Ինչո՞ւ չենք գնահատում մեր մեծերին

23/11/2005 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Մտավորականների առաջարկով այգում կհիմնվի հուշապատ, որտեղ կզետեղվեն հայ ժողովրդի օտար ազգի բարեկամների անունները։ Կառուցվելիք եւս մի հուշապատ կծառայի ոչ ավանդական հուղարկավորությունների համար. պատի մեջ՝ խորշերում կտեղադրվեն աճյունասափորներ, որոնք կծածկվեն քանդակազարդ քարերով։

Պանթեոնի բարեկարգումը սկսվել է այս տարվա հունիսի 25-ից եւ կավարտվի դեկտեմբերին: Պետբյուջեից դրա համար հատկացվել է 134 մլն դրամ։ Տարածքը կընդարձակվի մինչեւ 1100 քմ, կբացվեն մուտքեր՝ մարդկանց եւ ավտոմեքենաների համար, կտեղադրվեն նստարաններ եւ աղբամաններ, կապահովվի գիշերային լուսավորություն։

Օրեր առաջ Երեւանի մի քանի դպրոցների աշակերտներից փորձեցի ճշտել՝ գիտե՞ն արդյոք, թե, օրինակ, որտեղ է հանգչում Ալեքսանդր Թամանյանը, Մարտիրոս Սարյանը, Խնկո Ապերը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Հովհաննես Աբելյանը, Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը…

Ցավոք, Պանթեոնի գտնվելու ճիշտ վայրը միայն աշակերտների մի փոքր մասը գիտեր, մեծամասնությունն արդարանում էր, որ երբեւէ չի լսել Կոմիտասի անվան պանթեոնի մասին։ Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, եւ մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության համապատասխան ծառայությունների բաժինները։ Օրինակ, Ռուսաստանում, դպրոցական տետրերի եւ օրագրերի կազմերի վրա անգամ պատկերված են ռուսազգի մեծերի դիմանկարները, Ռուսաստանի հիմնը, իսկ մեր շուկաներում վաճառվող տետրերի կազմերին էժանագին սերիալների հերոսների պատկերներն են: Հայերս մեր մեծերի անուններով քյաբաբ-խորովածանոցներ ու ավտոպահեստամասերի խանութներ ենք բացում:

Մեր ազգի մեծերի շիրիմները նույնքան թանկ ու նվիրական պետք է լինեն, որքան նրանց ստեղծագործությունները։ Յուրաքանչյուր ժողովրդի բարոյական նկարագրի մասին կարելի է կարծիք կազմել նաեւ այն բանով, թե ինչպես է վերաբերվում այդ ժողովուրդն իր մեծերի շիրիմներին։ Աշխարհի շատ ու շատ քաղաքներում տեղացիներն իրենց երկիր հյուր եկած օտարերկրացիներին հպարտությամբ ցույց տալով քաղաքի տեսարժան վայրերը, պատմական ու ճարտարապետական կոթողները, անպայման ցույց են տալիս նաեւ իրենց մեծերի շիրիմները՝ դրանք նույնպես համարելով ազգային անանց արժեքներ։