Բացառված չէ, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին առաջարկի միասին ցուցակ կազմել

17/12/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պատահակա՞ն եք համարում ԲՀԿ անդամ, «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի այն հայտարարությունը, որ եթե ԲՀԿ-ն դեմ գնա Սերժ Սարգսյանին, ինքը կուսակցությունից դուրս կգա: Միգուցե Ա.Հարությունյանն իշխանությունների դրդմա՞մբ է նման հայտարարություն արել:

– Բոլորը, ովքեր վարկանիշային առումով կարծես թե վատը չեն, նրանց նկատմամբ առաջանում են նման բաներ: Ես իրավունք չունեմ ու չեմ էլ կարող որեւէ բան բացառել: Այդուհանդերձ, այդ հայտարարության մեջ չեմ ուզում տեսնել քաղաքական ենթատեքստեր: Բոլոր դեպքերում ես չէի ուզենա, որ մեր քաղաքական ուժերը նման ճանապարհով քայլեր կատարեին:

– Դուք որպես ԲՀԿ քաղխորհրդի անդամ` ինչպե՞ս եք գնահատում Ա.Հարությունյանի այդ հայտարարությունը:

– Անձամբ ես թույլ չէի տա, որ ինձ նման հարցեր տային: Իսկ եթե հանկարծակի տային` ես պարզապես նման հարցի չէի պատասխանի:

– ԲՀԿ-ում այդ հայտարարության հետ կապված դժգոհություններ կա՞ն:

– Չեմ հետաքրքրվել, բայց բոլոր դեպքերում` ամենատարբեր մեկնաբանություններ կլինեն:

– Իսկ Ձեր կուսակցությունում Ա.Հարությունյանի նման շատե՞րն են մտածում, որ նախագահական ընտրություններում պետք է անպայման պաշտպանեք Ս.Սարգսյանին, հակառակ դեպքում դուրս կգան կուսակցությունից:

– Ես գիտեմ, որ մենք կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժ ենք, եւ ես հասկանում եմ, որ այս պահի դրությամբ դա գտնվում է ուժի մեջ: Ու դրա հետ կապված այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ: Մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը: Սա է իրողությունը:

– Այդ փաստաթղթից ելնելով` կարելի՞ է միանշանակ ասել, որ ԲՀԿ-ն 2013թ. Ս.Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանելու:

– Ես այդպես եմ մտածում:

– Այսինքն, բացառվո՞ւմ է, որ ԲՀԿ-ն նախագահի այլ թեկնածու ունենա:

– Ես ինչպես կարող եմ ինչ-որ բան բացառել: Ինքս անձամբ որպես անհատ ոչ կարող եմ, ոչ էլ իրավունք ունեմ այլ բան ասել: Ես հասկանում եմ այսպես` մենք ստորագրել ենք համապատասխան փաստաթուղթ, եւ անկախ այն հանգամանքից, թե որքան է դրա իրավական ուժը, այն դեռ ուժի մեջ է:

– Փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հայտարարությունը քաղաքական նշանակություն ունի, իրավական ուժ չունի:

– Անկախ այդ հանգամանքից` ես հասկանում եմ, որ այդտեղ, փաստորեն, մեր համաձայնությունն է ամրագրված:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն մինչեւ ընտրությունները որոշի ետ կանգնել այդ հուշագրից:

– Հնարավո՞ր է, որ այս կյանքում մոլորակի վրա երկրաշարժ չլինի: Ինձանից անկախ երեւույթների մասին ոչ մի դեպքում չեմ կարող վերջնական պատասխան տալ:

– ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող վերջին դեպքերը` ձերբակալությունները, ստուգումները եւ նման հայտարարությունները, ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով մասնակցելու խոսակցությունների հետ կապ ունե՞ն:

– Գոնե ինձ հետ այս պահին դրա հետ կապված որեւէ մեկը չի զրուցել, ինքս էլ չեմ հետաքրքրվել: Եվ չեմ կարող հստակ ասել, թե դա ինչ նպատակով է կատարվում:

– Քաղաքական շրջանակներում սկսել են խոսել այն մասին, թե ԲՀԿ-ում շատ են թմրամոլները: ՈՒ Գ.Ծառուկյանն այդ հանգամանքը նկատի ունենալով` կտրուկ քայլեր կամ հայտարարություններ չի անում:

– Մամուլում նման կարծիքներ գրվեցին: Ինձ թվում է, որ մարդկանց համար մեծ դժվարություն չկա` հասկանալ, թե իսկապե՞ս ԲՀԿ-ում թմրամոլներ կան: Առաջին հերթին թող գնան իրենց մասին մտածեն: Համոզված եմ, որ ի դեմս Գագիկ Ծառուկյանի` ես ճանաչում եմ լուրջ մարդու, ով անլուրջ հարցերի մասին երբեք չի բարձրաձայնում:

– Կոալիցիոն հայտարարության մեջ, որին դուք հղում եք անում, 2013թ. գործող նախագահին պաշտպանելու մասին պայման կա, բայց կա նաեւ խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն հարաբերակցությունը պահպանելու մասին պայման: Իսկ երկրորդ պայմանը չի՞ հակասում Գ.Ծառուկյանի «50+1» հայտարարությանը:

– Համամասնության մասին ինչպե՞ս կարող է քաղաքական որեւէ ուժ խոսել, եթե այդ համամասնության վերջնական վիճակն ուղղակիորեն պայմանավորված է բնակչության, ընտրողների քվեներով: Ինչպե՞ս կարող ենք մենք որեւէ համամասնության մասին խոսել:

– Այդ դեպքում ինչպե՞ս ստորագրվեց այդ հայտարարությունը:

– Այդպես կազմվել է, երեւի թե ուշադրությունից վրիպել է: Գոնե այդ մի բառը:

– Ամեն դեպքում ԲՀԿ-ի «50+1»-ը. կամ առավելագույնին հասնելու մասին հայտարարություններն ուժի մե՞ջ են:

– Քաղաքական ուժը քաղաքական ուժ է այնքանով, որքանով ինքը ձգտում է ունենալ ավելի մեծ էլեկտորատ, ավելի շատ ձայներ: Բայց որեւէ քաղաքական ուժ երբեւիցե կանխավ ի զորու չէ հստակ ու վերջնական ասել, թե որքան ձայներ կունենա: Ախր Ծառուկյանը ժամանակին ոչ թե ասել է, որ մենք կունենանք 50+1: Ինչպես եք դեֆորմացրել այդ հայտարարությունը: Ես լավ հիշում եմ, Ծառուկյանը ասել է, որ ամբողջ պատասխանատվությունը միայն այն ժամանակ կարող ենք մեր վրա կրել, երբ ունենք 50+1 ձայներ:

– Անցած տարի հոկտեմբերին ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ս.Բալասանյանի ընտրության օրը Գ.Ծառուկյանը հայտարարել է. «Այսօր մենք պայքարում ենք, որ մեծ լինենք, որ մենք կարողանանք ունենալ 50+1, որ մեր որոշումները, մեր ծրագրերն իրականացնենք եւ կարողանանք, ոնց որ մեր խոսքը գործ է, այդ քայլով էլ շարժվենք: Մնացածը` ով ինչ կասի, ինչ չի ասի, դրանք հեքիաթներ են, մարդիկ տանը քնած են լինում, երազ են տեսնում, առավոտ հելնում, խոսում են: Մենք աշխատում ենք, աշխատելու ենք, որ կարողանանք ունենալ 50+1»:

– Ես էլ ասում եմ, թե մենք ձգտելու ենք ավելիին: Անհամեստությո՞ւն է ձգտելը:

– Իհա՛րկե ոչ: Պարզապես դա հակասում է կոալիցիոն հուշագրում շեշտված հարաբերակցությունը պահպանելու պայմանին:

– Բոլոր դեպքերում մենք հասարակ մահկանացուներ ենք, եւ մարդը կարող է որոշակի վրիպումներ թույլ տալ:

– Նաեւ ա՞յդ կարգի մարդիկ` երեք կուսակցությունների առաջնորդները: Նրանցից մեկը ՀՀ նախագահն է, մյուսը` ԱԱԽ քարտուղարը, Գագիկ Ծառուկյանն էլ պատգամավոր եւ խոշոր գործարար է:

– Ավելի լավ է նրանց հարցնես այդ մասին:

– Պարոն Բոստանջյան, առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ն ձգտում է ավելացնե՞լ իր ձայների քանակը, թե՞ հավատարիմ է մնալու կոալիցիոն հուշագրին: Դրանք հակասում են միմյանց:

– Չեն հակասում: Քաղաքական ուժը ձգտում է մաքսիմալի, եւ, որպես հուշագիր ստորագրած կուսակցություն, ունենք պարտավորություններ` ընտրություններին միմյանց նկատմամբ չկիրառել անթույլատրելի մոտեցումներ:

– Այսինքն` միմյանց հաշվին չավելացնել հարաբերակցությունը:

– Մի ասա` հարաբերակցություն:

– Բայց կոալիցիոն հայտարարության մեջ է այդպես գրված:

– Ասա` միմյանց հաշվին չուզենալ ավելի գերակա ներկայանալ:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք կոալիցիոն կուսակցություններով ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելը:

– Եթե միասնական ցուցակը իմ երկրին, մեզ բոլորիս բերելու է կայունություն, հանդարտություն, հանդուրժողականություն, թող լինի: Դա ինքնանպատակ մի երեւույթ չէ, երկրի բարեկեցության, կայունության, անվտանգության համար ցանկացած մոտեցում արդարացի կլինի:

– Կարծիքներ են հնչում, թե իշխանությունները փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ԲՀԿ-ն ու Գ.Ծառուկյանն իրենք ստիպված Ս.Սարգսյանին առաջարկեն ԱԺ ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:

– Ես պարզապես նման հարցերին միշտ այսպես եմ պատասխանում` ոչ մի բան բացառված չէ: