Գեղազարդ բուժարարը
Ծփի, թեղի, կնձնի` Ulmus: Թեղազգիների ընտանիքի ծառ է, տարբերում են մոտ 40 տեսակներ։ Ծփիները երկիր մոլորակի հնագույն բույսերից են, հազվադեպ են ստվար անտառ կազմում, հանդիպում են խառը անտառներում, սոճուտների հարավային սահմաններին։ Կախված արտաքին պայմաններից` կարող է ունենալ 20-40 մ բարձրություն եւ մինչեւ 2 մ բնի տրամագիծ, երբեմն աճում է թփի տեսքով։ Պահանջկոտ չէ հողի հանդեպ, ստվերադիմացկուն է, լավ լուսավորության եւ չափավոր խոնավության դեպքում արագ է աճում, ցրտադիմացկուն է։
Սաղարթը գլանաձեւ` վերեւում կլոր կամ գնդաձեւ է, կեղեւը մոխրա կամ կարմրագորշավուն, մատղաշ ճյուղերինը` հարթ, բնինը` հաստ եւ ճաքճքած, կեղեւը երբեմն ունենում է խցանային ելուստներ (U.suberosa)։ Արմատները հիմնականում կողային են, հողի բարակ շերտի դեպքում առաջանում է մակերեսային արմատ։
Բողբոջները նստադիր են, 2-8 սմ երկարությամբ, օվալաձեւ` սուր կամ կլորավուն, թավոտ կամ հարթ թեփուկներով։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին։ Ծաղիկները փոքր են, հավաքված փնջերով, երկսեռ, ծաղկակիցը զանգակաձեւ` մինչեւ 8 առէջքներով, փոշոտումը կատարվում է քամու միջոցով։ Մեղուները վերցնում են բույսից ծաղկափոշի, հյութ, ակնամոմի հումք։
Ծփու տեսակների մեծամասնության մոտ տերեւի բողբոջը բացվում է ծաղկելուց հետո։
Տերեւը կարճակոթուն է, ամբողջական, հազվադեպ` վերին մասում բլթակավոր, հիմքում ոչ համաչափ, չափերը տատանվում են` 4-15 սմ երկարությամբ եւ 2-7 սմ լայնությամբ։ Տերեւի զարգացումը սկսվում է թեւապտուղների դեղնելուց հետո, նույնիսկ նույն ճյուղի վրա կարող են միաժամանակ գտնվել չափով եւ ձեւով տարբերվող տերեւներ, այդ պատճառով ծաղկումից մինչեւ պտուղների հասունացման շրջանը ծփին ունի գեղարվեստական զարդագիր տեսք։ Վաղ աշնանը բույսը տերեւաթափ է լինում։ Սերմը ոսպիկ է` նստած կլորավուն կամ ձվաձեւ թեւպտղիկի կենտրոնում։ Պտուղները հասունանում են ապրիլ-մայիսին։
Բազմանում է գետնին թափված սերմերի միջոցով, արմատային կոճղային ծիլերով։ Սերմը շատ արագ է ծիլ տալիս, ապրում է մինչեւ 300 տարի։
Բույսի հայրենիքը Միջին եւ Հարավ-Արեւելյան Եվրոպան է, ՀՀ բնական պայմաններում հանդիպում են Ծփի էլիպսաձեւը, խցանայինը եւ տերեւաշատը (U.foliacea), արհեստական տնկարկներում (Եվրասիայում մեծ տարածում ունեցող)` ծփի հարթը (U. laevis)։ Ծփու բնափայտը շատ ամուր է։ Ծփին հնագույն ժամանակներից կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ, ունի ցավամոքիչ, խորխաբեր, հականեխիչ, հակաբորբոքային հատկություններ։
Ա. Ամասիացին խորհուրդ է տվել. «Եթե այս ծառի արմատից մի կտոր գցեն կրակի մեջ, կրակի դուրս մնացած մասից հյութ կհոսի։ Այդ հյութը թող լցնեն հիվանդության հետեւանքով խլացած մարդու ականջը, լսողությունը կվերականգնվի»։
Ռեւմատիզմի դեպքում. 4 ճ/գ մատղաշ տերեւը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 200 մլ եռջրում, հովանալուց հետո քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Ստամոքսի 12-մատնյա աղիի խոցի դեպքում. Եփեք 1 ճ/գ կեղեւը 0,5 լ եռջրում վերը նշված ձեւով։ Ընդունեք 1/4-ական բաժակ, օրը 4 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
Աղիքային եւ երիկամային ծակոցի դեպքում. Ալյուրատիպ փոշիացրած կեղեւը խմեք մի փոքր ջրով, սնվելուց 20 րոպե առաջ։
Ստոմատիտի դեպքում. Պատրաստեք եփուկ. 1 թ/գ չոր կեղեւը (1ճ/գ թարմ) եփեք 200 մլ եռջրում, եփեք 10-15 րոպե, թրմեք 1 ժամ։ Քամեք։ Կատարեք ողողում գոլ թուրմով։
Այրվածքի, դժվար ապաքինվող վերքերի համար. 20 գ մանրացրած ալյուրատիպ կեղեւին ավելացրեք 0,5 լ եռջուր, պահեք մարմանդ կրակի վրա, մինչեւ մնա հեղուկի կեսը, հովացրեք, քամեք։ Եփուկով լվացեք վերքը եւ դրեք թրջոցներ վնասված հատվածին։
Թեթեւ կտրվածքների դեպքում. Լավ տրորեք թարմ տերեւները կամ մատղաշ տերեւը, ամրացրեք ցավոտ մասին։ Վիրակապը փոխեք օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան։ Շարունակեք մինչեւ ապաքինվելը։
Պլեւրիտի դեպքում. 2 ճ/գ մանրացրած կեղեւը եփեք 400 մլ եռջրում` մինչեւ եռալը։ Ընդունեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։ Թեթեւացնում է վիճակը։
Լոգանք` ինֆեկցիոն բնույթի ցանի, չիբանի դեպքում. 300 գ մանրացրած կեղեւին ավելացրեք 2 լ եռջուր, պահեք 30 րոպե մարմանդ կրակի վրա։ Թրմեք 1 ժամ, քամեք եւ լցրեք լոգարանի մեջ (37 աստիճան C)։ Օրվա մեջ լոգանք ընդունեք այդ թուրմով։ Ընդհանուր թվով` 12 լոգանք` 12 օրվա մեջ։