Կգտնվե՞ն արդյոք երիտասարդ արվեստաբաններ

20/12/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր օրերում արվեստաբանություն եւ գրականագիտություն մասնագիտությունները թեեւ, մեղմ ասած, «դեռեւս ապրում են», այդուհանդերձ, արվեստի կամ գրականության ոլորտներում արվեստի քննադատության հնարավորությունները չեն օգտագործվում:

Երբ արվեստում բացակայում է մասնագիտական քննադատությունն ու մեկնաբանությունը, վերլուծությունը, որակյալ արվեստ ունենալու ակնկալիքը նույնքան անհեռանկարային է դառնում, որքան` արվեստագետի կատարելագործվելու ձգտումը: Արվեստի քննադատությունը կարող է հասցեատերերին, ինչպես նաեւ` հանրությանը փոխանցվել ոչ միայն վերլուծական հրապարակումներով, այլեւ` մամուլի ասուլիսների, կոնֆերանսների, բաց քննարկումների միջոցով: Դժվար է հիշել արվեստի վերաբերյալ հրապարակային քննադատության որեւէ ելույթ: Մինչդեռ մասնավոր զրույցներում քննադատվում են բոլորը եւ քննադատվում են բոլորի կողմից: ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան (AICA Armenia)» հայտարարել են «Գարեգին Հովսեփյանի» անվան տարվա լավագույն արվեստի քննադատական հոդվածի հանրապետական մրցույթ: Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանի հավաստմամբ` մրցույթի նպատակը Հայաստանի ժամանակակից արվեստի քննադատության զարգացումն է, ինչպես նաեւ` արվեստի երիտասարդ քննադատներին խրախուսելու եւ նրանց համար տպագրվելու առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու միտումն է: «Այս նախաձեռնությունը սկսվեց այն պարզ հանգամանքից, որ, երբ որեւէ ցուցահանդես էր բացվում Երեւանում` այդ ամենի արձագանքը լինում էր մեկ կամ, լավագույն դեպքում, երկու հոդված, որտեղ տվյալ ցուցահանդեսը կամ նկարիչը դառնում էր «բացառիկ» եւ «աննախադեպ»: Մինչդեռ այդ ցուցահանդեսը վերլուծելու կամ դիտարկելու փորձ նույնիսկ Հայաստանի կերպարվեստի ենթատեքստում չէր արվում, էլ չեմ ասում` համաշխարհային արվեստի ընկալման տեսանկյունից: Այսինքն` կարծրացել է այն մոտեցումն, ըստ որի` մենք ենք, եւ մեզնից լավը գոյություն չունի: Մրցույթի գաղափարը վաղուց էր հասունացել, մանավանդ որ, ունենք Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա, որը AICA միջազգային կազմակերպության մասնաճյուղն ու այստեղի ներկայությունն է: Հետեւաբար` հասունացել է այն պահը, երբ անհրաժեշտ է պարզել` արդյոք Հայաստանում կա՞ն արվեստի քննադատներ, բնականաբար` խոսքս երիտասարդների մասին է»,- ասում է Ս. Հարությունյանը` ավելացնելով, որ նաեւ հաշվի են առնվել մշտապես հնչող այն բողոքները, որոնց համաձայն` Հայաստանում արվեստաբաններ չկան, ովքեր կերպարվեստի ոլորտում կարող են լուրջ վերլուծություններ կատարել: ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի համար շատ հետաքրքիր է նաեւ այն փաստը, թե արդյոք Գեղարվեստի ակադեմիայի Արվեստաբանության բաժինը եւ Երեւանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնում գործող Արվեստաբանության ֆակուլտետը տալի՞ս են այնպիսի շրջանավարտներ, որոնք հետագայում կարող են արվեստաբաններ կամ արվեստի քննադատներ կոչվել: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների կողմից` արվեստի լուսաբանմանը, ապա, ըստ Ս. Հարությունյանի` դրանք հիմնականում տեղեկատվական բնույթ են կրում, իսկ մասնագիտական հիմնավոր քննադատությունը կամ վերլուծությունը բացակայում է. «Շատերը քննադատությունն ընկալում են իբրեւ վատաբանելու, փնովելու մոտեցում: Խոսքս քննադատական վերլուծության մասին է, այլ կերպ ասած` մասնագիտական վերլուծություն, իր բոլոր հիմնավորումներով: Վերջին 6-7 տարիների ընթացքում չի արձանագրվել որեւէ վերլուծություն. օրինակ` 21-րդ դարում բացված այսինչ ցուցահանդեսը ինչ մաս կազմեց մեր կերպարվեստի ոլորտում կամ այս ամբողջ ընթացքի մեջ: Ես նաեւ գիտեմ, որ արվեստաբանները մեծ դժվարություն ունեն իրենց նյութերը տպագրելու իմաստով, քանի որ մամուլը չի տպագրում կամ չի տեղադրում էլեկտրոնային որեւէ կայքէջում»,- ասում է Ս. Հարությունյանը: Արվեստաբաններից շատերն իսկապես քննադատում են լրատվամիջոցներին` նրանց մեղադրելով արվեստաբանական իրենց հոդվածները չտպագրելու մեջ: Մինչդեռ Հայաստանում արվեստաբաններից շատերը սիրում են արվեստաբանական նյութ դարձնել Սովետական ժամանակաշրջանի դասագրքային հայտնի ցիտատները: Օրինակ` Երեւանում բացվող ժամանակակից արվեստը ներկայացնող ցանկացած ցուցահանդեսի այցելու կարող է հաստատել այն միտքը, որ ցուցահանդեսի մասին տեղեկատվություն պարունակող գրքույկների կամ պատկերագրքերի տեքստերը բովանդակային խնդիր ունեն ու դժվարամարս են: Այդ տեքստերը հիմնականում «տերմինախեղդ» տեղեկատվություն են պարունակում, որոնցում հեղինակի միտքն առհասարակ կորչում է սահմանումների ու տերմինների առատությունից: Նույն պատկերն է նաեւ այն վերլուծական նյութերի պարագայում, որոնք արվեստաբանները ցանկանում են տպագրել որեւէ լրատվամիջոցում: Ի վերջո, գոյություն ունի մամուլի եւ արվեստաբանական նյութի լեզու, եւ մեր օրերում քչերն են կարողանում այս երկուսի ոսկե միջինը գտնել եւ մտքերն ընթերցողին հասցնել: Մերօրյա «արվեստաբաններից» շատերը սիրում են վերլուծական նյութերը կառուցել պատմական ակնարկների, Սովետական ժամանակաշրջանի տերմինաբանությամբ եւ ժամանակավրեպ ընկալումներով, խրթին լեզվով: Շատ հաճախ այնպիսի տպավորություն է լինում, կարծես որեւէ լեզվից վատ թարգմանված հոդվածի հետ գործ ունես: Եթե արվեստաբանությունը չի իրացվում լրատվական դաշտում, ապա արվեստաբաններն` իրենք պետք է փնտրեն ընթերցողին մատչելի վերլուծություն փոխանցելու կոնցեպցիան:

Ս. Հարությունյանը կարծում է, որ Վարդան Ջալոյանի կամ Նազարեթ Կարոյանի նման արվեստի գիտակների խիստ պահանջարկը կա ինչպես` մամուլում, այնպես էլ` խիստ մասնագիտական` արվեստային ամսագրերում: «Մեր արվեստաբանների հիմնական բողոքն այն է, որ մամուլը մշակութային հոդվածներ չի սիրում եւ չի հրապարակում: Երկրորդ ցավալի երեւույթն այն է, որ արվեստաբանությամբ սկսել են զբաղվել որոշ լրագրողներ, որոնք արվեստ լուսաբանելով` դառնում են արվեստաբանների փոխարինողը: Շատ լուրջ խնդիր կա նաեւ արվեստաբան ինստիտուտի ձեւավորման հարցում, քանի որ մեզ մոտ նաեւ բացակայում է արվեստաբանությամբ գումար վաստակելու խնդիրը: Այս մրցույթի բուն գաղափարն այն է, որ պարզաբանենք` արդյո՞ք ունենք արվեստաբաններ, այնուհետեւ պետք է փորձենք արվեստաբաններին տալ հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան իրենց հոդվածները զետեղել, իսկ մամուլը կարողանա ընդունել այն: Երրորդ մրցանակը սահմանված է հրատարակչի համար` դա կլինի թերթ, ամսագիր կամ էլեկտրոնային լրատվամիջոց, որտեղ զետեղված է գլխավոր մրցանակ ստացողի հոդվածը: Այսինքն` մենք նպատակ ունենք նաեւ խրախուսել մամուլին, որը զետեղելով տվյալ հոդվածը` նախ խրախուսել է, որ արվեստաբանն իր գործն անի, եւ բացի դա` հոդվածը հասարակության համար հասու է դարձրել»,- ասում է Ս. Հարությունյանը: Ի դեպ, մրցույթին մասնակցելու պահանջներից մեկը, որքան էլ զարմանալի է, տարիքային սահմանափակումն է: Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան հեղինակները: Ս. Հարությունյանն այս սահմանափակումը բացատրում է հետեւյալ կերպ. «Մեզ հայտնի բոլոր արվեստաբանները ավագ սերնդից են, այսինքն` 35-ից բարձր: Խոսքը ուսանողների եւ հետուսանողական` անմիջապես բուհն ավարտած մարդկանց է վերաբերում, որովհետեւ նաեւ հետաքրքիր է, թե արդյոք նրանք կարողանո՞ւմ են հաստատվել արվեստաբանության ոլորտում, կամ բուհն ավարտելուց հետո զբաղվո՞ւմ են այդ մասնագիտությամբ, թե՞ հասկանալով, որ դա իրենց որեւէ բան չի տալու` սկսում են այլ գործով զբաղվել»: Ժամանակակից արվեստի վարչության պետն առհասարակ կարծում է, որ Հայաստանում ժամանակակից արվեստի դաշտը ձեւավորված չէ, քանի որ սահմանված չեն բոլոր այն ինստիտուցիոնալ կառույցների գործառույթները, որոնք գործում են այդ դաշտում: Ըստ նրա` ցանկացած արդյունավետ աշխատանքի ամենակարեւոր նախապայմանը գործառույթների հստակեցումն է: Այս մրցույթի կազմակերպմամբ փորձ է արվելու նախ արվեստաբանությունը որպես մասնագիտություն կարեւորել եւ արժեւորել: Ի վերջո, արվեստաբանները կարող են քննադատությամբ զտել դաշտը եւ այդ վերլուծություններով որակյալ դաշտ ստեղծել: