Երեկ ՀՀ զինված ուժերում գրանցվել է զինվորի մահվան հերթական դեպքը։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հաստատել է ավելի վաղ տարածված այդ տեղեկությունը` միաժամանակ նշելով, որ դեպքը տեղի չի ունեցել զորամասում: Մահացած զինծառայողը` Մհեր Հակոբյանը, դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012թ. հունվարի 30-ը գործուղման մեջ էր գտնվում Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայում` 2012թ. հունվարին կայանալիք Հայաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը նախապատրաստվելու համար: «Նա սպորտսմեն էր ու բռնցքամարտիկ»,- ասել է Դ.Կարապետյանը` ավելացնելով, որ նա դեկտեմբերի 14-ին առողջական խնդիրներով ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հետ կապված ՊՆ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Մհեր Հակոբյանը Հայաստանի հավաքականի թեկնածու էր, ով նախկինում հաջողություններ է ունեցել պատանիների եւ երիտասարդների պայքարում: