ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ում դեռեւս ընտրությունների վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել: «Հավանաբար փետրվար-մարտին կլինի կուսակցության համագումարը, որտեղ կընտրվի ղեկավար մարմին, որից հետո միայն կներկայացվեն ՀՀԿ ընտրական ցուցակն ու թեկնածուները»,- ասել է նա: Հարցին, թե իր կարծիքով, ԲՀԿ-ն հաջորդ նախագահական ընտրություններում կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հաշվի առնելով, որ ԲՀԿ առաջնորդը մի քանի անգամ խուսափել է հստակ պատասխան տալ այդ հարցին, Էդ. Շարմազանովը պատասխանել է. «Կոալիցիան ասել է, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ-ի հետ անհաղթահարելի հակասություններ չկան, լինում են աշխատանքային հակասություններ, բայց կոալիցիան միասնական է եւ կատարում է հուշագրով նախանշված քայլերը»: