Շաբաթ օրը Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի» (ՀԱՖ) համագումարը: Իհարկե, քաղաքական այս լարված շրջանում նման կորած-մոլորած կառույցի համագումարին անդրադառնալը կարող է անկարեւոր թվալ: Սակայն, մյուս կողմից, անհասկանալի է, թե ինչու է մեր երկրում նման կառույցի առկայությունը ստվերում մնացել, այն դեպքում, երբ ողջ աշխարհում ավտոսպորտն ու ավտոտուրիզմը բավականին մեծ հանրային հետաքրքրություն ու աջակցություն են վայելում: Ոչ պակաս, քան ֆուտբոլը կամ շախմատը: Ինչու Հայաստանում, ասենք, ֆուտբոլի կամ շախմատի ու մյուս սպորտաձեւերը համակարգող ֆեդերացիաներն այդքան ուժեղ եւ հայտնի են, իսկ ՀԱՖ-ի մասին խոսելը կարող է անլուրջ թվալ: Տարբեր երկրներում անցկացվում են ավտոսպորտի տարբեր մրցույթներ, այս ոլորտում կան համաշխարհային հռչակ վայելող անուններ, բայց Հայաստանի հանրությունը լավագույն դեպքում ծանոթ է միայն Հ2 հեռուստաընկերությամբ «Մագավտո» հաղորդաշարով երբեմ ցուցադրվող միջոցառումներին, որոնց մասնակցում են սահմանափակ թվով մեքենաներ, եւ որոնց մեծ վերապահումով կարելի է ավտոմրցույթ կամ ռալլի անվանել:
Բայց պարզվում է, որ ՀԱՖ-ն ունի նախագահ` Մկրտիչ Փիլթոյանը, ու մոտ 150 անդամներ, ովքեր էլ անցած շաբաթ հերթական համագումարն էին հրավիրել: Եվ հետաքրքիր էր, որ այս կառույցի համագումարն անցավ բավականին բուռն մթնոլորտում, ինչը երբեք հնարավոր չէ տեսնել Հայաստանի ոչ մի քաղաքական կամ սպորտային կառույցի եւ ոչ մի նման միջոցառման ժամանակ: Պատճառն այն էր, որ ՀԱՖ անդամները շատ դժգոհ էին ֆեդերացիայից ու նախագահ Փիլթոյանից, ով այդ օրը հերթական անգամ նախագահ դարձավ: Նախ` մինչ սկսվելը ոչ բոլորին էր թույլ տրվում մասնակցել համագումարին: Օրինակ, այդ պատճառաբանությամբ Հրանտ Սարգսյանին ու էլի մի քանի երիտասարդի պատվիրակների շարքում չէին գրանցում: Մ.Փիլթոյանն ասաց, թե նրանք անդամավճար չեն վճարել, բայց երիտասարդները ցույց տվեցին վճարման բանկային կտրոնները: «Ախ դուք բանկի չեկ եք բերել: Ուրեմն` մենք այդ չեկերը չենք ընդունում: Սրա վրա բողոք է եղել, չենք ընդունել»,- երիտասարդներին ասաց պարոն Փիլթոյանը:
Լրագրողների ներկայությունից զգուշանալով` ավելացրեց. «Լավ` գրանցվի»:
Համագումարի ժամանակ արդեն հասկանալի դարձավ, որ ՀԱՖ-ի ու նրա նախագահի նկատմամբ անդամների կողմից դժգոհությունները շատ են: Անդամներից մեկը դժգոհեց, թե մրցույթներ չեն անցկացվում, կամ էլ շատ հազվադեպ են անցկացվում: Բացի այդ, մրցույթներին մասնակցում են միայն ընտրովի մարդիկ: Դժգոհում էին, որ ՀԱՖ նախագահի կամայականությունները շատ են: Մ.Փիլթոյանն արդարացավ` ասելով, թե Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր գումար տալ, բայց չտվեց, դրա համար էլ մրցույթներ չեն անցկացրել: ՀԱՖ նախագահն իր հերթին անդամներից մեկին մեղադրեց, թե 5 տարի է` խոստացել է ավտոմրցույթի համար ինչ-որ նոր ճանապարհահատված ցույց տալ, բայց չի անում: «Պարոն Փիլթոյան, բայց ես քանի անգամ եմ ձեզ դիմել, թե եկեք` գնանք-ուսումնասիրենք: Չեք եկել»,- հակադարձեց մեղադրվողը:
«Լավ, լավ, համագումարը նման հարցերի քննարկման տեղ չի»,- խուսափեց Փիլթոյանը:
Շարքերից բազմաթիվ ռեպլիկ-դժգոհություններ էին հնչում, թե ՀՀ-ում Մագայի կազմակերպած մրցույթներից բացի, այլ մրցույթներ չեն անցկացվում: Ու հեգնեցին, թե այդ միջոցառումներին էլ ընդամենը մի քանի մեքենաներ են մասնակցում, եւ ոչ բոլորին է թույլատրվում մասնակցել, եւ ծիծաղելի է դրանք ռալլի անվանել: ՀԱՖ անդամները դժգոհում էին, որ այդքան սիրված ավտոսպորտը Հայաստանում մեռնում է, որովհետեւ ֆեդերացիան ու նրա նախագահը գործ չեն անում, որ ֆեդերացիայի ղեկավարությանը ձեռնտու է այդ պասիվ վիճակը: ՀԱՖ-ը միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամ է, սակայն կապեր ստեղծելու եւ սպորտաձեւերը զարգացնելու համար ոչինչ չի անում: Փիլթոյանն արդարանում էր, թե միջոցներ չկան: Իսկ ավտոսպորտի սիրահարներն օրինակ էին բերում Ֆուտբոլի, Շախմատի ու մյուս ակտիվ ֆեդերացիաներին ու նրանց ուժեղ նախագահներին, ովքեր կարողանում են այդ սպորտաձեւերը կենսունակ պահելով` դրանց համար միջոցներ ներգրավել ու զարգացում ապահովել: «Գիտե՞ք, ինչու չենք վճարել անդամավճար: Եթե ես անդամավճարը մուծում եմ, եւ մրցումներ չի լինում, ես անիմաստ եմ համարում այդ գումարը մուծել: Իսկ եթե միջոցառում է լինում, մուծում ենք, լիցենզիա էլ ենք ստանում: Այս տարի եղել է, մուծել ենք: Իսկ 3 տարի չի եղել ոչ մի բան»,- բացատրում էր Հ.Սարգսյանը, ով լեռնային մրցարշավում 2-րդ տեղն էր գրավել:
«Կազմակերպչական աշխատանք պիտի անի, չի արվում: Ամեն ինչ անում է, որ սպորտը մեռնի: Մենք երկար տարի այս կեղտաջրի մեջ ապրում ենք, բայց հուսով ենք` մի օր կլվացվենք: Մենք ինչո՞վ ենք տարբերվում մյուս սպորտաձեւերից` ֆեդերացիայի նախագահով: Ֆեդերացիան շատ լավն է, շատ հզոր է, բայց կազմակերպիչը պետք է ճիշտ աշխատի: Այս տարի անդամավճարներ ենք մուծել, որի համար մեզ խոստացել էին, որ լինի ֆոտոստարտ եւ ֆոտոֆինիշ: Դա սարք է, որը ֆիքսում է վազքի ճշգրիտ ժամանակը: Մեզ մոտ դա ձեռքով ու ժամացույցով են անում: Այսօր ճիշտ չէ նման կերպ որոշել, պետք է սարքը ֆիքսի: 300-400 դոլար արժի, գումարը հավաքվեց, որ ունենայինք այդ սարքը, որ մեր մեջ վեճ ու կռիվ չլիներ, որ շահադիտական կողմ չլինի: Բայց մինչ այսօր սարքը չի գնվել: Առանց դրա միանշանակ խտրականություն կարող է լինել: Կյանք տեսած, պատերազմն անցած մարդիկ կան, սիրում են այս սպորտը: Կազմակերպիչը պիտի հեղինակություն ունենա, որ հաղթահարի այդ դժվարությունները»,- ասում է մեկ այլ անդամ` Էդուարդ Եղյանը:
Բացի այդ, կային ավելի քան հարյուր մարդիկ, ովքեր անդամավճար էին մուծել եւ ուզում էին անդամագրվել ֆեդերացիային, բայց Մ.Փիլթոյանն այս փուլում դրան համաձայն չէր: Պատճառաբանեց, թե համագումարով դա հնարավոր չէ, դա կլինի ավելի ուշ` նախագահության նիստերից մեկի ժամանակ: «Բա էլ ե՞րբ, եթե ոչ` համագումարի ժամանակ»,- հակադարձեց «4×4» ավտոակումբի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
Փիլթոյանը չհամաձայնեց նաեւ ընդունել ու լսել այդ մարդկանց: Եվ, ի վերջո, Ա.Ստեփանյանի պնդումներից դժգոհելով` նրան հեռացրեց ֆեդերացիայից: Այստեղ արդեն զավեշտը հասավ գագաթնակետին, երբ նրան հեռացնելու համար 3 անգամ քվեարկություն կազմակերպեց: Ամեն անգամ մեծամասնություն չէր կարողանում ապահովել եւ նորից քվեարկություն էր հայտարարում: Ի վերջո, հայտարարեց, որ Ա.Ստեփանյանը հեռացված է: ՀԱՖ շատ անդամներ դժգոհում են, որ այլ ոլորտների հ/կ-ների նման սա նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենա հանրային կառավարման ոլորտում: Օրինակ, ՀԱՖ-ի հետ պետք է հաշվի նստեն ճանապարհային շինարարները, ոստիկանները եւ այլ կառույցներ: «Բայց երբեւէ լսե՞լ եք, որ այդ ոլորտներում մեր ֆեդերացիան հարց բարձրացնի»,- դժգոհում էին անդամները:
Նրանց խոսքերով` կան կարող մարդիկ, ովքեր ուզում են անդամակցել եւ ուժեղացնել ՀԱՖ-ը, սակայն Մ.Փիլթոյանը ֆեդերացիայի դուռը փակում է նրանց առաջ: Միգուցե այդ մարդիկ գան, ներդրում անեն, լավ աշխատանք ցույց տան եւ կենդանացնեն ֆեդերացիան, ինչի ֆոնին ավելի ակներեւ կդառնա Մ.Փիլթոյանի անգործությունը: Եվ չի բացառվում, որ նման փոփոխությունների արդյունքում պարոն Փիլթոյանը զրկվի սիրելի ֆեդերացիայից:
Գայանե ՍՄԲԱՏՅԱՆ