Մեր տեղեկություններով` Երեւանում գտնվող «Ջոս» («Jose») ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանը ցանկանում է 12 մլն դոլարով վաճառել համալիրը: Հիշեցնենք, որ վերջինս Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի այն սանիկն է, ով իր կնքահորը «Բենթլի» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա էր նվիրել: Իհարկե, օրերս Կճոյանը, կամ, ինչպես ֆեյսբուքահայությունն է նրան կոչում` «Բենթլի Սամոն», մամուլում հերքել էր տեղեկությունը, թե հովանավորում է Մ. Ավետիսյանին, ավելացնելով, որ ինքը ոչ թե վերջինիս, այլ նրա երեխայի քավորն է: Հիշեցնենք, որ, ըստ ԶԼՄ-ների` Մ. Ավետիսյանը 12մլն դոլարով «քցել» է ՌԴ-ում գործող «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսֆյանին, ով բավական լուրջ անձնավորություն է Ռուսաստանում: Հարուցված քրեական գործը քննել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն Կճոյանի սանիկին այնքան լուրջ աջակցություն է ցուցաբերվել վերեւներից, որ գործը «ջրել» են: Ըստ ԶԼՄ-ների` Մ. Ավետիսյանը տարիներ շարունակ գործունեություն է ծավալում Նավասարդ Կճոյանի բարձր հովանու ներքո, իսկ Կճոյանն էլ հովանավորվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Ի դեպ, այս եռյակի ֆինանսական մութ գործարքների մասին «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթում նամակով պատմել է «Ռենովայի» տնօրեն Գ. Իոսիֆյանը: Նամակում նշվում էր, որ 2008թ. Մ. Ավետիսյանը հանդիպում է կազմակերպել ղազախական ԲՏԱ բանկի տնօրեն Ռոման Սոլոդչենկոյի եւ Նավասարդ Կճոյանի միջեւ, որպեսզի թեմի առաջնորդը հաստատի, որ ՀՀ Կենտրոնական բանկը տարեկան 1 մլն ԱՄՆ դոլար է պահանջում ԲՏԱ-ի հայաստանյան մասնաճյուղից` որպես բանկի լոյալության ընդունման վճար: Փողերը, ըստ նամակագրի` ինչպես Կճոյանն է ասել` պետք է ուղղվեին Սերժ Սարգսյանի նախընտրական ֆոնդին` քարոզարշավ իրականացնելու համար: Այս եռյակը` Մ. Ավետիսյան, Ն. Կճոյան եւ Տ. Սարգսյան, փաստորեն, օգտագործել է Սերժ Սարգսյանի անունը: Իսկ ֆինանսական այդ մութ սխեմաները նրանք իրականացրել են մասնավորապես ՀՀ վարչապետ, այն ժամանակ` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով: Հարուցված քրեական գործն այժմ փակուղում է: Ինքը` Կճոյանը, ով ոչ միայն «Jose»-ի մշտական այցելուներից է, երեկոյան ժամերին հաճախ է այնտեղ կերուխումեր-հանդիպումներ անցկացնում, այլեւ, ըստ որոշ ԶԼՄ-ների` մասնաբաժին ունի, անդրադառնալով Մ. Ավետիսյանի` գումար յուրացնելու եւ անպատիժ մնալու տեղեկությանը, news.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` ասել էր, թե այդ հարցով ճիշտ կլինի դիմել հենց նրան: «Ես իր գործունեության հետ ընդհանրապես կապ չունեմ, դրանք ինձ չեն վերաբերում: Իսկ իմ մասով ինչ գրած է մամուլում, դա դեդեկտիվ է»,- ասել էր «Բենթլի Սամոն»: