ԲՀԿ-ն՝ Ազատության հրապարակո՞ւմ

20/12/2011

«ՀԱԿ-ին այսօր պետք է օր առաջ հստակեցնել ԲՀԿ-ի դիրքորոշումը: Եթե այսօր ԲՀԿ-ն որոշում է միայնակ գնալ ընտրությունների, ապա կընկնի ՀՀԿ-ի իշխանության հալածանքի տակ: Եվ դա այսօրվանից արդեն մենք զգում ենք: Թող ընկնի: Եվ դա կարող է թուլացնել կամ չթուլացնել ԲՀԿ-ին: Այսինքն` պետք է սկսվի ՀՀԿ-ԲՀԿ կռիվը: Թող օր առաջ սկսվի»,- մեկնաբանելով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ԲՀԿ-ի հետ կապված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը»` մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ն այդպիսով ԲՀԿ-ին դրդեց խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես առանձին քաղաքական ուժ: «Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ` արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու: Ես այդպես եմ կարծում, այլ ճար նրան չեն թողնելու»,- ասել է Հ. Բագրատյանը: Նրա մեկնաբանությունից կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ին անգամ չի մտահոգում հանգամանքը, որ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում, ըստ էության, հանդես է գալիս` որպես Ռոբերտ Քոչարյանի հենարան: «Այնպես է ստացվել, որ այդ ուժերի գլխին կանգնած են հանրապետության նախկին եւ ներկա նախագահները: Այնուամենայնիվ, ԲՀԿ-ի դեպքում որեւէ ժխտում, որ իրենց հետեւը կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, չի եղել: Եթե անգամ ենթադրենք, որ ԲՀԿ-ն համեմատաբար ինքնուրույնություն ունի, իսկ մեր տեղեկությամբ` դա այդպես չէ, այնուամենայնիվ, այդ երեք հիմնական ուժերն են»,- ասել է Հ. Բագրատյանը` շեշտելով, որ «ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա` ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի»: