«Առեւտուրը «խոդի» չի ընկնում»,- ասում են երեւանյան շուկաների վաճառողները

20/12/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եթե նախորդ տարի այս օրերին երեւանյան շուկաների աշխատակիցները բողոքում էին առեւտուր չանելուց, ապա այս տարի նրանցից շատերն այլեւս հոգնել են անգամ դժգոհելուց եւ որոշել են միանալ արտագաղթողների ալիքին: Երեւանի Գումի շուկայում մրգերի առեւտրով զբաղվող Սուրենի ասելով` ամեն անգամ Ամանորից առաջ մեծ հույսեր են ունենում, թե «ժողովրդի վիճակը կլավանա, առեւտուրը «խոդի» կընկնի, մինչդեռ իրականում ստացվում է հակառակը: «Նախորդ տարի էս ժամանակ վիճակն ավելի լավ էր: Էն ժամանակ երկրում մարդիկ կային, հիմի քիչ-քիչ թողնում-գնում են: Իսկ մնացողների մեծ մասի մոտ էլ փող չկա: Ես էլ եմ քոչելու` հունվարից հետո գնալու եմ Ռուսաստան»,- նշեց նա: Ըստ Սուրենի` նախորդ տարվա համեմատ` այս տարի որոշ մրգերի գներն իջել են: Օրինակ, եթե նախորդ տարի պարսկական նուռը վաճառում էին 2000-2500 դրամով, ապա այս տարի` 1500-2000 դրամով, Մեղրու նուռը, որի 1կգ-ն նախորդ տարի 2500-3000 դրամ էր, այսօր վաճառվում է 2000-2500 դրամով: Անհամեմատ էժանացել է խնձորի գինը` 1500 դրամից դառնալով 500 դրամ: «Նախորդ տարի ամենալավ խնձորը 1500-1800 դրամ էր, էս տարի` ամենալավ խնձորը 800 դրամ է: Էժանացել ա նաեւ տանձը` նախորդ տարի վաճառքի միջին գինը 1800-2000 դրամ էր, հիմա դա ամենաբարձր գինն ա»,- ասում է Գումի շուկայի բակում մրգերի առեւտրով զբաղվողը` նկատելով, որ այս տարի անփոփոխ է մնացել միայն նարնջի գինը` 700 դրամ, այնինչ թանկացել է մանդարինը: Զրուցակցիս ասելով` նախորդ տարի ամենալավ որակի մանդարինը վաճառում էին 600-700 դրամով, իսկ այս տարի դրա գինը հասել է մինչեւ 1000 դրամի: Մանդարինի գնի բարձրացումը զրուցակիցս պայմանավորեց ներկրման ծավալների նվազմամբ, ընդ որում` այս տարի Հայաստանը մանդարին ներկրում է հիմնականում Թուրքիայից: «Առեւտուր, իսկապես, չկա: Չգիտենք էլ` ինչի ենք կանգնում էստեղ, երեւի մենակ տեղի փող փակվելու համար»,- հավելեցին մրգերի առեւտրով զբաղվողները, ովքեր տեղի համար վճարում են օրական 5000 դրամ: Նույն դժգոհություններն ունեին նաեւ աղանդեր` չարազ եւ չրեղեն վաճառողները: Ըստ նրանց` այս տարի նվազագույնը 200 դրամով իջեցրել են գները, բայց միեւնույն է` առեւտուր անող չկա: «Դե նայեք` նախորդ տարի էս նույն չամիչը վաճառում էինք 2000 դրամով, հիմի` 1500-1600 ա, ֆիստաշկեն` 1400-1500, պնդուկը` 3500, ընկույզի գինը` 3500, կան տեղեր` մինչեւ 7000 դրամ: Դե, հիմի որ ասենք` առեւտուր չկա, կասեք` դե դուք միշտ էլ բողոքում եք, բայց շուկայում համարյա մարդ չի մնացել, հլը անցյալ տարի հատուկենտ էրեւում էին»,- նշեց չարազ վաճառող երիտասարդը: Առեւտրի պակասից հատկապես դժգոհ են մսավաճառները, ըստ որոնց` Նոր տարվա շեմին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների ստուգայցերն այնքան են շատացել, որ իրենց մնում է տաղավարները փակել-գնալ: Այս տարի տավարի մսի 1 կգ-ն վաճառվում է 2300-2400 դրամով, տավարի փափկամիսը` 3000-3200 դրամով: «Խոզի վրա էլ վաբշե նայող չկա, գալիս են մենակ բուդն առնում-գնում: Բդի մի կիլոն 3200-3500 ա, իսկ անցյալ տարի 3800 դրամով էլ էինք վաճառում»,- նշեցին մսամթերքի առեւտրով զբաղվողները: Ի դեպ, նշենք, որ մսամթերքի գները տարբեր են սուպերմարկետներում, որտեղ, օրինակ, տավարի փափկամսի գինը սկսվում է 3299 դրամից` մինչեւ 3899 դրամ: «Սաղ տարի հույսներս դնում ենք Նոր տարվա առեւտրի վրա, բայց էն էլ լրիվ թարս ա գնում,- ասացին մսավաճառները` ընդգծելով,- 1 շաբաթ առաջ ստուգումներն էնքան շատ էին, որ դաժե առեւտուր չթողեցին անենք, հավաքում-լցնում էինք ներս, ու էլի տենց դնում: Դե Գյուղնախարարությունից էին գալիս, Սանէպիդկայանից էլ»:

Պատկերը գրեթե անփոփոխ է տոնական խաղալիքների, տոնածառերի վաճառքի կետերում: Այստեղ, սակայն, տարբերակված են բնական եւ արհեստական ծառերի վաճառքի կետերը: Երեւանի «Ռոսիա» շուկայի բակում վաճառվում են արհեստական տոնածառեր, որոնց գները սկսվում են 8000 դրամից: Ամենաթանկ տոնական ծառի գինը, ըստ վաճառողների, 70.000 դրամ է: «Էլ հոգնել ենք` էնքան ենք լրագրողներին բողոքել, ասել, որ առեւտուր չկա, ուղղակի ուրիշ ձեւ էլ չկա: Որ չաշխատենք, ի՞նչ կարանք անենք, ասեք»,- ասաց տոնածառ վաճառող տղամարդկանցից մեկը: իսկ «Տաշիր» առեւտրի կենտրոնի բակում վաճառքի են հանվել բնական տոնածառերը: Երբ վաճառողից հետաքրքրվեցինք դրանց գների մասին, նա, չգիտես ինչու, վախվորած նշեց, որ «հանկարծ չնկարենք, ախպոր պես` հավես չկա»: Վերջինիս խոսքով` բնական տոնածառերի նվազագույն գինը 20.000 դրամ է: Հարցին, թե բնական ծառերը որտեղի՞ց են բերում, տոնածառ վաճառողը խրոխտ պատասխանեց. «Դուք տելեվիզոր չեք նայում: Հազար անգամ ասել են, որ Գերմանիայից են բերում»: Սակայն այս խոսքերից անմիջապես հետո նա խուճապահար եղավ` ավելացնելով, որ «հանկարծ իրեն չնկարենք»: Ակնհայտ էր տոնածառ վաճառողի վախը, ում, թերեւս, հրահանգված է հստակ պատասխան տալ, որ եղեւնիները «չեն կտրում հայաստանյան անտառներից», այլ բերում են եվրոպական երկրներից: Իսկ դրանից մի քանի մետր այն կողմ կանգնած տոպրակներ վաճառող կինն, առանց վերարկուի ու ձեռնոցների` տխուր նայում էր դիմացի կրպակներին: «Ոչ պալտո ունեմ, ոչ ձեռնոց, ոչ էլ ոչ մի բան: Գալիս եմ էստեղ, մի քանի տոպրակ ծախում, որ չընկնեմ սովից մեռնեմ: Բալես, մեր երկրում մնացել են մենակ շատ հարուստներն ու շատ աղքատները: Նոր տարվա մասին հարուստներից հարցրու»,- նշեց ծառի տակ կուչ եկած, փայտացած տոպրակավաճառ կինը` տխուր նայելով գույնզգույն տոպրակներին: Իսկ հայաստանյան տուրիստական գործակալությունների համար «եկել են» լավ ժամանակներ: Ընդ որում` այս տարի, ըստ գործակալությունների աշխատակիցների, շատացել են թե՛ Հայաստան եկողները, թե՛ Հայաստանից գնացողները: Նախաամանորյա օրերին Հայաստանից ամենամեծ հոսքը նկատվում է Երեւան-Դուբայ ուղղությամբ: Տուրիստական գործակալություններից մեկի փոխանցմամբ` իրենց մոտ մինչ հունվարի վերջ Երեւան-Դուբայ ուղղությամբ ավիատոմսերը սպառվել են (Երեւան-Դուբայ 1 ավիատոմսի գինը սկսվում է 120.000 դրամից): Ինչպես միշտ, այս օրերին անհամեմատ թանկացել են Մոսկվա-Երեւան ուղղությամբ ավիատոմսերը` 88.000 դրամից դառնալով 180.000 դրամ: Իսկ թե ինչպիսին է մեր երկիր եկող-գնացողների թվային պատկերը, գործակալությունները հրաժարվեցին պատասխանել: Անկախ ամեն ինչից` պետբյուջեի «ավել-պակասից», երկրի վիճակից, միեւնույն է` ցանկացած հայ ընտանիք իր «սուրբ» պարտքն է համարում «խոզի մեծ բդի առկայությունը», հարեւանից մեկ աղցան ավելի պատրաստելու հնարավորությունն ու տոնական սեղանի աննախադեպ բեռնումը: Մի խոսքով` կրկին եկել է ընտանեկան բյուջեի ճեղվածքի Նոր տարին` այս անգամ, սակայն, վիշապի տեսքով: