Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված երեկ Մոսկվա մեկնած Հայաստանի պատվիրակությանը: Հաղորդագրության մեջ ասված է. «Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաեւ ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստը, որտեղ Դուք ներկայացնելու եք Հայաստանը: Հաշվի առնելով, որ այդ միջոցառումներին մասնակցելու են Եվրասիական տնտեսական տարածության, Մաքսային միության եւ Եվրասիական Միության անդամ երկրների (ՌԴ, Բելառուս, Ղազախստան) նախագահները, եւ նկատի ունենալով, որ այդ կառույցներին մեր երկրի անդամակցելը կենսական անհրաժեշտություն է, ինչը բխում է գոյություն ունեցող տնտեսական, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների ողջ տրամաբանությունից, ՆԺԿ վարչությունը դիմում է Հայաստանի պատվիրակությանը այդ միջոցառումների ժամանակ հանդես գալ հայտարարությամբ` նշված կառույցներին ՀՀ-ի միանալու մասին»: Ուշագրավ է, որ իշխանություններին նման խնդրանք ներկայացնելուց հետո երեկ հրավիրված ասուլիսում նույն կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը քննադատել է նրանց ներքաղաքական հարցերում: «Չի կարող պայքար լինել այնտեղ, որտեղ կուսակցություններն իրար դեմ չեն պայքարելու, ինչը ասված է կոալիցիոն հուշագրում»,- մասնավորապես ասել է Կարապետյանը` հավելելով, որ կոալիցիոն հուշագիրը ենթադրում է, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միասնական ցուցակով կգնան ընտրությունների: Ըստ նրա, իշխանությունը, ինչպես Ռուսաստանում, իր դիրքերը զիջելու է ընտրությունների ժամանակ: Բանն այն է, որ չնայած մեծ խոստումներին, 2012թ.-ը, Կարապետյանի կարծիքով` ծանր տարի է լինելու. ՊԵԿ-ը ավելացնելու է հարկերը, եւ 2012թ. սպասվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիք: Ինչ վերաբերում է անցնող տարվան, ապա այն, ըստ Ա. Կարապետյանի, ավելի շատ կորուստների, քան ձեռքբերումների տարի էր. «2011թ. տնտեսական առումով կրկնում էր 2010թ.-ը: Եթե գարնանը լուրջ իրավիճակ էր, տնտեսական մեծ անկում կար, տարվա վերջում մի փոքր իրավիճակը փոխվեց, սակայն թռիչքային փոփոխություն չեղավ: Իշխանությունների ծրագիրը եւ դրա արդյունավետ իրագործումը ժողովրդին հասանելի չեղավ: Բարոյահոգեբանական իրավիճակը ավելի ծանր էր: Իշխանության մոտ դեգրադացիոն փոփոխություններ են սկսվել,- ասել է նա` ավելացնելով,- Ալիկ Սարգսյանից բոլորը գոհ էին, ու հանեցին: Երկրի երկրորդ մարդը ասեց` գնում եմ դառնամ շտաբի պետ` ընտրություններից դեռ 6 ամիս առաջ»: