Անկարողների կյանքից

17/12/2011

Պետք չէ մտածել, թե ՀՀ կառավարությունը սոցիալական խնդիրները չի լուծում, որովհետեւ չի ցանկանում: Երեկ նման հայտարարություն է արել ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: «Ինչ-որ մեկը մեզ հարցնո՞ւմ է, թե ինչու աշխատավարձը միանգամից 10.000 դոլար չեք դարձնում: Անում ենք այն, ինչ կարողանում ենք»,- ասել է նա: Շատ ազնիվ մարդ է պարոն Այվազյանը: Մինչ կառավարության անդամներն ու իշխանական մյուս գործիչները Հայաստանի տնտեսության ներկայիս խայտառակ վիճակի համար զանազան արդարացումներ են գտնում, մարդն ազնվորեն հայտարարում է` «մեզանից ի՞նչ եք ուզում, ինչքան կարողանում ենք` այնքան ենք անում»: Այսինքն` իշխող կուսակցության ոչ շարքային այս ներկայացուցիչը խոստովանում է սեփական թիմի անկարողությունը: Ընդ որում, կոնկրետ Վարդան Այվազյանի դեպքում իրավիճակի նրբությունն այն է, որ նա այս հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, արել է ստիպողաբար, սակայն, քանի որ իրականում մտածում է հակառակը` անհարմար բան է ստացվել: Բանն այն է, որ անցած շաբաթ Այվազյանը «ձեռնպահ» էր քվեարկել 2012 թվականի պետական բյուջեի նախագծին` վտանգելով արդյունքում 66 ձայնով «անցած» բյուջեի ճակատագիրը: Իհարկե, հենց հաջորդ օրը նա շտապեց (կամ շտապեցրին) հայտարարել, որ սխալմամբ է մատը դիպել «ձեռնպահ»-ի կոճակին, եւ ինքը, բնականաբար, պետք է «դեմ» քվեարկեր: Ամենայն հավանականությամբ այս արդարացումը իշխանական վերնախավում բավարար չի համարվել, եւ նրան հանձնարարվել է նաեւ «գովերգել» կառավարությանը, որին Այվազյանը խստորեն քննադատում է «աչքից հեռու» բոլոր հնարավոր վայրերում: Վերջինիս մոտ էլ երեւի ներանձնային կոնֆլիկտ է առաջացել, եւ որպես գովեստի խոսքեր` ասել է. «ինչքան կարում ենք` էնքան ենք անում»: Խնդիրը պարզապես այն է, որ նորմալ երկրներում նման դեպքերում ոչ թե մուննաթ են գալիս, այլ գոնե ներողություն են խնդրում եւ իշխանությունը զիջում են նրանց, ովքեր կարողանում են: