Շուշան Պետրոսյանը Ամանորը պատրաստվում է դիմավորել Ավստրալիայում: Երգչուհին Երեւանից կմեկնի դեկտեմբերի վերջին` երեխաների հետ: «Մայրիկիս մոտ ես ինձ շատ լավ եմ զգում. այնտեղ ամառ է, տաք: Անցնող տարին ինձ համար շատ զբաղված էր, եւ նոր տարին լիարժեք սկսելու համար ես իսկապես հանգստի կարիք ունեմ»,- bravo.am-ին ասել է երգչուհին: Շուշանը պատմել է` սիրում է Նոր տարին իր տանը նշել, բայց եղել են դեպքեր, որ արտասահմանում է անցկացրել, իսկ նման դեպքերում կարեւորում է այն, որ տան սովորույթները չմոռացվեն. «Դեկտեմբերի 31-ին անպայման ընտանիքով եկեղեցի ենք գնում: Բոլոր գործերը վերջացնում եմ ամսի 30-ին, իսկ 31-ին միայն սեղանն եմ ձեւավորում»,- ասել է նա: Շուշան Պետրոսյանի ամանորյա սեղանին, ինչպես ինքն է ասում, ամեն տարի ինչ-որ նոր բան է լինում, բայց կան ուտեստներ, որոնք երգչուհու հյուրերն ու ընտանիքը «պարտադրում» են։ «Ամանորին այնքան շատ է լինում ամեն բան, որ ես միշտ երազում եմ պարզ թեյի մասին»: Երգչուհին արդեն նվեր է պատրաստել մայրիկի համար, ընկերուհիների նվերներն էլ վաղուց է գնել. «Ուզում եմ` իմ մեկնելուց հետո ամուսինս բոլորին հերթով հանձնի»,- ասել է նա: Վիշապի տարվա համար եւս երգչուհին մի շարք երազանքներ ունի. «Սիրելիներս հոգս չունենան, խաղաղություն լինի, ես էլ աշխատանքային լեցուն տարի ունենամ, լավ փորձություններով լի տարի լինի»: