այդպես էլ կար, նրան գյուղն էր ուղարկել, քանզի քաղաքական ազատության իմաստի եւ բովանդակության մասին ոչ ոք պատկերացում չուներ ոչ միայն գյուղում, այլ նաեւ ավելի հեռվում` ուր աչքդ կտրի` նրա սահմաններից դուրս: Գուցե միայն մի քանի մեծ քաղաքներում` Պրահայում, Վարշավայում, Բեռլինում, Բուդապեշտում, դե, նույնիսկ այդ տեղերում` ոչ բոլորը: Չէ՞ որ բռնակալությունը տապալվեց 1989 թվականին ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդները հետզհետե հանգեցին այն եզրակացության, որ ազատական դեմոկրատիայի եւ շուկայական տնտեսության վրա հիմնված աշխարհակարգը, ի վերջո, ավելի լավն է ու արդար, քան իրապես իրականացված սոցիալիզմը կամ, ըստ էության, չիրականացված կոմունիզմը, քանի որ այն անհատին երաշխավորում է երջանկության փոքր-ինչ ավելի չափաբաժին: Ինչ հիանալի կլիներ, եթե դա այդպես լիներ: Բայց, ավաղ, ճշմարտությունն այն է, որ Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդները, ենթարկվելով անասնական էգոիզմին եւ վերապրելու բնազդին, ջանում էին այդ տարիների ընթացքում նվազագույնս պահպանել անձնական սեփականությունն ու ինքնավարությունը, ձգտում էին այն բանին, որպեսզի, արտոնված կամ չարտոնված, վերադարձնեն կամ ստանան այն, որ ըստ օրինաց կարգի` իրենց էր պատկանում: Եվ այդ նպատակով համերաշխ ջանքերով քայքայում էին բռնակալությունը, որը, չխորշելով ահաբեկչությունից, զանգվածային սպանություններից եւ խոսքի, հավաքների եւ մամուլի խստագույն սահմանափակումից, մտադիր էր ինչ-որ դիմակահանդեսային-երկրային ձեւ հաղորդել հնամենի մարդկային ձգտմանն առ հավաքականությունը եւ ոչ պակաս վաղնջական պարտասանքին առ մարդկանց միջեւ եղած հավասարությունը:

Սակայն աշխարհի այս բավականաչափ ազդեցիկ մասում քաղաքական ազատությունը նշանակում էր եւ մինչեւ այժմ էլ նշանակում է ոչ այն, ինչ այլ վայրերում:

Եվ եթե ես տեղի տոհմերեցին ասեի, թե գյուղին ում է հարկ ձայն տալ, ապա, անշուշտ, գյուղը իր ձայնը կտար այն կուսակցությանը կամ այն թեկնածուին, որոնց ես գերադասում եմ: Բայց ես դա չասացի: Եվ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ վախենում եմ խոսքերիս պատասխանատվությունից: Ես դա չասացի այն պատճառով, որ նույնիսկ դեմոկրատիայի առաջին նշույլների ժամանակ, ելնելով հենց այդ դեմոկրատիայի շահերից, չէի կամենում դավաճանել քաղաքական ազատության ու դեմոկրատիայի իմ մեկնությանը: Դրա փոխարեն` ես կարճառոտ բացատրեցի, թե, ըստ իս, ինչպիսի հայացքներ են ներկայացնում այս կամ այն թեկնածուները, եւ թե ինչ դրական կամ բացասական նշանակություն դա կարող է ունենալ գյուղի համար: Ընդ որում, ես ամեն կերպ խուսափում էի նույնիսկ նվազագույն ակնարկներից առ սեփական կանխակալությունը այս կամ այն կուսակցությունների եւ անձանց հանդեպ: Եվ գյուղական տոհմերեցի աչքերից տեսա, որ իմ վարքը նրան պատկերանում է համարյա թե թշնամական, եւ այդ պատճառով բոլոր իմ խոսակցությունները հիասթափեցնում են նրան, եւ որ նա դրանք ականջի ետեւ է գցում: Կարճ ասած, նա հեռացավ անտրամադիր, այսպես ասած, ձեռնունայն, առավել կասկածներով լեցուն, քան նրանք, որոնց հետ նա եկել էր: Եվ այդուհանդերձ, ես ենթադրում էի, որ դա ավելի ազնիվ է, քան նրան մոլորության մեջ գցելը, օգտվելով այն բանից, որ նրա գիտակցությունը հիմնված է առասպելաբանական եւ մոգական պատկերացումների վրա, եւ ինձ շաման ձեւացնելը, ով ունակ է նրան բարբառելու այն բաների մասին, որ անհայտ են որեւէ մեկին: Այն ժամանակից ի վեր նա արդեն ողջ չէ, բայց ես մինչ այսօր ախորժանք եմ զգում այն բանից, որ թեպետ հիասթափեցրի նրան, այդուհանդերձ, ազնիվ էի իմ այն համոզման մեջ, որ դեմոկրատիան, ըստ էության, մի բան է, որ նախատեսված է անհատների համար: Ինչեւէ, այսօր քաղաքական հայացքները գյուղում արդեն միատարրությամբ չեն առանձնանում: Գյուղը ստիպված եղավ հաշտվելու այն բանի հետ, որ առաջին անգամ իր պատմության մեջ այն այլեւս չունի մեկ, անժխտելի եւ արտաքին իրադարձություններից մեկուսացած կարծիք։ Յուրաքանչյուրն ինքը պետք է իր կարծիքի տերը լինի, ինչը, բնականաբար, այդ կարծիքը խոցելի է դարձնում, իսկ անձնական կյանքը` անկանխատեսելի եւ վտանգավոր:

Այն տոթակեզ ամառային գիշերները, որոնց մասին պատմում են հնաբնակները, վայրի տանձենու տակ հնչում էր խաղաղ մի երգ: Ընդ որում, բոլոր պատմողները պնդում են, որ երգում էին հենց խաղաղ: Գյուղը, ինչպես ես եմ հասկանում, անթույլատրելի էր համարում գիշերվա անդորրը խախտելը: Այստեղի բնակիչների մենթալիտետը մինչեւ այժմ իր ներսում առասպելական եւ մոգական գիտակցության բավական հաստատուն տարրեր է պարունակում, թեեւ շրջապատող աշխարհն ակնհայտորեն միանգամայն այլ ուղիներով է ընթանում: Այն, ինչի մասին նրանք գիտեն, եւ նույնիսկ ընդունակ են մեքենաբար անցնելու գիտակցության մի մակարդակից միանգամայն այլ մեկը, թեպետ գյուղի ներքին կյանքի վրա դա առանձնապես ազդեցություն չի թողնում, քանզի այդ անցումները թելադրում է վերապրելու բնազդը եւ, անհատական ռեֆլեքսիայի կուլտուրայի բացակայության պատճառով, նրանք նույնիսկ դա չեն գիտակցում: Այդ յուրակերպ երկատված գիտակցության մեջ ներթափանցելու համար, մի քանի հասարակ օրինակներ բերեմ:

Դիցուք, քանի որ նրանք ստիպված են լինում աշխատելու ոչ միայն տանը, նրանք գիտեն, որ այլ վայրերում ընդունված է բարեւել, սակայն գյուղի սահմաններում այդպես էլ չսովորեցին միմյանց բարեւել: Նրանք չեն բարեւում նաեւ մոտակա գյուղի բնակիչներին: Եվ հաջողություն էլ չեն ասում: Երբ հարեւանները, ազգականները կամ ծանոթները հանդիպում են փողոցում կամ տրանսպորտի մեջ, ապա ողջույնի փոխարեն տեղնուտեղը սկսում են խոսել, եւ խոսում են մինչեւ այն պահը, երբ զրուցակիցը անհետում է տեսադաշտից: Նրանք սիրալիրությունն այդպես են հասկանում: Նրանց մտքով անգամ չի անցնում հետաքրքրվել զրուցակցի առողջությամբ: Այդ առթիվ սիրալիր հարցերն ավելի շուտ նրանց կվախեցնեն ու կզարմացնեն: Իսկ բանն այն է, որ վերացական ռեֆլեքսիան հոգեւոր կամ ֆիզիկական ինքնազգացողության մասին նրանց անծանոթ է, թեեւ նրանք հաճույքով եւ մանրամասնորեն, անհարմար չզգալով, հաշվետու են լինում իրենց բոլոր վերքերի համար եւ հպարտորեն ցուցադրում են միմյանց իրենց խոցերը: Նույնիսկ շրջազգեստը կարող են բարձրացնել կամ տաբատն իջեցնել, որպեսզի ցույց տան, թե ահա, իբր, չնայած այս ամենին, ողջ մնացինք: Խոսելիս նրանք իրար չեն լսում, երկխոսության ժանրը նրանց անծանոթ է: Ընդ որում, նրանք կարծիքներ չեն փոխանակում ինչ-որ բանի շուրջ, այլ անդադար պատմում-պատմում են մեն-միակ մեծ պատմությունը: Երբ մի տեղում մի քանի մարդ է հավաքվում, ապա բոլորը միաժամանակ խոսում են, չորսով, ասես ձայնագրելով իրենց անդեմ մենախոսությունները անվերջանալի մագնիտոֆոնային ժապավենի վրա: Եվ չնայած սոսկալի խառնաղմուկին, նրանք, ադուհանդերձ, հիանալիորեն ընկալում են, մեկնաբանում են կոլեկտիվ գիտակցության տեսանկյունից միմյանց պնդումներն ու կարծիքները եւ գրանցում են գյուղի պատմության ընդարձակ ժամանակագրության մեջ դրանց հատկացված տեղում: Այդ պնդումներն ու կարծիքները չի կարելի շտկման ենթարկել, ելնելով հետագա փորձից կամ այն ըմբռնումից, որ դրանք ի սկզբանե սխալ են մեկնաբանվել: Նրանք դա թույլ չեն տալիս, եւ ուրեմն, չեն էլ անում: Այն մասին, թե կարելի է ինչ-որ բան շտկել եւ սրբագրել, նրանք չգիտեն, այդ պատճառով անհնար է ոչ միայն թյուրիմացությունը ցրել, այլ նաեւ անծանոթ հասկացություններ ներմուծել կամ սրբագրել դրանցից նրանք, որոնք սխալ են արձանագրվել: Անհնար է, հավանաբար, ժամանակի մասին այստեղի պատկերացումների յուրահատկությունների պատճառով, տարեգրության այլ համակարգի պատճառով: Այն բանի համար, որպեսզի կոլեկտիվ գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվի, ավելի մեծ փորձ է պահանջվում, քան կարող է լինել ընդհանուրից զատ, անձնական կարծիքի ետեւում: Ժամանակի հետ կապված տարօրինակությունների մասին է խոսում այն, որ գյուղական պատմության մեծ ժամանակագրությունն իր մեջ պարունակում է օրեր, այդ օրերի իրադարձությունները, որ սրընթաց փոխարինում են մեկմեկու, բայց, ընդ որում, ինչպես անտիկ պատմիչների մոտ, բացակայում են տարեթվերը: «Ահա, երեքշաբթի, նշված է, ես ելա, մտածում եմ, շարի` տեսնեմ, արդյոք որդիս ավոբուսով չի՞ եկել, որը երրորդ համարն է, դա` հենց այն ամռանը, երբ, ինքներդ եք հիշում, մետաղալարերը սյուներից պոկվել էին, եւ ինքս ինձ ասում եմ, դեռ անհաստատ է ժամը, էլեկտրականությունը կխփի, այ թե ինչ կարկուտ էր, երեւի ինքներդ էլ տեսել եք, հանց բռունցք, խփում ու խփում էր, դե, ասում եմ, հարկ է նայել, եւ տեսնում եմ, նրա հետ նա է գալիս, դե ինչպես են նրան հորջորջում, սատանան միայն գիտի, նույնպես ավտոբուսով է եկել, որ երրորդ համարն է, դե, նրան մյուսներն էլ են տեսել, նա ապահովիչն էր հանել, ինչ է անունը` ես չեմ ասի, նա ամեն ամիս չէ, որ այստեղ հայտնվում է, բայց երկու ամիսը մեկ` հաստատ»,- եւ այսպես շարունակ` նույն ոգով, տրվելով ազատ զուգորդումների հոսքին, Ֆրեյդն ու Պրուստը, անկասկած, այս պատմությունից գոհ կլինեին:

Շարունակելի