«Մեր ժողովուրդը այս տարի ականատես կլինի բոլորովին նոր տիպի ընտրությունների»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը` նշելով, որ Ընտրական օրենսգիրքը չի ստեղծվել հապշտապ, եւ հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Նրա հետ բանավիճող ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հակադարձել է` ասելով, որ չի կարող լինել աննախադեպ արդար ընտրություններ կազմակերպված այն մարդկանց կողմից, ովքեր տարիներ շարունակ կեղծիքներով են ընտրվել: «131 պատգամավորներից մեկը չկար` ասեր, որ Ընտրական օրենսգրքի կետը, թե «քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ» նախադասությունը զավեշտալի է»,- ասել է Ֆելիքս Խաչատրյանը: Հարցին, թե ինչու ՀԱԿ-ը նոր միայն մտածեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին, Ֆելիքս Խաչատրյանը պատասխանել է. «Ընտրական օրենսգիրքը փոխելը կարելի է անել 10 օրում: Նախկին Ընտրական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել մոտ 10 անգամ»: «Հիմա ընդունված է Ընտրական օրենսգիրքը, ի՞նչ անեմ,՞ փոխեմ»,- տարակուսած հարցրել է Համլետ Հարությունյանը` վրդովվելով, որ իրեն չեն զգուշացրել, թե քննարկման թեման լինելու է Ընտրական օրենսգիրքը, այլապես նա կպատրաստվեր եւ պատասխան կտար «շպարգալկայով» եկած Ֆելիքս Խաչատրյանին: