Պայքար անանուն շարժումների միջեւ

20/12/2011

Երեկ «Չենք լռելու» նախաձեռնությունը տարածել է մի հաղորդագրություն, որում, հղում անելով իր ունեցած տեղեկություններին, հայտնում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ոչ պաշտոնական հրամանով Երեւանում գտնվող կենտրոնական հավաքակայանում այս օրերին տարօրինակ երեւույթներ են կատարվում: Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների, երիտասարդները, որոնք ունեն սահմանափակ զինծառայության պիտանելիության աստիճան, որպես կանոն, ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Եթե ընդունենք, որ Արցախը լարվածության օջախն է, միանշանակ, այնտեղ պետք է ծառայություն կրեն առողջ զինվորներ: Բայց ստացվում է, որ, անհայտ պատճառներով, ԼՂՀ են հիմնականում ուղարկվում սահմանափակ պիտանելիություն ունեցողները: Չի՞ ստացվում արդյոք, որ միտումնավոր թուլացվում է մեր հայրենիքի պաշտպանունակությունը,- մտահոգություն է հայտնում «Չենք լռելու»-ն` ավելացնելով,- այդ «ներքին հրամանի» հարցով, միանշանակ, պետք է հետաքրքրվեն համապատասխան մարմինները, քանի որ սա կարելի է որակավորել որպես պետական հանցագործություն: Մենք ուրախ կլինենք, որ մեր ստացած տեղեկությունները չհիմնավորվեն, եւ հետամուտ կլինենք հավաքելու փաստացի տեղեկատվություն դրա վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների, ԳՇ պետի կողմից տրված է «ներքին» կարգադրություն, որ բանակ զորակոչեն անգամ հիվանդ երիտասարդներին, ինչը հանդիսացել է հակամարտության պատճառ նրա եւ կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահի միջեւ: Վերջինս մի քանի օր առաջ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Եթե այս տեղեկատվությունն, ըստ ԳՇ-ի, չի համապատասխանում իրականությանը, «Չենք լռելու»-ն խնդրում է իրազեկել հանրությանը սահմանափակ զինծառայությանը պիտանի երիտասարդների` ըստ Հայաստանի եւ Արցախի զորամասերի տեղաբաշխման տոկոսային պատկերին»: Մեկնաբանելով այս տեղեկությունը` պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը ասել է. «Ո՞վ է «Չենք լռելուն»: Արդյո՞ք որեւէ մեկը պատասխանատվություն է կրում նրա գործունեության համար: Դա ի՞նչ է, հասարակական կազմակերպությո՞ւն, լրատվամիջո՞ց, թե՞ մարդկանց խումբ: Եթե մարդկանց խումբ է, ապա ովքե՞ր են այդ մարդիկ: Գիտեք, կարելի է մինչեւ ինչ-որ պահ ստվերում մնալով հայտարարություններ տարածել, սակայն գալիս է պահ, երբ պետք է ինչ-որ մեկը պատասխանատվություն ստանձնի այդ գործունեության համար: Հակառակ դեպքում, կարելի է ստեղծել տասնյակ այդպիսի նախաձեռնություններ ու օրական տասնյակ հաղորդագրություններ ուղարկել բոլոր լրատվամիջոցների էլեկտրոնային փոստի հասցեներին: Քանի դեռ որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ պատասխանատվություն չի կրում այդ անդեմ նախաձեռնության գործունեության համար, զերծ կմնամ նրանց ինքնագովազդային առօրյա գործողությունները մեկնաբանելուց»: Ի դեպ, երեկ «Չենք լռելու» նախաձեռնության մասին հաղորդագրություն է տարածել նաեւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը` արձագանքելով նորահայտ «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյանի դեկտեմբերի 17-ի այն հայտարարությանը, թե «Չենք լռելու»-ի հետեւում կանգնած է Մայր Աթոռը: «Քաղաքացիական հասարակությունը եւ, առավել եւս, քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող զրպարտանքի վրա կառուցվել: Դատապարտում ենք այս նախաձեռնությունը, որի ղեկավարը, ուղղակի կեղծ եւ անհեթեթ վերագրումներ կատարելով, նպատակ է հետապնդում ստվերել Հայոց եկեղեցու եւ Ամենայն Հայոց Հայրապետի հեղինակությունը: Հորդորում ենք մեր հասարակությանը չտրվել միտումնավոր նման ապատեղեկատվության ազդեցությանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինն այլոց նման պետք չունի դիմելու նմանօրինակ միջոցների` արտահայտելու իր կեցվածքը մեր հասարակության կյանքն ալեկոծող տարբեր երեւույթների նկատմամբ»,- ասված է Մայր Աթոռի մամլո հաղորդագրության մեջ: Այս թեմային առնչվող մեկ այլ հաղորդագրություն էլ երեկ տարածել է «Միացյալ երիտասարդական լիգա» (ՄԵԼ) անվանումով կազմակերպությունը` «Ապագան մերն է», «Չենք լռելու» եւ մյուս երիտասարդական նախաձեռնություններին հրավիրելով կլոր սեղանի շուրջ: Շարժման նախաձեռնող Սեւակ Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ ասված է. «Այսօր մեր երկրում օրեցօր ավելանում են երիտասարդական շարժումները, նախաձեռնությունները, որոնք բարձրացնում են մի շարք խնդիրներ եւ դրանց լուծումները: Սա շատ լավ փաստ է, քանի որ ՀՀ-ում սկսել է ձեւավորվել քաղաքացիական հասարակություն: Սակայն որոշ երիտասարդական նախաձեռնություններ, փոխանակ պայքարեն երկրում առկա արատավոր երեւույթների դեմ, պայքարում են այլ նախաձեռնությունների դեմ, հալածում, սեւացնում: «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը կոչ է անում բոլոր երիտասարդներին, նախաձեռնություններին, զերծ մնալ նման դիրքորոշումներից եւ պայքարել ավելի լուրջ հիմնախնդիրների վերացման ուղղությամբ: Իսկ այն հարցը, թե որ նախաձեռնությունը ում կողմից է ֆինանսավորվում եւ հովանավորվում, կարելի է զետեղել երկրորդական հարցերի շարքերում: Բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար ՄԵԼ-ը հրավիրում է կլոր սեղանի շուրջ հանդիպում «Ապագան մերն է», «Չենք լռելու» եւ այլ երիտասարդական նախաձեռնություններին: Հենց այդ հանդիպման ժամանակ կարելի է ստանալ հարցերի պատասխաններ, ոչ թե ցույցերի ճանապարհով: Եկեք խոհեմ գտնվենք եւ մեր երկրում ստեղծված օրհասական վիճակը ավելի չխորացնենք: Այսօր երիտասարդությունը պետք է միասնական պայքարի արատավոր երեւույթների դեմ, այլ ոչ թե պայքար սկսի այս կամ այն նախաձեռնության դեմ»: