«ԲՀԿ-ում «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի հայտարարության հետ կապված որեւէ քննարկում չի եղել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը: Հիշեցնենք, որ Ա.Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, որ եթե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում չպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինքը դուրս կգա կուսակցությունից: Բ.Մհերյանի խոսքերով` այդ մասին խոսակցություն չի եղել նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետեւ նա Հայաստանում չէ: Մեր տեղեկություններով` այդ հայտարարությունից հետո ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է Ա.Հարությունյանին եւ պարզաբանում է պահանջել: Ա.Հարությունյանն էլ իբրեւ թե զարմանալով` մոտավորապես պատասխանել է, թե իր մտքով երբեք չի անցել, որ ԲՀԿ-ն Ս.Սարգսյանին չի պաշտպանի: Քաղաքական շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն` Ա.Հարությունյանի միջոցով իշխանությունները փորձում են ճնշել ԲՀԿ-ին` Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում պաշտպանելու մասին հայտարարություն ստանալու նպատակով: Խոսակցություններ կան, որ այդ ճնշումները շարունակվելու են ձերբակալությունների, հայտարարությունների, ստուգումների, ընդհուպ` մինչեւ ԲՀԿ-ից գործարարների դուրս գալու տարբերակներով: