«ԲՀԿ-ին դրդեցինք մնալ առանձին քաղաքական ուժ»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

20/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ինչպե՞ս եք գնահատում վերջին հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ի հետ կապված` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Դա ի վերջո վերլուծությո՞ւն էր, թե՞ ԲՀԿ-ին ուղղված համագործակցության առաջարկ:

– Խորհրդարանական ընտրությունների են գնում երեք հիմնական ուժեր` Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ ՀԱԿ-ը: Մնացած ուժերը էական դեր չեն խաղում: Իշխանությունը կարող է փորձել նրանցից որեւէ մեկին ինչ-որ դեր տալ, բայց այդ դերը պարզապես չկա` նկատի ունեմ զանգվածների օժանդակության մեջ: Եվ այնպես է ստացվել, որ այդ ուժերի գլխին կանգնած են հանրապետության նախկին եւ ներկա նախագահները: Այնուամենայնիվ, ԲՀԿ-ի դեպքում որեւէ ժխտում, որ իրենց հետեւը կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, չի եղել: Եթե անգամ ենթադրենք, որ ԲՀԿ-ն համեմատաբար ինքնուրույնություն ունի, իսկ մեր տեղեկությամբ` դա այդպես չէ, այնուամենայնիվ, այդ երեք հիմնական ուժերն են: Եվ այդ երեք ուժերը ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ ունեն: Առաջին` գնում են ընտրության առանձին-առանձին: Երկրորդ, գնում են միասնաբար` երեքը մի ցուցակով: Եվ երրորդ տարբերակ` գնում են ընտրության, երբ երկուսը մի ցուցակով են, մեկը` առանձին է: Երկրորդ տարբերակը, բնականաբար, բացառվում է: Այս պայմաններում կա երկու տարբերակ: Փորձը ցույց է տալիս, որ առանձին-առանձին տարբերակի դեպքում ՀՀԿ-ն օգտագործելով վարչական ռեսուրսը` փորձելու է ջարդել ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին: Եվ այդ ջարդելու հավանականությունը կա: Հիմա ՀՀԿ-ն փորձում է իր կողմը քաշել ԲՀԿ-ին: ՀԱԿ-ն էլ փորձում է նույնը անել: ՀԱԿ-ի քայլը ոչ թե վերլուծություն կամ առաջարկ էր, այլ դա գործողություն էր Տեր-Պետրոսյանի կողմից, որով նա ԲՀԿ-ին ստիպում է արագացնել որոշում կայացնելը: Եվ, իրոք, արագացրեց:

– Բայց ԲՀԿ-ն ընտրություններին առանձին մասնակցելու մասին դեռ կոնկրետ հայտարարություն չի արել: Եթե, իհարկե, հաշվի չառնենք «50+1»-ի մասին Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունները:

– Ոչ, ձեզ թվում է: Ինձ թվում է, որ ԲՀԿ-ն արդեն ընտրություններին միայնակ մասնակցելու հստակ որոշում է կայացրել: Հայտարարել է, թե ոչ, նրա գործողություններն այսօր այդպիսին են: Իհարկե, դեռ կարող են ստիպել փոխել որոշումը: Այսինքն` Լ.Տեր-Պետրոսյանի կոչը նպատակին հասավ, Տեր-Պետրոսյանը դրդեց: Չէ՞ որ մինչ այդ էլ Սերժ Սարգսյանն էր անընդհատ դրդում ԲՀԿ-ի ղեկավարին, թե` արի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցենք: Բնականաբար` նույնը արեց նաեւ ՀԱԿ-ը:

– Մինչեւ Լ.Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը, ժամանակից շուտ ԲՀԿ-ն չէ՞ր ուզում բացահայտել իր քայլերը:

– Լ.Տեր-Պետրոսյանը պարզապես ամեն ինչ պարզաջրեց: Եվ, այո, մինչեւ նրա հայտարարությունը ԲՀԿ-ն շուտ որոշում ընդունելու կարիք չուներ: Իսկ այսօր ԲՀԿ-ն ստիպված խաղում է օրերի ու ժամերի վրա` եւս մի քանի օրով հետաձգելով իր կյանքը:

– Փաստորեն, դուք համոզված եք, որ ԲՀԿ-ն ի վերջո առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

– Ի վերջո, կամ ԲՀԿ-ն տարանջատվելու է ՀՀԿ-ից, կամ, որպես քաղաքական ուժ, ոչնչանալու է: ՀԱԿ-ի խնդիրն է` մոտեցնել այդ ջրբաժանի, որոշում կայացնելու պրոցեսը, օրը, ժամը:

– Բայց ԲՀԿ-ն առայժմ ոչ դեպի ՀՀԿ է գնացել, ոչ էլ, առավելեւս` դեպի ՀԱԿ: Լ.Տեր-Պետրոսյանը չգիտե՞ր, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ չի համագործակցի:

– Բայց Լ.Տեր-Պետրոսյանի համար արդեն հաղթանակ է, որ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ չի լինի:

– Ի՞նչ է շահելու ՀԱԿ-ը դրանից:

– Համենայնդեպս, ՀԱԿ-ին այսօր պետք է օր առաջ հստակեցնել ԲՀԿ-ի դիրքորոշումը: Եթե այսօր ԲՀԿ-ն որոշում է միայնակ գնալ ընտրություններին, ապա կընկնի ՀՀԿ-ի իշխանության հալածանքի տակ: Եվ դա այսօրվանից արդեն մենք զգում ենք: Թող ընկնի: Եվ դա կարող է թուլացնել կամ չթուլացնել ԲՀԿ-ին: Այսինքն` պետք է սկսվի ՀՀԿ-ԲՀԿ կռիվը: Թող օր առաջ սկսվի: Իսկ ՀԱԿ-ի համար հեշտ չէր ԲՀԿ-ին դաշինքի հրավիրելը, որովհետեւ այն, ինչի համար պայքարում է ՀԱԿ-ը, այն բացասական երեւույթները, որ կան հասարակության մեջ, որպես իշխանության մաս, դրա մեջ մասնաբաժին ունի նաեւ ԲՀԿ-ն: Այնուամենայնիվ, ՀԱԿ-ը դա հաղթահարելով` հասկացնել տվեց, որ ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններ դուռը բաց է թողնում: Ես կարծում եմ, որ այստեղ այնուամենայնիվ կիսով չափ խնդիր լուծվեց: Մենք ԲՀԿ-ին դրդեցինք մայիսի ընտրություններին մնալ առանձին քաղաքական ուժ: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ` արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու: Ես այդպես եմ կարծում, այլ ճար նրան չեն թողնելու: Չնայած` կապրենք, կտեսնենք:

– Այսինքն` Դուք արդեն կանխավ ենթադրո՞ւմ եք, որ ընտրությունները կեղծվելու են, եւ ԲՀԿ-ն դժգոհ է մնալու իր ստացածից: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ից արդեն հայտարարություններ են հնչել, թե այս ընտրությունները լինելու են անցած 20 տարիների ամենաթափանցիկ ընտրությունները:

– Միանշանակ կեղծելու փորձ է կատարվելու: ՀՀԿ-ն 5 տոկոս չի անցնի, հանուն ինչի՞ պիտի անցնի:

– Բազմահազարանոց վարչական ռեսուրս ունի:

– Դա արդեն կեղծել է նշանակում: Այդ մարդիկ 2007թ. խոսք էին տվել կրկնապատկել ՀՀ Համախառն ներքին արդյունքը` «Առաջ Հայաստան», եւ այլն: Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում: Այսօր մենք ունենք բյուջե, որը եթե բաժանում ենք դոլարի, 20 տոկոսով պակաս է 2007-ի բյուջեից: Այս մարդիկ եկել էին պայքարելու օլիգարխների դեմ` իրենք դարձան օլիգարխներ: Նույն վարչապետով ու նախարարներով արդեն դարձան նորահայտ օլիգարխներ:

– Դուք ասում եք` բյուջեն պակասել է, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը բյուջեի եկամտային մասը 101 մլրդ դրամով ավելացնելու մասին հայտարարություն արեց: Եվ դա ապահովելու համար նաեւ նախապես հարկային ոլորտների մի շարք օրենքներ փոխվեցին:

– Որտե՞ղ է բյուջեն ավելացել: Եթե այս տարվա բյուջեի եկամտային մասը 878 մլրդ դրամ էր, հաստատվածը 938 մլրդ է: 101 միլիարդ դրամը որտե՞ղ է: Կառավարության կայքում կան անցած տարիների բյուջեները, կարդացեք: Ինչպե՞ս է ավելացել: 5,5 տոկոս էլ գնաճ կա: 877 մլրդ դրամը 5,5 տոկոսով աճեցնում ենք, ստացվում է 926 մլրդ: Բացի այդ, 4,2 տոկոս տնտեսական աճ կա: Այդ 926-ն էլ 4,2 տոկոսով աճեցնում ենք, ստանում ենք 964 մլրդ դրամ: Ի վերջո, բյուջեն վարչապետը 26 մլրդ դրամով պակասեցրեց: Մի՞թե չեք հասկացել: Քանի անգամ եմ ասել, որ Տիգրան Սարգսյանը ֆռռացնելու հատկություն ունի: Մինչեւ մարդիկ կջոկեն, կհասկանան` ժամն անցնում է: Կամ այդ 101 մլրդ-ն ի՞նչ փող էր, որ գոնե այդքանով էլ չավելացրեցին: Իսկ ՀԱԿ-ը պնդում էր` բյուջեն ավելացնել 350 մլրդ դրամով:

– Դուք կարծես թե դրական գնահատեցիք ԲՀԿ-ի հետ կապված Լ.Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը, բայց ՀԱԿ-ում դրա հետ կապված տարաձայնություն առաջացավ: Որոշ գործիչներ կամ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարներ չընդունեցին ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության տարբերակը:

– Բնական է, դժվար է: Ես էլ իմ մեջ որոշակի թերահավատություն ունեմ: Ես չէի ուզենա մեկնաբանել, թե ով ինչ ասաց: Տարբեր մեկնաբանություններ եղան: Բայց ես ձեզ բացատրեցի տարրական քաղաքական տեխնոլոգիան: 3 ուժեր են եւ 3 հնարավոր տարբերակներ:

– Բայց եթե ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցի, դա կարող է վտանգավոր լինել ՀԱԿ-ի համար: ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կարող է ցույց տալ, թե անկախ է, նույնիսկ կարող է ընդդիմադիրի կեցվածք ընդունել ու այդպիսով ՀԱԿ-ից ձայներ տանել:

– ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա` ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի: Կարո՞ղ է, թող հավաքի: Մենք այդպես չենք կարծում: Մենք կարծում ենք, որ այս պահին մեզ ձեռք է տալիս, որ ԲՀԿ-ն կարողանա մոբիլիզացնել իշխանական դաշտում գտնվող իր ձայները:

– Բայց ՀԱԿ-ի համար ի՞նչ տարբերություն` այդ ձայները ԲՀԿ-ի՞ն են գնում, թե՞ ՀՀԿ-ին: Երկուսն էլ իշխանական ուժ են: Եվ Դուք եք ասում, թե ԲՀԿ-ն էլ պատասխանատվության իր բաժինն ունի Հայաստանում առկա բացասական երեւույթների համար:

– Պարզապես ԲՀԿ-ն եթե սկսի իր ձայները հավաքել, հավաքելու է ՀՀԿ-ից: Ոչինչ, 98 ձայն թող ՀՀԿ-ից վերցնի, 2 ձայն էլ կարող է ՀԱԿ-ից տանել: Բայց նա տասնապատիկ անգամ ավելի է վերցնելու ՀՀԿ-ից: Սա կարեւոր է:

– Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե ՀԱԿ-ում նախընտրական ինչ գործընթացներ են գնում: Արդեն համամասնական ցուցակի հետ կապված մեկնաբանություններ են հնչում:

– Տեղյակ չեմ ցուցակից: